ՈՐՈՇՈՒՄԸ ՉԿԱ, ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեղերի բացթողման նոր կարգն իսկապես գլխացավանք է դարձել բոլորի համար. նախ՝ պարզվում է` այս գործընթացն ապօրինի է. ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով եւ առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն նշված չէ իրավական ակտը, որով նախատեսված են այդ ցանկերը. նշված չէ, որովհետեւ նման իրավական ակտ պարզապես չկա: Կառավարությունը դեռ նոր պետք է որոշում ընդունի: Սա, իհարկե, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավիճակ է՝ գոնե երկու դրվագներով. ինքնիրավչություն, պաշտոնեական դիրքի չարաշահում: Ինչո՞ւ, որովհետեւ առանց իրավական ակտի նախարարությունը դեղատներին եւ բժիշկներին պարտադրում է դեղատոմսով դեղ բաց թողնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանին, սակայն նա պատասխանեց, թե հարցի պատասխանատուն առողջապահության նախարարությունն է: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռքերը լվանում է նախարարության իրականացրած այս դեպքում ապօրինի գործողություններից:
Ու այդ ընթացքում մարդիկ պարզապես հայտնվել են անելանելի վիճակում. ոչ աշխատանքային ժամին, շաբաթ, կիրակի օրերին պարզապես իրավունք չունեն հիվանդանալ ու դեղ խմելու անհրաժեշտություն ունենալ, քանի որ պոլիկլինիկաներում աշխատակիցներ չկան, իսկ հիվանդանոցներում հերթեր են. դեղատոմսի համար մարդ հետազոտելու ժամանակ չունեն: Քաղաքացին էլ շատ դեպքում հիվանդանոց գնալու փող չունի: Ահա վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նորամուծության հերթական դրսեւորումը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա ամիսներին Մարտի 1-ի գործի հետ կապած հետաքրքիր զարգացումների ականատես լինենք: Միգուցե ստեղծվի նոր փաստահավաք խումբ` իհարկե, նոր կազմով, նոր լիազորություններով, կամ, միգուցե, ՀՔԾ-ն նախկին փաստահավաք խմբի զեկույցների հիման վրա կոնկրետ քայլեր անի: Ակնհայտ է, որ առանց Սերժ Սարգսյանի համաձայնության ո՛չ ԱԺ լսումները կանցկացվեին, ո՛չ էլ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումներին ՀՀԿ-ն համաձայնություն կտար: Եւ ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է կրկին անդրադառնալ այս թեմային, նշանակում է՝ առաջիկայում որոշակի տեղաշարժի կարելի է ականատես լինել: Նախկին փաստահավաք խմբի անդամներից Անդրանիկ Քոչարյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, թե քաղաքական դաշտում փոփոխություններ են տեղի ունենում. նոր պաշտոնյաներ են նշանակվում, հույս ունի, որ դա ինչ-որ կերպ կնպաստի գործի տեղաշարժին:

 

 

 

ԱԺ ներկայացված «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում» փոփոխությունների նախագծով նախատեսված է նոր սահմանադրության պայմաններում վարչապետի ձեռքում կենտրոնացնել նաեւ պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ շնորհելու իրավունքը: Ճիշտ է` սահմանադրությամբ այդ կոչումներն ու պարգեւները շնորհելու լիազորությունը նախագահինն է, բայց բացառապես վարչապետի առաջարկությամբ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, որ ամենայն հավանականությամբ զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, որոշող է լինելու նաեւ այս հարցում: «Ժողովուրդ» օրաթերթը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ՀՀ ապագա վարչապետի գերկենտրոնացված իշխանություն ունենալու հանգամանքին: Ու եթե վարչապետին պետական կառավարման, անվտանգության ապահովման հետ կապված լիազորություններով օժտելը կարելի է տրամաբանական համարել, առնվազն տարակուսանք է առաջացնում պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհելու լիազորությունները եւս գործադիրի ղեկավարին շնորհելը: Բայց, դե, սա էլ արվում է` մերձիշխանական մտավորականներին շոյելու եւ հարկ եղած դեպքում ՀՀԿ օգտին օգտագործելու համար:

 

 

 

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի` ազգությամբ եզդի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը պատմել է,որ Զովունիում եզդիներն ունեցել են իրենց գերեզմանը, որը, սակայն, նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը պաշտոնավարման վերջին ընթացքում վաճառել է իր որդուն: Ու հիմա եզդիները, որ իրենց օրենքներով պետք է հանգուցյալին հուղարկավորեն ազգային գերեզմանում, մարդկանց թաղելու տեղ չունեն. «Մեր եզդիները գնացել են գյուղապետարան, ուսումնասիրել են փաստաթղթերը, ու պարզվել է, որ այդ տարածքը հիմա նախկին գյուղապետի որդու անունով է»,- ասել է Թամոյանը: Այս ընթացքում գյուղում խոսակցություններ են պտտվում, որ Ավետիսյանների ընտանիքը մտադիր է կլորիկ գումարով այդ հողամասը վաճառել եզդիներին: Ս. Ավետիսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, քանի որ երեկ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Ահա, թե ինչպես են իշխանությունները հարգում ազգային փոքրամասնությունների իրավունքները:

 

 

 

ԱՊՐԻԼԻՑ ՀԵՏՈ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը կակտիվանա ընտրություններից հետո: «Կողմերը որոշել են Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո քննարկումներն ավելի եռանդուն կերպով շարունակել: Երբ երկու պետություններում նոր կառավարություններ ձեւավորվեն, մենք ինտենսիվ կերպով կշարունակենք բանակցությունները»,- պնդել է Մամեդյարովը:
Այլ կերպ ասած` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում լուրջ տեղաշարժ կարելի է ակնկալել միայն ապրիլից հետո, երբ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում ավարտված կլինեն ներքաղաքական վերադասավորումները: Սա միանգամայն սպասելի էր. վերջին իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ ապրիլից հետո ԼՂ խնդրով բանակցությունները նոր թափ են ստանալու, արագ հանգուցալուծման ակնկալիքով:
Ինչպես հայտնի է` ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Ընդ որում, նախագահական ընտրություններն այդ երկրում պետք է տեղի ունենային հոկտեմբերին, սակայն Իլհամ Ալիեւի հրամանագրով այդ գործընթացն արագացվեց:
Դրանից հետո նաեւ Հայաստանում են ընտրություններ սպասվում. ընտրողը, սակայն, լինելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը եւ ընտրելու է վարչապետին` նոր սահմանադրությամբ երկրի փաստացի ղեկավարին: ՀՀ-ում վարչապետի ընտրությունները նախատեսված են ապրիլի 16-ին:
Երկու երկրներում էլ այդ ընտրությունների ելքը կանխատեսելի է. Ադրբեջանում երկրի ղեկավար կմնա Իլհամ Ալիեւը, Հայաստանում` Սերժ Սարգսյանը: Այնպես որ, երկու երկրների իշխանություններից այլեւս ժամանակ չի պահանջվի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ծանոթանալու, ըստ այդմ հունի մեջ մտնելու համար:
Ընդհակառակը, իշխանության վերջնական վերաձեւավորումից հետո նրանք առավել քան լայն թափով պետք է լծվեն բանակցային գործընթացին: Այլապես հազիվ թե Ալիեւն Ադրբեջանում արագացներ նախագահի ընտրությունները: Տրամաբանությունը հուշում է, որ այս քայլին նա գնացել է միջազգային հանրության, մասնավորապես Ռուսաստանի հորդորով, որպեսզի ստիպված չլինեն սպասել մինչեւ հոկտեմբեր: Մանավանդ, հիշեցնենք, մարտի 18-ին էլ նախագահական ընտրություններ են լինելու նաեւ Ռուսաստանում եւ կրկին շատ կանխատեսելի ելքով: Եւ Վլադիմիր Պուտինն իշխանության վերահաստատվելուց հետո ձեռնամուխ է լինելու ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին բավական լայն թափով: Ի վերջո, ՌԴ-ն իր ազդեցության սահմաններն ընդլայնել է մինչեւ Պարսից ծոց, եւ չէր ցանկանա այդ ընթացքում Կովկասում ունենալ թեժ կետ:




Լրահոս