Հաջորդ փուլը՝ կլինիկական ուղեցույցների ներդրում. առողջապահության նախարարության հերթական նորամուծությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը հայտնում է, որ հաջորդ փուլը լինելու է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը էլեկտրոնային առողջապահական համակարգում: Նա անդրադարձել է վերջին օրերին հնչող քննադատություններին և գրել.

«

Անկեղծ ասած, չգիտեի, որ մեր երկրում հանրային առողջապահության այսքան գիտակներ կան: Անկախ մասնագիտական կարողություններից, ով ժամանակ ունեցավ, այս ընթացքում հարկ համարեց քննադատել դեղատոմսով դեղեր բաց թողնելու մասին ընդունված կարգը և էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: Իհարկե, ամենահեշտը ուրիշի արած գործը քննադատելն է, և մենք ամենևին վատ չենք զգում, այլ ձգտում ենք գտնել դրանցում ռացիոնալ մտքի հատիկներ՝ փորձելով կիրառել համակարգում՝ ընդունելով նաև բացթողումները:

Նախ կուզենայի անդրադառնալ անհեթեթ այն ձևակերպումներին, թե E-Health՝ էլեկտրոնային առողջապահական համակարգը նախարար Ալթունյանին թույլ է տալիս քաղաքացիների հույժ գաղտնի առողջապահական գաղտնիքներին միանձնյա տիրապետել։ Սա ուղղակի անհեթեթություն է։ Այս համակարգի ներդրումը մեկնարկել է դեռեւս 2008 թվականից, որն ի գործ է դրվում միայն այսօր, շատ կարևոր է բոլորիս համար. թափանցիկություն, հաշվետվողականություն և վստահություն է ապահովում:
Ասեմ, որ Հայաստանում ներդրվող այս ծրագիրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հավանությանն է արժանացել եւ այն աշխարհում ներկայացվում է որպես հաջողված համապարփակ համակարգ։

Նելսոն Զուլոյան

Ինչ վերաբերում է սոցցանցերում դժգոհություն հայտնած հայտնի ու անհայտ մարդկանց, ապա հանուն իրենց առողջության նրանք լավ կլինի դեղատան փոխարեն, այնուամենայնիվ, բժշկի դիմեն: Հավատացեք՝ քաղաքակիրթ մարդկությունն իր առողջությունը վստահում է բժիշկներին, այլ ոչ թե կողքից խորհուրդ տվողներին։ Զարգացած բոլոր երկրները գնացել են առողջապահական այս ծրագրով, ու մենք նույնպես այլընտրանք չունենք:

Ավաղ, այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում կան մարդիկ, որոնք անձնական շահագրգռվածությունից ելնելով են մտահոգ հանրային մասնագետ ձևանում, ինչն ուղղակի անընդունելի է. Թերևս «ինքնաբացահայտվելու» ժամանակն է: Քայլեր արե՜ք, որոնց համար հետո ձեր խղճի առաջ գոնե հաշտ լինեք:

Վերջում ուզում եմ, ամեն դեպքում, շնորհակալություն հայտնել մեզ հասկանալու, աջակցելու ու նաև քննադատելու համար: Իսկ հաջորդ փուլը լինելու է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը էլեկտրոնային առողջապահական համակարգում, որի շնորհիվ անգամ ամենահեռավոր մարզային հիվանդանոցում կապահովվի միջազգային չափորոշիչներին համարժեք բուժում», -գրել է նա ։




Լրահոս