2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում ենթարկվել է մեկ վիրահատության և բժշկական անձնակազմը պատրաստվում է երկրորդ վիրահատությանը:
Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացնում է Թագուհի Օհանյանը, ով Գերմանիայում ուղեկցում է Ալբերտ Դալլաքյանին:
«Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել մարտի 7-ին, որը տևել է 6 ժամ 40 րոպե: Ալբերտ Դալլաքյանն իրեն շատ լավ է զգում: Ալբերտին սպասվում է երկրորդ վիրահատությունը, որը կտևի 4-6 ժամ»,- տեսագրությամբ հայտնել է Թագուհի Օհանյանը:
Զինծառայողը ևս հայտնում է, որ իրեն լավ է զգում:
Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ 45000 ԱՄՆ դոլարը հավաքվել էր առցանց հանգանակության միջոցով: Զինծառայողին գումարով աջակցելու կոչ էր արել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նախարարի կոչը թեժ քննարկումների առիթ էր դարձել, մասնավորապես, երբ Վիգեն Սարգսյանը նախարարին ոչ վայել կերպով սկսեց պատասխանել մեկնաբանություններին և իրեն թույլ տվեց՝ բոշան դու ես արտահայտություն։