
Մարտի 9-ին Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ:
Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց գագաթաժողովի կարգախոս՝ «Ապրել միասին»-ի ընտրությունը, երևանյան գագաթաժողովին ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը։
Հանդիպման օրակարգում էին նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումի կազմակերպումը, Երևանի կենտրոնում տեղակայվելիք Ֆրանկոֆոնիայի ավանում անդամ երկրների ներկայացվածության հարցերը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի անցկացմանն առնչվող դեսպանների հարցերին։