Արդարադատության նախարարությունը թաղային խուժանին թողած` ընկել են օրենքի փոփոխության հետևից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել էր դատախազության ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ:

Մասնավորապես Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով օրենքի փոփոխության անհրաժեշտությանը, նշել էր. «Դրանք հնարավորություն չեն ընձեռում պայքար վարել հատկապես այն դեպքերում, երբ դա զուգակցվում է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ»,-ասել էր նա:

Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ չորսհարյուրապատիկի չափով: Ըստ նույն հոդվածի երկրորդ մասի` եթե նույն արարքները կատարել է պաշտոնատար անձը` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ապա առավելագույն պատիժը կարող է լինել երեք տարի ազատազրկումը: Եվ, վերջապես, նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ «առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»: Հիմա փոխվելու է քրեական օրենսգրքի 164 հոդվածի երրորդ մասը, քանի որ գործող կարգի համաձայն` մինչեւ յոթ տարի ազատազրկումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ 164-րդ հոդվածի առաջին ու երկրորդ մասերով նախատեսված արարքները կատարվել են միաժամանակ: Նախարարությունն առաջարկում է սահմանազատել պաշտոնյայի եւ ոչ պաշտոնյայի կողմից կատարված հանցանքը: Այսինքն` եթե տվյալ անձը խոչընդոտել է լրագրողի օրինական գործունեությանը՝ լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, եւ չի հանդիսանում պաշտոնատար անձ, միեւնույն է՝ նա նույնպես կարող է ազատազրկվել մինչեւ յոթ տարի ժամկետով:

Բայց արի ու տես, որ օրենսդրական այս փոփոխությունները դեռ երաշխիք չեն, որ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտած անձինք պատասխանատվության կենթարկվեն: Օրինակները բազմաթիվ են, երբ, չնայած տասնյակ տեսախցիկների առաջ կատարված հանցագործություններին, լրագրողների աշխատանքը բռնությամբ խոչընդոտածները չեն պատժվել:
Եւ այսպես` շուտով կլրանա 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում «էլեկտրիկ Երեւանի» բողոքի ակցիայի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողների գործով նախաքննության երեք տարին, սակայն գործով ազատազրկման դատապարտվեցին «մանր ձկները», մինչդեռ «խոշոր ձկները» մնացին օդից կախված: Ավելին` տեւական ժամանակ է, ինչ ՀՔԾ քննիչները բողոքի ակցիայի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողներին կանչում են հարցաքննության, սակայն վերջիններս հրաժարվում են ներկայանալ` պատճառաբանելով, որ չեն հավատում, թե իրավապահները կարող են պատժի ենթարկել որեւէ մեկին:
Ավելին` շուրջ երկու տարին է, ինչ ՀՔԾ-ում շարունակվում է Սարի թաղում ցուցարարների եւ լրագրողների դեմ բռնություն իրականացնելու գործով նախաքննությունը:

Ինչպես հայտնի է` ծեծուջարդի մեջ հիմնականում ներգրավված են եղել տարբեր քրեական գործերով մեղադրվող տարրեր: Գրել էինք, որ ՀՀ իշխանությունը թաղային խուժանի հետ գործարք Է կնքել. «Դուք մեզ օգնեք ցուցարարներին եւ լրագրողներին լռեցնելու հարցում, մենք Էլ ձեզ կներենք նախկինում կատարած ձեր հանցանքների համար»:

Եվ ահա ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը թաղային խուժանին թողած` ընկել են օրենքի փոփոխության հետեւից:

Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կամ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը օրենքը փոփոխության ենթարկելով կարող են պատասխանատվության կանչել այս աղմկահարույց դեպքերի կիզակետում կանգնած պաշտոնատար անձանց, դժվար չէ կռահել: Ուստի լրագրողների գլխի տակ փափուկ բարձ դնելուց եւ օրենքը փոփոխության ենթարկելուց առաջ ՀՀ իրավապահները լավ կանեն` կոնկերտ անձանց կանչեն պատասխանատվության, որն էլ լրագրողները կհամարեն գործուն քայլ` ի պաշտպանություն իրենց մասնագիտական գործունեության:

Հ.Գ. Երեւանի ավագանու` փետրվարի 13-ի հայտնի նիստում եւս քաղաքապետարանի պաշտոնյաները խոչընդոտեցին լրագրողների գործունեությունը, բայց արի ու տես, որ մինչեւ հիմա այդպես էլ այդ դրվագն իրավապահների կողմից քննության առարկա չդարձավ: Թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրել:

Քնար Մանուկյան




Լրահոս