Սահմանին խնձորը փչանում է, իսկ կառավարությունը քնած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչները երեկ փակել էին Վանաձոր-Երեւան ճանապարհը: Դժգոհող բնակիչների խոսքերով` իրենք չեն կարողանում իրենց պահեստավորած խնձորը արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Իսկ հայկական խնձորով բեռնված 12 մեքենաները արդեն մի քանի օր է` ինչ սահմանին կանգնած են: Բանն այն է, որ ռուսական կողմը հրաժարվում է թույլատրել հայկական խնձորի անցումը` պատճառաբանելով, որ այն հայկական չէ: Օհանավանացիների պատմելով` ռուսական կողմի ներկայացուցիչները անգամ կասկածել են, որ իրենք կարող էին այդքան խնձոր ունենալ:
Խնդրին միջամտել է նաեւ ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ով հանդիպելով գյուղացիների հետ` խնդրել է բացել ճանապարհը: Ապա խոստացել է խնդրի լուծմամբ զբաղվել: Բնականաբար հավատալով մարզպետի տված խոստումներին` գյուղացիները բացել են ճանապարհը:

Ըստ դժգոհող գյուղացիների` մարզպետը այս հարցով դիմել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին, ով եւս իր հերթին խոստացել է բանակցել ռուսական կողմի հետ: Թե ինչ արդյունքներ կտան վարչապետի բանակցությունները, ժամանակը ցույց կտա: Բայց նկատենք, որ այս ընթացքում սահմանին օրերով կանգնած, բեռնված մեքենաների հայկական խնձորները փչանում են, ինչն էլ հսկայական վնասներ կհասցնի գյուղացուն: Ինչից հետո, բնականաբար, կառավարությունը դարձյալ նրան կթողնի միայնակ: Երեկվա դրությամբ օհանավանցիների բողոքի ակցիայի վերաբերյալ ծպտուն չհանեցին ո՛չ գյուղատնտեսության եւ ո՛չ էլ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունները: Հավանաբար երկրի տնտեսության զարգացման համար ավելի կարեւոր գործերով էին զբաղված:

Մյուս կողմից` գյուղմթերքի մթերմամբ եւ արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը նման պատմությունների մեջ չի ընկնում: Բայց ընկնելուն պես գյուղատնտեսության նախարարությունը հաստատ ընկերության կողքին կանգնած է լինելու:

Բայց ՌԴ-ի` նման վերաբերմունքը պատահական չէ. Ռուսաստանի` Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների ժամանակ որոշ հայ գործարարներ թուրքական ծագման լոլիկը, պղպեղը հայկականի անվան տակ արտահանեցին ՌԴ: Պատահական չէ, որ հայկական լոլիկի արտահանման ծավալները կարճ ժամանակում այդպիսի ահռելի աճ գրանցած լինեին մի իրավիճակում, երբ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում լուրջ փոփոխություններ չէին եղել: Դրանից հետո ռուսական կողմի վստահությունը կորավ: Այնպես որ, հիմա նրանք փորձում են նաեւ խնձորի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս