Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդու Համլետ Ներսիսյանի գլխավորությամբ ինքնիրավչության հատկանիշներով հարուցված գործով առերեսումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս առերեսվել են գործով տուժող Ռաֆայել Մխիթարյանը եւ գործով վկա Յուրիկ Մինասյանի գազալցակայանի աշխատակիցները, որոնք տեսել են, թե ինչպես են տուժածին փորձում ստիպողաբար նստեցնել մեքենա եւ տանել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռ. Մխիթարյանը հայտնեց, որ վկաները այնպիսի ցուցմունքներ են տալիս, որ իրենք շատ քիչ բան են տեսել. «Այսինքն` մարդիկ վախենում են որեւէ բան ասել իրենց տեսածի մասին եւ ամեն ինչ տանում են նրան, որ գործով հիմնական դերակատար Համլետ Ներսիսյանին այս պատմությունից մաքրեն: Ես նամակով արդեն դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազի եւ խնդրել եմ, որ գործը քննվի ՀՔԾ-ում, քանի որ իրավապահները նախ պետք է ստուգեն, թե այս դեպքի հետ ինչ կապ ունի Համլետ Ներսիսյանի հարազատ եղբայրը՝ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը»: