Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Razminfo-ն գրում է.

2018-ի փետրվարի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական է:

Մարտական կորուստներ

• Փետրվարի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

• Փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Փետրվարի 8-ին Ստեփանակերտի զինհոսպիտալում հիվանդության պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:

• Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում առողջական խնդիրների պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը:

Վիրավորներ

• Փետրվարի 22-ին Տավուշի մարզի ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հրազենից վիրավորվել է ժամկետային զինծառայող:

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Մահացածներից 1-ը մարտական կորուստ է, 1-ը՝ ոչ մարտական, մյուսի մահվան հանգամանքները հայտնի չեն:

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 3 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել:

• Փետրվարի 10-ին Զաքաթալայի շրջանում հուղարկավորել են Աղդամի շրջանում անհայտ պատճառներով մահացած զինծառայող, 1999 թ․ ծնված Մեմմեդով Ղարիբ Թուրան օղլուին (Turan Qərib oglu Məmmədov)։ Կա վարկած, որ նա ինքնասպան է եղել:

• Փետրվարի 10-ին սոցիալական ցանցերից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի զինծառայող Մեհդիև Ֆահմին Դաշգըն օղլուի (Mehdiyev Fəhmin Daşqın oğlu) մահվան մասին: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը մահացել է էպիլեպսիայից:

• Փետրվարի 26-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 1999թ. ծնված, շարքային Ջաֆարով Գուրբան Խանլար օղլուն (Cəfərov Qurban Xanlar oğlu): Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը սպանվել է առաջնագծում հրաձգության ժամանակ:

Ընդհանուր առմամբ՝ 2018 -ի հունվարի 1-ից փետրվարի 28-ը բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 7 զինծառայողի մահվան մասին։




Լրահոս