Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց հավակնորդների մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 21-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: