«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը, ով հանրությանը հայտնի է «Բացիր աչքերդ», «Սերն է խոսում», «Մնա», «Երազում» ձայնասկավառակներով, մի շարք տեսահոլովակներով եւ դուետներով: Մենք զրուցել ենք նրա ներկայիս կարիերայի, նախասիրությունների, ընտանեկան հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ:
-Արսե՛ն, վերջին շրջանում անընդհատ մտածում եք…
-Այն մասին, թե ինչ երգ երգեմ, որ ճիշտ լինի, որ ճիշտ աշխատի, նպատակային եւ թիրախային լինի:
-Նպատակ, որից հրաժարվել եք:
-Չկա նման նպատակ:
-Կին-տղամարդ հարաբերություններում չի կարող տեղ գտնել…
-Կնոջ եւ տղամարդու հավասարությունը: Կինը միշտ պետք է հասկանա, որ տղամարդն իրենից մեկ քայլ առաջ է:
-21-րդ դարի ամենամեծ չարիքը:
-Համացանցի ազատությունը:
-Դիմացինի մեջ ամենաշատը գնահատում եք…
-Պարզությունը:
-Ժամանա՞կ, թե՞ փող. ո՞ր ռեսուրսը կընտրեիք կյանքի այս փուլում:
-Ժամանակ:
-Երեխային պետք է ասել` չի կարելի, թե՞ բացատրել՝ ինչո՞ւ չի կարելի:
-Ե՛վ ասել, ե՛ւ բացատրել միաժամանակ:
-Կնոջ մեջ տղամարդուն կարող է հիասթափեցնել…
-Սուտ խոսելու հատկությունը, իսկ ամենաշատը՝ փնթիությունը: Կինը բոլոր իմաստներով պետք է մաքրասեր լինի:
-Սիրելի մարզաձեւը:
-Այցելում եմ մարզադահլիճներ, ֆիթնեսով եմ զբաղվում:
-Հիմա Ձեր կարիերայում ի՞նչ փուլ է, ինչպե՞ս այն կբնորոշեք:
-Ակտիվ փուլ է: Պատրաստում եմ դուետ ամերիկահայ տաղանդավոր երգչուհի Արաքս Կարապետյանի հետ, նաեւ առանձին երգ եմ պատրաստում: Իսկ, առհասարակ, ավելի մեծ ակտիվության համար ավելի մեծ գումարներ են պետք:
-Համաշխարհային ո՞ր աստղի հետ կցանկանայիք դուետ երգել:
-Չեմ մտածել դրա մասին:
-Եթե ոչ երգիչ, ապա կցանկայիք դառնալ…
-Լավ բիզնեսմեն, շատ խելացի, ուժեղ հմտություններով:
-Վերջին գիրքը, որը Ձեզ տպավորել է:
-Չեմ հիշում, վաղուց գիրք չեմ կարդացել:
-Իսկ ո՞րն է եղել վերջին ֆիլմը, որը մեծ տպավորություն է գործել:
-Վերջերս եմ դիտել «Lion» ֆիլմը, որի ազդեցությունն, իսկապես, շատ մեծ էր:
-Ձեր նախընտրելի երաժշտական ուղղությունը:
-Ես չունեմ նախընտրելի ուղղություն: Իմ կարծիքով՝ լավ երաժիշտը նա է, ով ամեն ինչից հասկանում է: Ես կարող եմ ե՛ւ դասականից, ե՛ւ ռոքից, սոուլից, ե՛ւ փոփից, ռաբիսից վերցնել լավը:
-Մի երեւույթ շոու-բիզնեսում, որն այդպես էլ չընդունեցիք:
-Միապաղաղությունը, միօրինակությունը: Կարծես նույն երգը 80 տոկոս կատարողների մեջ կիսած, տարածած լինեն:
-Շարունակո՞ւմ եք երգեր գրել:
-Անպայման:
-Ո՞րն է Ձեր հոբբին:
-Ճամփորդելը:
-Երկիր, որտեղ շատ կցանկանայիք լինել:
-Մեկը չի՝ Ավստրալիա, Բրազիլիա… Շատ են:
-Ամենակարեւոր գործոնը ընտանեկան հարաբերություններում:
-Սերը, փոխադարձ հարգանքը: Երբեմն այս վերջինն ընտանիքում ավելի կարեւոր է, քան սերը:
-21-րդ դարում ի՞նչը կարող է սպառնալ ընտանիք ինստիտուտի ձեւավորմանն ու պահպանմանը:
-21-րդ դարի արժեքները, որոնք երեխաները ստանում են ընտանիքից դուրս, ինձ շատ են անհանգստացնում: Աղջիկս 8 տարեկան է եւ արդեն փորձում է ծնողին չլսել, հակառակվել: Դեռ մեր բախտը բերել է՝ այնպիսի երկրում ենք ապրում, որ կարող ենք մի հատ էլ հարվածել երեխայի հետույքին, բայց մեր երեխաները ոստիկանություն չկանչեն, ինչպես, օրինակ, Միացյալ Նահանգներում:
-Բայց ինքնուրույնությունը, ազատ մտածելակերպը երեխայի մոտ կարող է նաեւ գնահատելի լինել:
-Կողքից հեշտ է դա ասելը: Հա, լավ է, որ երեխան ինքնուրույն է, բայց դա կարող է նաեւ վախեցնել ծնողին:
-Ո՞ր նկարչին կընտրեիք՝ Ձեր դիմանկարը պատկերելու համար:
-Մոդիլիանիին:
-Ձեր սիրելի եղանակը:
-Զզվում եմ ցրտից, ատում եմ ձյունը, «ճլոպաները», ուրախ եմ, որ վերջին տարիներին ձմռանը շատ քիչ եմ եղել Երեւանում: Ոչ էլ շոգն եմ սիրում: Նախընտրում եմ «պիջակային» եղանակները, ինձ հարազատ է Կալիֆորնիայի կլիման:
-Կրո՞ն, թե՞ հավատ:
-Հավատ:
-Ձեր սիրելի պոետը:
-Սեւակ:
-Ո՞րն է Ձեր կարգախոսը:
-Ապրի՛ր միշտ պարզ:
Անի Անտոնյան