Ապրիլին եթերում կլինի հեռուստադիտողներից շատերի կողմից սիրված «Ազիզյաններ» սիթքոմի նոր եթերաշրջանը։ Հումորային սերիալի դերասանուհի Անի Լուպեն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ հեռուստադիտողներին սպասվում են սցենարային թեժ զարգացումներ, սակայն իր կերպարը առանձնակի փոփոխություններ չի կրի, նրա կենսակերպը կմնա նույնը։ Ինչ վերաբերում է դերասանական կազմին, ապա դերասաններից ոչ ոք չի պակասի, փոխարենը կավելանան նոր կերպարներ: Այլ մանրամասներ դերասանուհին դեռեւս չհայտնեց:
Հարցին, թե արդյո՞ք սա «Ազիզյաններ» սիթքոմի վերջին եթերաշրջանն է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում»:
Վերջերս Երեւանի կամերային թատրոնում տեղի ունեցավ Անի Լուպեի մասնակցությամբ «Կաբարե ռեստարտ» ներկայացման պրեմիերան: Այն Արա Երնջակյանի «Կաբարե» ներկայացման նորացված տարբերակն է: Բեմադրիչը Լուսինե Երնջակյանն է. «Սա արդեն արդիականացված, ժամանակին համահունչ ներկայացում է, որտեղ ընդգրկված են նախկինից շատ դերասաններ»,-ասաց Անի Լուպեն:
Բացի այդ` Կամերային թատրոնում շուտով կներկայացվի Արշալույս Հարությունյանի «Սեւ արկղ» ներկայացումը, որտեղ եւս Անի Լուպեն ընդգրկված է. «Այս ներկայացումը մատուցման տեսանկյունից, նաեւ ռեժիսորական մտահղացումների առումով նորություն կլինի հայ հանդիսատեսի համար: Սա, կարելի է ասել, ֆիլմ-ներկայացում է, որի ընթացում հանդիսատեսն ականատես կլինի էկրանային էֆեկտների: Ես մարմնավորում եմ մի կնոջ, որը նոր է ընտանիք կազմել, իր տեսակով ազնիվ է, հավատարիմ, սիրային կապերի մեջ վստահող, հավատացող: Վերջում, սակայն, սիրուն եւ ընտանիքին առնչվող այդ կնոջ մոտեցումները կտրականապես փոխվում են»,-մանրամասնեց Անին:
Ի դեպ, մեր զրուցակիցը հանդես է գալիս նաեւ որպես երգչուհի` նախընտրությունը տալով պորտուգալական երգերին: Նա տեղեկացրեց, որ մտադիր է սեպտեմբերին նկարահանել իր առաջին տեսահոլովակը. «Երգը կլինի հայերեն: Ես կոմերցիոն գործ չեմ ներկայացնի, այլ այն, ինչ հոգեհարազատ է ինձ»,-եզրափակեց Անին:
Անի Անտոնյան