Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը մի քանի կուսակիցների հետ միասին Ազատության հրապարակում հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելուն ուղղված հարցերին: Երեկ Ազատության հրապարակում ներկա չէին դաշինքի մաս կազմող մյուս կուսակցությունների ներկայացուցիչները: «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանն այստեղ տարօրինակ ոչինչ չի տեսնում՝ նշելով, թե սա անհատապես Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է:
-Պարո՛ն Միրզոյան, ինչո՞ւ «Ելք» դաշինքի անդամներն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ Ազատության հրապարակում չեն:
-Բայց դա ինչ կապ ունի: Այսօր իր հանդիպումն էր քաղաքացիական ակտիվիստների հետ, որ առաջարկել են իրեն հանդիպել: Զուտ զանգվածային միջոցառում չէր հայտարարված, որ իր կողքին շատ մարդ լիներ:
-Իսկ ի՞նչ քննարկումներ են ընթանում դաշինքում, դրանք ի՞նչ փուլում են գտնվում:
-Գիտեք՝ երեկվանից այսօր բան չի փոխվել, մենք ունենք մեր համար սահմանած ժամկետ, դա մոտավորապես հաջորդ շաբաթն է: Եվ կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա վերջին կամ մյուս շաբաթվա սկզբին կիմանաք պատասխանը, եւ, բնականաբար, կհրապարակվի:
-Հայտնի է, որ «Ելք» դաշինքում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու հարցում տարակարծություններ են առկա: Դուք ինչպիսի՞ պայքարի կողմնակից եք:
-Տեսեք, ընդհանրապես բազմակարծությունը «Ելք» դաշինքում եւ այդ դաշինքի անդամ առանձին վերցրած կուսակցություններում միշտ կա՝ ամենատարբեր հարցերում: Շատ քիչ դեպքեր կարող եմ հիշել, երբ որ միանգամից բոլորը միակարծիք են: Միշտ լինում են փաստարկներ, հակափաստարկներ, գնահատվում են ռիսկերը, մանավանդ այսպիսի լուրջ հարցերի դեպքում, ինչպիսին փողոցային շարժում սկսելն է: Հիմա իմ մասով կարող եմ ասել, որ ես չեմ կարող ինքս ինձ հետ ներդաշնակ լինել, եթե նաեւ փողոցային պայքարի ճանապարհով չփորձենք ձեւավորել ժողովրդի կամարտահայտություն, որը կկանխի Սերժ Սարգսյանի վարչապետ լինելը:
-Հնարավո՞ր համարում եք, որ այդ տարակարծություններն ավելի լուրջ հետեւանքի հանդիպեն, ընդհուպ դաշինքի փլուզման:
-Մենք բազմիցս ֆիքսել ու հայտարարել ենք, որ «Ելք»-ում կա կոնսենսուս այն մասին, որ երրորդ ժամկետն անընդունելի է: Հիմա այստեղ դա կանխելուն ուղղված քայլերի մեթոդական քայլերի շուրջ կան որոշակի տարակարծություններ, որոնք քննարկում ենք: Շատ հնարավոր է, որ հասնենք կոնսենսուսի, կամ եթե չհասնենք նույնիսկ կոնսենսուսի, այդ ժամանակ կերեւա: Ես այս պահին հիմք չեմ տեսնում «Ելք» դաշինքի փլուզման համար:
-Այս դեպքում փողոցային պայքարին դեմ է «Լուսավոր Հայաստանը»՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի: Հնարավո՞ր համարում եք մյուս երկու ուժով այդպիսի պայքար սկսելը:
-Հնարավոր տարբերակ եմ համարում: Ինքս, ճիշտն ասած, չեմ ուզում մտածել այդ մասին: Ես կարող եմ ասել, որ դեպքերի հարյուր տոկոսը եղել է կոնսենսուս, ինչքան էլ որ շատ այլ հակառակ կարծիքներ են եղել: Կարծում եմ՝ այս անգամ էլ կհաջողվի կոնսենսուսի հասնել: Բայց նաեւ սարսափելի բան չեմ տեսնում, եթե դաշինքի անդամ կուսակցություններից ինչ-որ մեկը կամ երկուսը որոշեն ինչ-որ գործողություն անել, որը չլինի երրորդի սրտով:
-Այսինքն՝ միայնակ պայքար կլինի՞:
-Թեկուզ: Ես դրանից չեմ բխեցնում «Ելք»-ի փլուզման ինչ-որ հավանականություն: Որովհետեւ արժեքների, գաղափարների, նպատակների առումով էական հարցերի շուրջ մենք ունենք կոնսենսուս, ինչպես ունեցել ենք նախկինում:
-Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկության շուրջ աղմուկը կարծես մարել է: Դիմելո՞ւ եք իրավապահ մարմիններին:
-Դեռ չէ, բայց դիմելու ենք: Պետք է լինի հետաքննություն, ուզում ենք հետամուտ լինել:
-ՀՀԿ-ականները մեկնաբանում են, թե գտել եք ձեր խմբակցության «դավաճաններին» եւ այդ պատճառով էլ լռում եք:
-Ես կասեի, որ շատ-շատ շտապել են ՀՀԿ-ականները եզրակացնել: Ես ուզում եմ ընդգծել, որ իսկապես մենք մեր ներսում չունենք որեւէ քննարկում եւ կասկած մեկս մյուսի նկատմամբ: Բոլորը դեմ են քվեարկել եւ բոլորը բոլորին վստահում են:
Հ.Գ. Երեկ քաղաքացիների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը եւս չբացառեց, որ համաձայնության չգալու դեպքում ՔՊ-ն կարող է միայնակ պայքար սկսել: ««Ելք» դաշինքը երեք քաղաքական ուժերից է կազմված, ես հույս ունեմ, որ կգանք համատեղ որոշման, եթե չգանք, ուժերից յուրաքանչյուրն իր համար որոշում կկայացնի», – նշել է նա:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԻՆՏՐԻԳ՝ ՀԱՅՏՆԻ ԱՎԱՐՏՈՎ
Երկրի վարչապետի ընտրությանը մնացել է մոտ մեկ ամիս: Իշխող Հանրապետական կուսակցությունում թեեւ մի կողմից փորձում են խնամքով թաքցնել վաղուց բոլորին պարզ որոշումը, սակայն մյուս կողմից կարկառուն ՀՀԿ-ականներն առիթը բաց չեն թողնում իրենց «երազանքների» թեկնածուի մասին խոսելու:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում փորձել է ինքնատիպ երեւալ` նշելով, թե քաղաքականությունը խայտաբղետ է, եւ վարչապետի թեկնածուի հարցում ոչինչ չի բացառվում: Բաղդասարյանն, այսպիսով, փորձում է դեռեւս պահել ինտրիգը: Նա շեշտել է, որ վարչապետի թեկնածուի հարցով որոշումն, իհարկե, կայացնելու է կուսակցությունը: Իսկ եթե Սերժ Սարգսյանը ցանկություն չունենա առաջադրվել այդ պաշտոնում, պե՞տք է ենթարկվի կուսակցական որոշմանը, Բաղդասարյանն ասել է, թե բոլորը պետք է ենթարկվեն քաղաքական ուժի որոշմանը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանին որեւէ մեկը կարող է կուսակցությունում ենթարկեցնել, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ եթե Վահրամ Բաղդասարյանն ասել է, ուրեմն մի բան գիտի: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա` թեմայի շուրջ Բաղդասարյանը բոլոր հարցերի պատասխանը տվել է:
Շատ ավելի կոնկրետ է գտնվել ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գեներալ Մանվել Գրիգորյանը, պատասխանելով ապագա վարչապետի վերաբերյալ հարցին` դիտարկմանը, թե ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը չի կարող նորից վարչապետ լինել, ոչ ավել, ոչ պակաս ասել է. «Կարեն Կարապետյանն ով ա, ինքն ի՞նչ գիտի Արցախի մասին: Սերժ Սարգսյանից գիտակից մարդ չկա»:
Նկատենք` թեեւ Կարեն Կարապետյանը ղարաբաղցի է, ծնվել է Ստեփանակերտում ու պետք է, որ բացի քաղաքական կարգավիճակից` նաեւ այս առումով բավական քաջատեղյակ լինի արցախյան խնդրին: Սակայն հանուն արդարության պետք է նկատենք, որ մինչեւ այժմ` վարչապետության մոտ մեկ ու կես տարիների ընթացքում, նա արցախյան խնդրի շուրջ որեւէ հստակ դիրքորոշում չի հայտնել: Բացի հերթապահ խոսքերից` Կարապետյանից հանրությունն այս թեմայով ոչինչ չի լսել. պարզ չէ՝ նա ինչպես է պատկերացնում ԼՂ խնդրի լուծումը, փոխզիջումներ հասկացության տակ ի՞նչ է տեսնում, մինչեւ որտե՞ղ է պատկերացնում փոխզիջումը եւ այլն:
Ամեն դեպքում, վարչապետը երեկ չի պատասխանել գեներալ պատգամավորի խոսքերին. վարչապետի խոսնակ Արամ Արարատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե ցանկություն չկա մեկնաբանելու Մանվել Գրիգորյանի անձնական տեսակետը: Իսկ արդյո՞ք վարչապետը կպատասխանի Գրիգորյանին, խոսնակը չնշեց:
Մինչ այդ նկատենք, որ պարզ է՝ հանրապետականները հենց ղարաբաղյան խնդիրն են առաջ բերելու եւ հիմնականում այս կերպ հիմնավորելու Սերժ Սարգսյանի` որպես վարչապետի լավագույն թեկնածու լինելու հանգամանքը:
Հաշված օրեր անց ինտրիգը կհասնի հանգուցալուծման: Սպասենք հայտնի վերջաբանին:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՑՄԱՀ ՊԱՇՏՈՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
Երեկ հրաժարական է ներկայացրել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Սա, իհարկե, սպասելի իրադարձություն էր. մարտի 23-ին լրանալու է նրա 70-ամյակն, ու ավարտվելու էր նրա պաշտոնավարման ժամկետը: Բայց իշխանություններն արագացրին այդ իրադարձությունը. նախորդ շաբաթ ԱԺ-ն Գագիկ Հարությունյանին ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, երեկ էլ ԲԴԽ անդրանիկ նիստում նա ընտրվել է նորաստեղծ այդ կառույցի նախագահ: Զարմանալի զուգադիպությամբ` Գ. Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնը թողեց այն ժամանակ, երբ նոր սահմանադրությամբ ՀՀ-ում այլեւս ժողովրդի կողմից նախագահական ընտրություններ չեն անցկացվելու, այսինքն՝ Հարությունյանը, որ եղել է բոլոր կեղծված ընտրութունները ՍԴ որոշմամբ «օրինականացնողը», այլեւս այս հարցում անելիք չի ունենա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սպասվում է, որ ՍԴ նախագահ կարող է ընտրվել ՀՀ արդարադատության նախկին նախարար, նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, որին խորհրդարանն ընտրել է ՍԴ անդամ: Հատկանշական է փաստը, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ դարձավ, իսկ հետո ՍԴ նախագահ կընտրվի հին սահմանադրության պայմաններում. Սահմանադրության՝ ՍԴ-ին վերաբերող հոդվածներն ուժի մեջ կմտնեն ապրիլից: Նոր սահմանադրության համաձայն` ՍԴ անդամ ընտրվում են 12 տարի ժամկետով, իսկ ՍԴ նախագահ՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի: Մինչդեռ հին սահմանադրության համաձայն` ՍԴ անդամն ու ՍԴ նախագահը կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը: Եւ հիմա Գ. Հարությունյանի հրաժարականն արագացնելով` իշխանությունները Հ. Թովմասյանին գրեթե ցմահ պաշտոնավարելու հնարավորություն են ընձեռել. Թովմասյանն այժմ 48 տարեկան է, եւ ստացվում է` առաջիկա 17 տարին կարող է հանգիստ լինել, որ ապագան ապահովված է: Մեկ փաստ էլ. մինչեւ ՍԴ անդամ դառնալը ՀՀԿ-ական եղած Հ. Թովմասյանը ժամանակին անդամակցել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությանը:
48 000 ԵՎՐՈ` ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: Եւ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ի`«Ադյանը եւ այլք» ընդդեմ Հայաստանի» գործով պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում 4 դիմումատուներից յուրաքանչյուրին վճարել 12 հազար եվրոյին համարժեք դրամ: Այսինքն` ընդհանուր առմամբ 48 հազար եվրո` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՄԻԵԴ-ը միաձայն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի` մտքի, խղճի եւ կրոնի ազատության խախտում: Նշենք, որ գործը վերաբերում է թվով չորս Եհովայի վկաների, ովքեր 2011թ. դատապարտվել են` իրենց կրոնական համոզմունքների պատճառով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: