Շոու-բիզնեսում ինձ համար խորթ մնաց իրար լավը չկամենալն ու կեղծավորությունը. Լայանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Լայանայի հետ, ով հայտնի է իր մեկ տասնյակից ավել տեսահոլովակներով, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հետ համագործակցությամբ: Լայանան համերգներով հանդես է եկել Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում, Տորոնտոյում, Բեյրութում, Բրազիլիայում եւ այլ քաղաքներում:

-Լայանա՛, վերջին շրջանում էկրաններին չեք երեւում, Ձեր դստեր ծնունդից հետո կարծես մեկուսացել եք դաշտից, ինչո՞ւ, ե՞րբ կվերադառնաք: Ինչո՞ւ տեսահոլովակներ չեք նկարահանում:

-Մտադիր եմ պարբերաբար հանդես գալ փոքրիկ կենդանի համերգներով, իսկ տեսահոլովակի կարիք առանձնապես չկա, ըստ իս: Ու թեեւ լռակյաց եմ դարձել, այնուամենայնիվ, ավելի շատ եմ աշխատում:

-Բայց այնպիսի տպավորություն է, որ շոու-բիզնեսից դուրս եք մղվել: Այդպե՞ս է:

-Ո՛չ, եթե նկատել եք, այսօր մեր դաշտում հաշված թվով արտիստներ են տեսահոլովակներ նկարահանում: Դրանք հիմնականում այն անձինք են, որոնք ճանաչվելու կամ ճանաչումը պահելու խնդիր ունեն: Ես այդ ճանապարհը վաղուց անցել եմ: Ինձ հիմա գրավում է բենդերի հետ հանդես գալը: Ամեն մարդ դրսեւորվելու իր ձեւն է ընտրում: Այս պահին շոու-բիզնես կոչվածն ինձ համար ծիծաղելի է: 7 տարի է՝ աշխատում եմ ռեստորանում եւ երբեք չեմ ամաչել դրա համար: Այս տարիներին ինձ հաջողվել է նաեւ ճամփորդել, համերգներ ունենալ տարբեր երկրներում. դա էլ հերիք է, որ երգիչը մնա իր ֆորմայի մեջ, չմոռանա՝ ինչ է անում: Եթե ես վերջին տարիներին տեսահոլովակ չեմ նկարահանել, բայց ինձ, միեւնույն է, ճանաչում են, ուրեմն ճանաչում պահելու խնդիր չունեմ:

-Մի ավանդական հարց կա, որ գրեթե բոլոր զրուցակիցներին տալիս ենք: Շոու-բիզնեսում ո՞ր երեւույթը Ձեզ համար մնաց խորթ:

-Իրար լավը չկամենալն ու կեղծավորությունը:

-Մինչ դաշտ մուտք գործելն ի՞նչ կարծիք ունեիք այստեղի մասին եւ ի՞նչ կարծիք ունեք հիմա:

-Այս ասպարեզն ինձ համար ճահճոտ է, կարող ես նույն տեղում դոփել եւ կործանվել, այն դժվար ճանապարհ է պահանջում: Երեխայիս ծնունդից հետո աչքերս ավելի լայն բացեցի, ռեալիստ դարձա: Հիմա ամեն ինչ անում եմ հանուն ընտանիքիս բարեկեցության: Մտածում եմ՝ երկու-երեք երեխա ունենալու մասին: Ավելի սառն եմ դատում, էմոցիոնալ չեմ, ձգտումներս նվազեցրել եմ՝ հասկանալով, որ դրանք, ինչ-որ առումով, անիմաստ են:

-Դուք նշեցիք, որ դժվար ճանապարհ եք անցել, օրինակ՝ ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել:

-Շոու-բիզնեսում կա արտիստների մի օղակ, որը չի ուզում քեզ ներս թողնել, եթե նորեկ ես, բայց ես իմ թիկունքում ունեցել եմ «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը, որի հետ շատ լուրջ ճանապարհ եմ անցել, եղել եմ աշխարհի լավագույն բեմերում, շատ մշակույթներ եմ տեսել, 17 տարեկանից սոլիստ եմ եղել: Հավատացեք՝ դա ավելի կարեւոր է, քան տեսահոլովակներ նկարահանելը: Եթե անկեղծ՝ ես միշտ ֆինանսի պակասից եմ նեղվել: Այսօր էլ որ լռում եմ, նաեւ ֆինանսից է կախված: Բայց երբ մարդ ընտանիք է կազմում, հատկապես երեխայի ծնունդից հետո կենտրոնանում է նրա հետ կապված նպատակների վրա եւ իր սեփականները մի կողմ է դնում:

-Լայանա՛, բացի երգարվեստից` այլ գործունեությամբ զբաղվո՞ւմ եք, նախասիրություններ ունե՞ք:

-Կարուձեւ, մոդելավորում եմ սովորում, հետագայի հետ կապված որոշ պլաններ ունեմ, ցանկությունս այն է, որ դիզայներ-նկարչուհի լինեմ: Ասեմ, որ 13 տարեկանից երգելուն զուգահեռ նաեւ կարել եմ, շատ սիրել եմ այդ գործը: Հիմա այդ ցանկությունը մեջս նորից արթնացել է, շատ եմ ուզում ունենալ իմ սեփական փորքիկ անկյունը: Արդեն զգեստներ եմ կարում դստերս՝ Էլինայի համար: Առաջ Աստված, եթե գործերը հաջող գնան, կընդլայնեմ գործունեությունս:

-Դուք ասացիք, որ երեք երեխա եք ուզում, սեռը Ձեզ համար նշանակություն ունի՞:

-Ոչինչ չեմ պլանավորում, բայց ցանկությունս շատ մեծ է: Ինձ համար սեռը էական չէ, թեպետ ամուսինս ուզում է տղա ունենանք: Բայց ես ասում եմ՝ թեկուզ էլի երկու աղջիկ ծնվի, կուրախանամ: Ամեն բան Աստծո ձեռքերում է:

Անի Անտոնյան




Լրահոս