ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԹԵԼԱԴՐԱԾ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն գարուն է, իսկ շատերը նույնիսկ չեն էլ հասցրել իրենց զգեստապահարանները համալրել սեզոնին համահունչ զգեստներով եւ աքսեսուարներով: Հաճախ դրա պատճառներից մեկն այն է, որ ընտրություն կատարելն ու ճիշտ կողմնորոշվելը բարդ է: Նորաձեւության սիրահարները, իհարկե, կարող են հետեւել, թե ինչ միտումներ են թելադրում համաշխարհային դիզայներները, սակայն չէր խանգարի նաեւ կոնկրետ խորհուրդներ լսել անմիջապես մասնագետից: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:

-Արայի՛կ, այս գարնանը ո՞ր գույներն են մոդայիկ:
-Այս գարնանն ակտուալ են կանաչի, մոշագույնի եւ դեղինի երանգները:
-Ի՞նչ տաբատներ եւ բլուզներ խորհուրդ կտաք կրել: Ո՞ր մատերիալներն են մոդայիկ լինելու:
-Այս գարնանը դիզայներները նախապատվությունը տվել են ավելի մատչելի մատերիալներին, որոնք նաեւ քիչ խնամք են պահանջում, թեկուզ հենց արդուկի առումով: Նորաձեւության բազմաթիվ տներ վերադարձել են մի քանի տարի առաջվա տենդենցներին եւ փորձել են մի քանի կարով բլուզներ ստանալ: Բլուզների մեջ աչքի են ընկնում տրիկոտաժի եւ մուլինե թելերի նուրբ համադրությամբ մոդելները, ինչպես նաեւ այն բլուզները, որոնք զարդանախշված են էկզոտիկ թռչունների պատկերներով: Դրանք բավական մեծ տարածում ունեն հավաքածուներում: Ինչ վերաբերում է տաբատներին, ապա մոդայիկ են կարճ, կիպ եւ բնական հումքից կարված մոդելները:
-Գարնանային վերարկուների մասով ի՞նչ միտումներ են տարածված:
-Ավելի շատ տարածված են ժակետները, ինչպես նաեւ նուրբ վիլյուրից եւ խոշոր գործվածքներով oversize մոդելները: Այս գարնանը նաեւ ջինսե վերարկուներն են նորաձեւ, որոնք կրում են ե՛ւ որպես զգեստ, ե՛ւ տաբատի ու բլուզի հետ համադրելով: Ի դեպ, վերնահագուստների դեպքում դիզայներները մի փոքր սահմանափակել են շղթաների կիրառումը:
-Իսկ ինչպիսի՞ կոշիկներ, կիսակոշիկներ կրել այս գարնանը, ի՞նչ ոճի եւ ի՞նչ ձեւի:
-Դեռ նախորդ տարվա նորաձեւությունից մնացել են կաշվին փոխարինող մատերիալով մոդելները, եւ եւս մեկ հետաքրքիր տենդենց, որն արդեն սպասվում է ամռանը՝ դասական կոշիկների եւ կեդերի միքս: Մի քանի տարի առաջ նորաձեւության որոշ տների կողմից բացասական արձագանք եղավ այս մոդելների առնչությամբ, սակայն արդեն այս տարի դիզայներներն ավելի շատ են անդրադարձել տվյալ միքսին, քանի որ տեսել են, թե այն երիտասարդության կողմից որքան պահանջված է: Իսկ կիսակոշիկներից ակտուալ են լայն վերնամասով մոդելները, որոնք չեն գրկում ոտքերը եւ որոնք երկու կողմից պատված են շղթաներով:
-Իսկ պայուսակների մասով ի՞նչ կասեք:
-Պայուսակներից աչքի են ընկնում շատ մեծ մոդելները, որոնք կարծես ճամպրուկներ լինեն: Դրանք պատված են գոբելենով եւ հիշեցնում են բազմոցի ծածկոց:
-Ակնոցի տեսականին եւս բազմազան է: Ի՞նչ խորհուրդ կտաք՝ ո՞ր գույնի եւ ձեւի մոդելների վրա կանգ առնել:
-Ակնոցներից ակտուալ են վերեւի հատվածում լայն, իսկ ներքեւի հատվածում արդեն նեղացող տեսակները՝ իրենց բազմաթիվ երանգներով: Նույն ֆորման կարող է ունենալ մի քանի երանգներ: Այդպիսի ակնոցները շատ ակտուալ են` ե՛ւ դասական, ե՛ւ սպորտային ոճերում հանդես գալու համար:
-Մի փոքր էլ անդրադառնանք զարդերի տեսականուն: Այստեղ մեզ ի՞նչ է առաջարկվում:
-Զարդերից ակտուալ են մատանիները, որոնք մնացել են դեռեւս նախորդ սեզոնից ու դեռ ավելի են շատացել: Սակայն, ի տարբերություն նախորդ սեզոնի, այս սեզոնում դրանք ավելի պարզ բնույթ են կրում եւ ավելի նուրբ են՝ պատված էթնոզարդանախշերով:
-Չոկերները կրկին մոդայի՞կ են:
-Պահպանվել են որոշ հավաքածուներում, սակայն մասսայական տարածում չունեն:
Հավելենք նաեւ, որ այս տարի նորաձեւության տները մեծ տեղ են հատկացնում ռետրո ոճի պտավոր նախշերին, ընդ որում, դրանք կիրառվում են ոչ միայն հագուստի, այլեւ աքսեսուարների պարագայում: Հավաքածուներում ուրույն տեղ են գրավում նաեւ փետուրները: Թրենդային են դրանցով զարդարված պայուսակները, կոշիկները, վերարկուները, զգեստներն ու կիսաշրջազգեստները:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐՈՎ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ

Դերասան, ռեժիսոր Գագիկ Մադոյանը նկարահանում է իր՝ թվով երկրորդ կարճամետրաժ ֆիլմը. ե՛ւ ռեժիսորը, ե՛ւ սցենարիստը ինքն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ Գագիկը: Հիշեցնենք, որ նրա «Ճանապարհ» կարճամետրաժ ֆիլմը 2015-ին արժանացել է «One short» եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոների ժյուրիի հատուկ եւ Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակներին:

Հարցին՝ հնարավո՞ր եղել է, արդյոք, հովանավորներ գտնել, թե՞ ֆիլմը նկարահանվում է պետության հովանավորչությամբ, Գագիկը պատասխանեց. «Ցավոք, հայ հանրությունն այնքան հետաքրքրված չէ կարճամետրաժ ֆիլմերով, որ ներդրողները շահագրգռված լինեն դրանք հովանավորել, այնինչ` ամբողջ աշխարհում կարճամետրաժ ֆիլմերն ավելի մեծ հետաքրքրութուն են առաջացնում, քան լիամետրաժները: Դրանց յուրահատկությունն այն է, որ սեղմ ժամանակահատվածում պետք է կարողանաս տեղ հասցնել ֆիլմի գաղափարն ու ասելիքը: Այնպես որ, այս ֆիլմը միայն պետության հովանավորչությամբ կարող է նկարահանվել: Երեւի մայիսին այդ հարցը լուծված կլինի»:
Գագիկը նպատակ ունի ֆիլմը ներկայացնել փառատոներում, ապա հանձնել հանդիսատեսի` ավելի լայն լսարանի դատին: Նա նաեւ պատրաստվում է առաջիկայում նկարահանել լիամետրաժ ֆիլմ: Մենք հարցրինք՝ որպես դերասան` առաջիկայում նրան նոր նախագծերում կտեսնե՞նք. «Այո՛, նոր ֆիլմերում նկարահանվելու առաջարակներ ունեմ, պարզապես դեռ բանակցությունների մեջ ենք, այդ պատճառով էլ մանրամասներ չեմ հայտնի»,-ասաց դերասանը:
Գագիկը նաեւ տեղեկացրեց, որ բուռն գործունեության մեջ է Երեւանի պետական համազգային թատրոնում: Գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը բեմադրում է շվեյցարացի թատերագիր Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուսը», որտեղ ընդգրկված է նաեւ Գագիկը, ընդ որում՝ նա մարմնավորելու է միանգամից մի քանի կերպար: Շուտով կլինի ներկայացման պրեմիերան:
Մենք դերասանի հետ մի փոքր զրուցեցինք նաեւ նրա անձնական կյանքից: Հիշեցնենք, որ Գագիկը նախկինում ամուսնացած էր դերասանուհի Անի Ղազարյանի հետ: Նրանք, սակայն, վաղուց են ամուսնալուծվել: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ Գագիկն իր անձնական կյանքը կրկին դասավորելու ծրագրեր ունի՞, ե՞րբ դերասանը նորից կամուսնանա. «Այս տարի ամուսնություն մի՛ սպասեք, շատ գործեր կան անելու: Ամեն դեպքում, ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եմ, որ իմ կողքին կին ունեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս