«Փաստ» թերթը գրում է. «Թեև ԱԺ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի օրերս արտահայտած տեսակետին, թե՝ Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը և անգամ՝ ազգային անվտանգությանը, պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ դա ԱՄՆ պաշտոնական տեսակետը չէ, հերթական անգամ ալեկոծել է հասարակությանը։ Նա նաև ասել էր, որ կոռուպցիայից խոսող ցանկացած այլ երկրի պաշտոնյա առաջին հերթին պետք է իր երկրի կոռուպցիայից խոսի, նոր ուրիշի: Համաձայնեք, որ ավելի սրամիտ հայտարարություն սպասել հնարավոր չէր և մնում է Վահրամ Բաղդասարյանին հարցնել, որ եթե երկրի դեսպանը տվյալ երկրի պաշտոնական տեսակետը չի հնչեցնում, ապա ո՞ւմ կարծիքն է հնչեցնում: Եվ երկրորդ՝ եվրոպական ո՞ր երկրի կոռուպցիոն ռիսկերն են այդքան սասանում պետականությանը, որքան Հայաստանինը, կամ ո՞ր երկիրն է դռները բացել տարբեր հանքարդյունահանողների առջև ու ասել՝ եկեք, հանքը թալանեք տարեք, աղբն էլ թողեք մեր ժողովրդին նվեր:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով, զարգացած երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող բոլոր մեխանիզմները նորմալ աշխատում են և եթե մենք էլ մեզ մոտ կարողանանք նման մեխանիզմներ աշխատեցնել և տեսնել, թե վերջին հաշվով այս կամ այն պաշտոնյան ինչ պատժի արժանացավ և ինչպես այն կրեց, որևէ մեկը Հայաստանին չի կարողանա ասել, որ երկրի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը կոռուպցիան է:
«ԱՄՆ դեսպանի խոսքի գլխավոր շեշտը նա էր, որ պետք է անկախ դատական համակարգ ունենալ և աշխատող իրավապահ համակարգ: Բացի այդ, եթե մեզ մոտ 1000 դեպքից միայն մեկի մասին է հանրությունն իմանում, ապա օրինակ՝ ԱՄՆ–ում կամ ժողովրդավարական շատ ու շատ երկրներում 10 դեպքից առնվազն 9–ի մասին հայտարարվում է: Շատ ու շատ երկրներ հասել են այն մակարդակի, որ օրինակ կարող են երկրի կոնգրեսմենին, նախկին կամ գործող նախագահին, վարչապետին կանչել հարցաքննության և մեղքը հաստատվելու դեպքում նրանք կրեն իրենց պատիժը: Դրանով են տարբերվում զարգացած, ժողովրդավարական երկրներն այն երկրներից, որտեղ թեկուզև թղթի վրա ամեն ինչ գրված է, բայց՝ չի գործում»,– ասաց Թ. Պողոսյանը:
Նախկին պատգամավորի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն քրեական գործի մասին հաղորդագրություն տարածելն է, այլև իր վերջնական քննությունը` պատժի կրումը: Եվ այն օրը, երբ կկարողանանք նման հետևողական աշխատանք իրականացնել ու այդ մասին հասարակությանը իրազեկել, այդ ժամանակ այլևս Հայաստանի մասին չեն ասի, որ կոռուպցիան հասել է նման մակարդակի:
«Որպես ուղենիշ մենք այս ճանապարհը պետք է վերցնենք և գնանք մինչև վերջ, եթե ցանկանում ենք, որ որևէ մեկը մեզ չասի, որ կոռուպցիան է մեր երկրի զարգացման գլխավոր խոչընդոտը: Հարկատուները որպես պահանջատեր իրավունք ունեն իմանալու, թե այս կամ այն պաշտոնյան, որը ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կամ պետական գումարները յուրացնելու համար, հետագայում ինչ ճակատագրի արժանացավ: Այս մասին իրազեկելն իշխանությունների պարտականությունն է: Պատահում են դեպքեր, որ դատապարտվում են, բայց շատ արագ դուրս են գալիս բանտից կամ վերջնական պատիժն այլ ձևով են կրում: Այս ամենը բացառելու համար պետք է հետևողական լինել, որի խնդիրը կա»,– ասաց Թ. Պողոսյանը:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահի կարծիքով քանի դեռ հասարակությունը չի ստիպում իշխանություններին լիարժեք աշխատել, պետական որևէ ինստիտուտ չի ցանկանալու ինքնուրույն դա անել: Բացի այդ, շատ ու շատ ֆունկցիաներ տեղափոխվում են դեպի գործադիր իշխանություն, և պետք է հաշվի առնել, որ ԱԺ–ն գործադիրի հանդեպ ունի վերահսկողություն իրականացնելու իրավունքներ: Այսինքն, օրենսդիր մարմինը ձեռք է բերում բոլոր հնարավորությունները գործադիրին հաշվետվության կանչելու:
«Եթե նախկինում շատ խնդիրներ նախագահի լիազորությունների տիրույթում էր և ԱԺ–ն վերահսկողության մեխանիզմներ չուներ, ապա հիմա վարչապետից մինչև կառավարության բոլոր անդամները, պատգամավորները կարող են և՛ վերահսկողություն իրականացնել, և պարզաբանումներ պահանջել: Պարզ է, որ ավելի լավ է, երբ այդ լիազորությունները կան, բայց հարց է ծագում, թե ինչպես է դա իրականացվելու: Եվ եթե պատգամավորները չկարողանան բոլոր մեխանիզմներից լիարժեք օգտվել, ապա դա կլինի նրանց թուլությունը»,– ասաց Թ. Պողոսյանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: