ԿՈՅՈՒՂԱԳԾԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ 40 ՄԼՆ-Ն ԵՏ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ՀՀԿ-ական ավագանու անդամները` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կին չէին ծեծի, եթե ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանը ՀՀ կառավարությանը չհաճոյանար: «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել վարչության անգործության եւ ներքին խմորումների մասին:

Իսկ հիմա ամեն ինչի մասին սկզբից
Տարիներ շարունակ էրեբունի վարչական շրջանի բնակիչները բողոքում էին «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքի կոյուղաջրերի անսարքությունից, ինչի հետեւանքով իրենք գարշահոտություն էին շնչում: Երբ դանակը հասավ ոսկորին, բնակիչները փակեցին քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը: Սակայն, հիշում եք, այսքանով ամեն ինչ չավարտվեց:
Փետրվարի 13-ին ավագանու «Երկիր Ծիրան»-ի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը գարշահոտությամբ լցված տարան փոձեց մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչից էլ սկսվեց մարտեր առանց կանոններ հիշեցնող ծեծկռտուքը: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչությունում քննություն է ընթանում` ծեծի եւ խուլիգանության հատկանիշներով: Այս միջադեպից հետո հասկանալի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը, մեղմ ասած, կապ չունի կոյուղաջրերի կարգավորման հետ եւ խնդրի լուծման հիմնական պատասխանատուն ՀՀ արդարադատության նախարարությունն է` ի դեմս քրեակատարողական վարչության:

Վարչության նախկին պետն ու միլիոնները
Իսկ ինչով էր զբաղված քրեակատարողական վարչությունը այս տարիներին, որ չէր լուծում կոյուղաջրերի խնդիրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2017 թվականին ՀՀ կառավարությունը «Նուբարաշեն» ՔԿՀ կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար 40 միլիոն դրամ գումար է հատկացրել: Փոխարենը ՔԿ վարչությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կոյուղաջրերի կարգավորմանը ուղղված որեւէ քայլ չի կատարել եւ այդ տրամադրած գումարը հետ է փոխանցել ՀՀ կառավարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ԱՆ վարչության նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանից պարզել, թե 2017 թվականին ՀՀ կառավարությունը ԱՆ ՔԿ վարչությանը գումար հատկացրե՞լ է` «Նուբարաշեն» ՔԿՀ կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար, եթե այո, ապա որքա՞ն գումար է հատկացվել, եւ վարչությունը ի՞նչ հաշվետվություն է ներկայացրել կատարած աշխատանքի մասով:
Ավելին` մեր գրավոր հարցման մեջ Ռաֆայել Հովհաննիսյանին խնդրել էինք մեկնաբանել` արդյո՞ք 2017 թվականին ՀՀ կառավարությունը «Նուբարաշեն» ՔԿՀ կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար 40 միլիոն դրամ գումար է հատկացրել, որը, սակայն, ծախսվելու փոխարեն ետ է ուղարկվել:
Ի պատասխան մեր հարցման` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ֆինանսական բաժնի պետ Ա. Հարությունյանը հայտնել էր. «2017 թվականին ՀՀ պետական բյուջեից «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար գումար չի հատկացվել: Եվ վերջ»:

Անգործությունն ու 308 միլիոնը
Նկատենք, որ չնայած վարչությունը հերքում է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին քրեակատարողական վարչությունում ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարների շուրջ խմորումներից լուրջ մանրամասներ են հայտնի դարձել:
Բանն այն է, որ 2017 թվականին քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը խնայողությունների անվան տակ 308 միլիոն դրամ գումար է հետ վերադարձրել պետբյուջե: Վարչության աշխատակիցները Արթուր Օսիկյանի հետ լեզվակռիվ են ունեցել, թե որքանով է ճիշտ, որ վարչության ենթակայության տակ գտնվող հիմնարկներում կան բազաթիվ խնդիրներ, սակայն խնդիրներին լուծում չի տրվում, իրենք անգործության են մատնված, եւ վարչության պետը հատկացված գումարը հետ է վերադարձնում պետբյուջե:
Բարձրացված հարցը մնացել է օդից կախված, եւ վարչության աշխատակիցներին չի հաջողվել որեւէ բան փոխել:

Օսիկյանը պարզաբանում է
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է ԱՆ ՔԿՎ նախկին պետ Արթուր Օսիկյանին: «Ո՞վ է Ձեզ նման բան ասել: Դուք կարող եք դիմել վարչություն, իրենք էլ կարող են պատասխանել, բայց Ձեզ կարճ ասեմ, որ խնդիրը երկու մասից է բաղկացած եղել: Նախորդ տարի պարզ դարձավ, որ բացի Նուբարաշեն տարածքից դուրս` ներսում նույնպես անելիքներ կան, արդյունքում նման խնդիրները կարգավորելու համար աշխատանքը բաժանվեց երկու մասի, նախ` սկզբում նախահաշվային աշխատանքների գծով փաստաթղթեր են մշակվում, ինչի հետ կապված, եթե չեմ սխալվում, անցած տարի` սեպտեմբերին, հայտարարվեց մրցույթ, որ աշխատանքներ կատարվեն, պարզվեց, որ այդտեղ նման աշխատանքներ հնարավոր է կատարել, եւ, ի վերջո, ինչքան գումար պետք է ծախսվի: Այդ աշխատանքները արվել են, ամփոփվել է եւ ներկայացվել է վարչություն, եւ երկրորդ քայլը` կոնկրետ ինչ պետք է արվի, եւ ինչքան գումար է պետք ծախսվի այս տարվա ընթացքում, պետք է արվեր: Կրկնում եմ` Նուբարաշենի մասով նախորդ տարի մի փուլը ավարտվել էր, իսկ երկրորդ փուլը` թե ինչքան գումար պետք է նախատեսվեր, կարող եք դիմել վարչություն, Ձեզ կպատասխանեն, այսքանը»,- ասել է նա: Մեր հարցին, թե ՔԿԲ-ում Ձեզ հետ արդյո՞ք վիճել են` 308 միլիոն դրամը որպես խնայողություն ետ ուղարկելու համար, նա նշել է. «Դրանք խնայողություններ են, որոնք մշտապես նախորդ տարիներին եղել են, իսկ ցանկացած խնդրի լուծման համար ինքնանպատակ գումար չի ծախսվում, դրա համար համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում, զեկուցագրեր են գրվում, ինչը որ անհրաժեշտ է գտնվել այդ պահին, արվել է»:

Խնդրի կարգավորման արժեքը
Ի վերջո, ինչպե՞ս է լուծվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղաջրերի խնդիրը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՔԿ վարչությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղաջրերի կարգավորման համար մրցույթ է հայտարարել, դեռեւս հայտնի չէ, թե որ ընկերությունը կհաղթի հայտարարված մրցույթի արդյունքում, սակայն մինչ այդ վարչությունը կոյուղաջրերի կարգավորման նախահաշիվ է կազմել, թե որքան գումար է անհրաժեշտ, որ ՀՀ կառավարությունը հատկացնի վարչությանը, եւ, ահա, անհրաժեշտ գումարի չափը կազմում է 40 միլիոն դրամ: Ստացվում է` ՔԿ վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանը հնարավորություն է ունեցել 308 միլիոն դրամը պետբյուջե չվերադարձնել եւ դրա փոխարեն խնդիրը լուծել, սակայն ոչինչ չի արել: Դե, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին չի փորձել խնդրի լուծմանը միջամտել եւ ավագանու հայտնի նիստում «Երկիր Ծիրանիի» անդամների ձեռքին կոյուղաջրերով լի տարաները տեսնելով` ըստ էության, վախից սադրեց ու հրահրեց ողջ ծեծկռտուքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
Մարտի 1-ին դատական համակարգը ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին: ԲԴԽ անդամ են ընտրվել Վճռաբեկ դատարանից դատավոր Ռուզաննա Հակոբյանը` 3 տարով, Վերաքննիչ քրեական դատարանից` դատավոր Սերգեյ Չիչոյանը` 5 տարով, առաջին ատյանի դատարանից` Շիրակի մարզ` Արմեն Խաչատրյանը` 3 տարով, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից` դատավորներ Արմեն Բեկթաշյանը եւ Անի Մխիթարյանը` 5-ական տարով: «Ժողովուրդ» օրաթերթը ԲԴԽ անդամներից հետաքրքրվեց, թե նրանք ինչ են անելու, որ դատական համակարգը անկախ լինի, եւ, առհասարակ, որ արժանիքի համար նրանք ընտրվեցին կարեւոր այդ կառույցի անդամ:
-Պարո՛ն Չիչոյան, ի՞նչ եք անելու` որպես ԲԴԽ անդամ, որ դատական համակարգը անկախ լինի, ի վերջո, գաղտնիք չէ, որ հրահանգի դեպքում ինչպես ասեն, այդպես էլ լինելու է:
-Բոլորը սխալ են մտածում. նման հրահանգ չկա, դատական համակարգը ոչ մի հրահանգ չունի որեւէ տեղից:
-Այսինքն` եթե հիմա Սերժ Սարգսյանը հրահանգ տա, Բարձրագույն դատական խորհուրդը չի կատարելո՞ւ:
-Ես չեմ կարծում, որ վարչապետը կամ նախագահը նման հրահանգ հնչեցնեն դատական համակարգին:
-Ի վերջո, հասարակությունը վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ, ի՞նչ հրաշք է գործելու բարձրագույն դատական խորհուրդը, որ մինչ այդ չունեինք:
-Հրաշք չի լինում, այդ հրաշքը աշխատանքով են ցույց տալիս, աշխատանքի ընթացքը ցույց կտա:
-19 դատավորի մեջ 5 տեղի համար կռիվ էր գնում, Ըստ Ձեզ` ո՞ր արժանիքի համար դատավորները Ձեզ ձայն տվեցին:
-Այդ հարցը ճիշտ կլինի իրենց տաք:
-Իսկ Դուք Ձեր արժանիքները չգիտե՞ք, որ ուրիշները պետք է տան:
-Ես ինքս իմ գնահատականը գիտեմ, դա իմ մեջ կմնա:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյան
-Պարո՛ն Խաչատրյան, ո՞ր արժանիքի համար Ձեզ ընտրեցին:
-Կներեք, ես շատ զբաղված եմ:
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյան
-Տիկի՛ն Հակաբյան, ի՞նչ եք անելու, որ դատական համակարգը անկախ լինի, ի վերջո, հասարակությանը հայտնի է, որ միեւնույն է` հրահանգ կլինի, եւ դատավորները անկախ չեն որոշում կայացնելուց առաջ:
-Հասարակության մեջ կարծիքները, բնականաբար, կլինեն, ամեն մեկը կարող է իր կածիքը ունենալ, բայց համոզված եմ, որ կա այն կարծիքը, որ մեր դատավորները շատ անկախ են եւ իրականացնում են արդարացի դատական ակտեր: Բայց որպես ԲԴԽ անդամ` շատ բան ունենք անելու, եւ ես իմ լիազորությունները, որոնք սահմանված են օրենքով, ջանք ու եռանդ չեմ խնայի, որ այն պատշաճ իրականացնեմ, որպեսզի հասարակության այն խավը, որը դատական համակարգի մասին այլ պատկերացում ունի, ի սպառ վերանա:
-Վճռաբեկ դատարանից 4 դատավոր էր պայքարում, Ձեր ո՞ր արժանիքի համար ընտրեցին:
-Այդ հարցը պետք է ուղղեք ընտրողներին, քանի որ չգիտեմ` ընտրելիս ով ինչ չափորոշիչներով է առաջնորդվել, բայց անձամբ կարող եմ ասել` իմ անցած ուղին, իմ անցած տարիները, իմ մասնագիտական որակները ավելի քան բավարար են, որ ես կարողանամ դատական իշխանությանը պատշաճ ներկայացնեմ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ` 3-ԻՆ
Ձեռնարկվում են քննչական գործողություններ` պարզելու ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, անհատականացնելու նրանց գործողությունները: «Գորիս» ՔԿՀ-ում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի մի քանի խցերում կատարվել են խուզարկություններ, որից հետո խցից դուրս են հանել ՔԿՀ-ի դատապարտված եւ կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող Կ. Հովհաննիսյանին` այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով: Նշված տեղափոխությանը խոչընդոտելու նպատակով կալանավորված եւ դատապարտված մի շարք անձինք հրահրել են անկարգություններ` հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել, հարվածել խցերի դռներին: Ապացույցների հիման վրա «Գորիս» ՔԿՀ-ի 3 դատապարտյալի մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` անկարգություններին մասնակցելու համար:




Լրահոս