ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստ է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու հայտնի նիստում «դեմներն առե՛ք, շուտ» հրահանգով հրահրեց ողջ միջադեպը՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ բռնությունները, ծեծկռտուքը: Բայց կոյուղաջրերի խնդիրը, որ փորձում էին բարձրացնել ավագանու ընդդիմադիր անդամները, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասության ներքո էր. այդ խնդիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի պատճառով է առաջացել: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին այս առումով ուշագրավ փաստեր են հայտնի դարձել. ԱՆ ՔԿՎ-ին ՀՀ պետական բյուջեից մոտ 40 մլն դրամ է հատկացվել՝ ՔԿՀ կոյուղագծի վերանորոգման համար, սակայն նախկին պետ Արթուր Օսիկյանը 2017թ. խնայողությունների անվան տակ մոտ 308 մլն դրամ գումար է վերադարձրել պետական բյուջե: Այս թեման համակարգի ներսում լուրջ դժգոհություն է հարուցել, եւ կառավարությունից որոշ պաշտոնյաներ կատարվածի համար անգամ նախատել են Օսիկյանին` ասելով, թե բազմաթիվ խնդիրներ կարելի էր լուծել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Օսիկյանը, մեկնաբանելով կատարվածը, նշել է. «Դրանք խնայողություններ են, որոնք մշտապես նախորդ տարիներին եղել են, իսկ ցանկացած խնդրի լուծման համար դա ինքնանպատակ չի ծախսվում, դրա համար համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում, զեկուցագրեր են գրվում, ինչը որ անհրաժեշտ է գտնվել այդ պահին, արվել է»: ինչ վերաբերում է ՔԿՀ վերանորոգմանը, Օսիկյանն ասել է, թե նախահաշվարկ արվել է. «Ինչ պետք է արվի, եւ ինչքան գումար է պետք ծախսվի այս տարվա ընթացքում, պետք է արվեր»:

 

 

 

ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրություններն առանց ինտրիգների չընթացան. ինչպես հայտնի է` Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում առաջադրեցին կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, բացի այդ` «Ծառուկյան» խմբակցությունն էլ հայտարարել էր նրա թեկնածությանը կողմ քվեարկելու մասին: Միայն «Ելք» խմբակցությունն էր նշել, թե «դեմ» կքվեարկի: Բայց ընտրություններից հետո պարզ դարձավ՝ Ա. Սարգսյանը ստացել է 90 կողմ եւ 10 դեմ ձայն այն դեպքում, երբ «Ելք»-ից քվեարկությանը մասնակցել էր 7 հոգի: Այսինքն՝ Սարգսյանին կողմ քվեարկելու մասին հայտարարած խմբակցություններից եղել են ընդդիմացողներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Հիմա եթե ասեմ` մերոնք իդեալական են, այսինքն` կասկածի տա՞կ դնեմ ՀՅԴ պատգամավորներին կամ «Ծառուկյան» դաշինքին:…Մեր ընդդիմադիր գործընկերներից մի քանիսն օգնել են մեզ, որի համար շնորհակալ ենք: Իմաստ չեմ տեսնում` փնտրենք, թե ովքե՞ր են այդ երեք պատգամավորները»,- ասել է նա: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ քվեարկության արդյունքներից հետո երեք խմբակցություններում լուրջ խոսակցություններ են սկսվել, փորձել են պարզել, թե ո՞վ է դեմ գնացել որոշմանը: Ավելին՝ խմբակցություններից յուրաքանչյուրը փորձում է «դավաճան» փնտրել ոչ միայն իր ներսում, այլեւ մյուս քաղաքական ուժերի մեջ:

 

 

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է ամեն կերպ համոզել, թե Հայաստան 850 մլն դոլար ներդրում բերելու խոստումը ոչ միայն կատարել է, այլեւ գերակատարել: Կառավարությունը հրապարակել է 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի` ներդրումները կազմել են 856.5 մլն դոլար. այսինքն՝ մոտ 6.5 մլն դոլար ավելի, քան խոստացել էր Կարապետյանը: Միայն թե այդ հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ներդրումների անվան տակ ներկայացվել են նաեւ պետական եւ համայնքային բյուջեներից տրված միջոցները, վարկային ծրագրերն ու դրամաշնորհները: Այսինքն՝ ամեն ինչ արվել է՝ տպավորություն ստեղծելու, թե խոստացված ներդրումներն ապահովված են: Փոխարենը կառավարությունը համառորեն թաքցրել է ներդրումների աշխարհագրությունը. այսինքն՝ պարզ չէ, թե արդյո՞ք արտերկրից գումարներ հոսել են, եւ եթե այո, ո՞ր ոլորտներ, բացի օֆշորային երկրներից հանքարդյունաբերական ոլորտում արված ծախսերից:

 

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, ըստ էության, հակասահմանադրական է որակել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է բարձր կենսաթոշակից զրկել այն պաշտոնյաներին, ովքեր կշարունակեն պաշտոնավարել կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո: «Կենսաթոշակի իրավունքը դա սահմանադրական իրավունք է: Այսինքն` կենսաթոշակը չենք վճարում` այս կամ այն քաղաքացու աշխատանքից հետո պակասած եկամուտները կոմպենսացնելու համար: Մեկը մյուսի հետ կապ չունի: Դա իրավունք է, հետեւաբար որեւէ մեկը չի կարող դա կասեցնել: Դուք իրավունք չունեք իմ սահմանադրական իրավունքը սահմանափակել»,- պնդել է Հարությունյանը: Նկատենք, սակայն, չնայած դժգոհությանը` Հարությունյանն առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել այս նախագծին. այն ստացել է 88 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն:

 

 

 

ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ
Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Սերժ Սարգսյանին է զեկուցել կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքներն ու 2018թ. գործունեության հիմնական ծրագրերը:
Թե կոնկրետ ի՞նչ աշխատանքներ է իրականացրել վարչապետի խորհրդականի գլխավորած կենտրոնը` բացի թուղթ մրոտելուց, վաղուց հայտնի ճշմարտությունները կարեւոր ծրագրերի անվան տակ ներկայացնելուց, պարզ չէ: Փոխարենը պարզ է, որ նրանք նույն ոճով պատրաստվում են շարունակել նաեւ այս տարի` բնականաբար, այդ ամենի դիմաց որպես վարձատրություն պետբյուջեից ստանալով ահռելի գումարներ: Մամուլը բազմից է անդրադարձել այս անիմաստ կառույցին` տեղեկացնելով, թե ՀՀ պետական բյուջեի վրա ինչ ահռելի բեռ է այն դարձել: Բավական է միայն նշել` Ալեքսանդր Խաչատուրյանն ու իր գլխավորած կառույցի աշխատակիցները ստանում են միլիոնավոր դրամների աշխատավարձ: Բացի այդ` «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, թե այս կառույցը բյուջեի հաշվին ինչ շռայլ գնումներ է կատարում. անգամ սիգարետն են բյուջեի հաշվին գնում՝ այդպես վատնելով հանրային միջոցները: Ինչպես կասեր մեծ Կոմբինատոր Բենդերը. «Տեսնում եմ, որ անշահասիրաբար փող եք սիրում…»:
Եւ ահա, այդքան գումար ստանալուց հետո, պարզվում է, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը հետեւյալ աշխատանքն է իրականացնում. Խաչատուրյանը Ս. Սարգսյանին ասել է, թե կենտրոնը հանրային քննարկումներ է կազմակերպել մինչեւ 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ու առաջիկայում այդ փաստաթղթի վերաբերյալ, իրականացրել է գյուղատնտեսության, ինչպես նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների գործառութային վերլուծություն, երկու նախարարությունների համար նախագծվում է հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ: Պաշտոնական հաղորդագրությունից պարզվում է, որ այս կենտրոնն ակտիվ է նաեւ ԵՄ-ի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գրասենյակի կողմից ֆինանսավորվող ծրագրերին «աջակցություն» ցուցաբերելու հարցում:
Այլ կերպ ասած` կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն ու իր ղեկավարը միշտ հայտնվում են այնտեղ, որտեղ փող կա, բնականաբար՝ «խորհրդականի» եւ «խորհրդատուի» դիրքերից: Ճիշտ եւ ճիշտ մեծ Կոմբինատորի նման, որին սնում էին միայն գաղափարները, եւ որը փող աշխատելու 400 համեմատաբար ազնիվ մեթոդ գիտեր:




Լրահոս