ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՏԵՂԱՇԱՐԺ Է ՆՇՄԱՐՎՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն անակնկալ կերպով համաձայնեց խորհրդարանի օրակարգում ընդգրկել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը: Ճիշտ է` տեսակետ կա, որ այդ հայտարարությունն ԱԺ նիստում քննարկվելուց հետո կմերժվի, բայց փետրվարի 23-ի խորհրդարանական լսումներից հետո այս թեման կրկին ԱԺ օրակարգ բերելու, խորհրդարանի ամբիոնից լայնորեն հնչեցնելու, քննարկելու հարցում իշխանությունների պատրաստակամության փաստն ինքնին ուշագրավ է:

Նախ՝ ակնհայտ է, որ առանց Սերժ Սարգսյանի համաձայնության ո՛չ ԱԺ լսումները կանցկացվեին, ո՛չ էլ «Ելք» խմբակցության հեղինակած հայտարարության քննարկումներին ՀՀԿ-ն համաձայնություն կտար: Եւ ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է կրկին անդրադառնալ այս թեմային, նշանակում է՝ առաջիկայում որոշակի տեղաշարժի կարելի է ականատես լինել: Չի բացառվում, որ խորհրդարանում Մարտի 1-ի թեմայով քննարկումներն իրենց իրավական հետեւանքներն ունենան. Մարտի 1-ի գործով հետաքրքիր զարգացումների ականատես լինենք: Առավել եւս, երբ հայտարարության նախագծում արձանագրումներ կան, որ իրավապահ մարմիններից ԱԺ-ն պահանջում է սեղմ ժամկետներում բացահայտել եւ պատասխանատվության կանչել սպանությունների կազմակերպիչներին եւ կատարողներին:
Իշխանական մեր աղբյուրները, ամեն դեպքում, առաջիկա ամիսներին Մարտի 1-ի գործի հետ կապած հետաքրքիր զարգացումներ են կանխատեսում: Հատկանշական է, որ 2008 թվականի հոկտեմբերի 23-ին ընդդիմության եւ միջազգային հանրության ճնշման ներքո Սերժ Սարգսյանը ստիպված կարգադրություն ստորագրեց փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու մասին: Սակայն մեկ տարի անց` 2009-ի հունիսին, Սարգսյանն ապօրինի կերպով լուծարեց խումբը, ինչի արդյունքում, ըստ էության, կանխվեց ողբերգական դեպքերի ամբողջական բացահայտումը: Մինչ այդ, իհարկե, փաստահավաք խումբը, հետո արդեն՝ խմբի անդամներից ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանն ու «Ժառանգության» կողմից առաջադրված Սեդա Սաֆարյանը զեկույցներ պատրաստեցին` այդ ոճրագործության վերաբերյալ ուշագրավ փաստեր բացահայտելով:
Հիմա չի բացառվում, որ կրկին ականատես լինենք նոր փաստահավաք խմբի կազմավորման, միգուցե բոլորովին այլ կազմով, բայց եւ լուրջ լիազորություններով: Կամ էլ գործը բացահայտելու ուղղությամբ կոնկրետ այլ քայլերի:
Լուծարված փաստահավաք խմբի անդամներից մեկը` Անդրանիկ Քոչարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ այժմ, քանի որ քաղաքական դաշտում փոփոխություններ են տեղի ունենում. նոր պաշտոնյաներ են նշանակվում, հույս ունի, որ դա ինչ-որ կերպ կնպաստի գործի տեղաշարժին: «Արմեն Սարգսյանը դարձել է նախագահ: Կարծում եմ` նա պետք է իր դիրքորոշումը հայտնի այս հարցի շուրջ»,-շեշտեց Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանն ինքն էլ մտավախություն ունի, որ գուցե հարցով ընդհանրապես չզբաղվեն, եւ իրենք մեկ տարի հետո` մարտի 1-ին միայն նորից անդրադառնան այս խնդրին` խորհրդարանում դարձյալ լսումներ իրականացնելով: Սակայն կարծում է, որ գործին անհապաղ պետք է ընթացք տրվի, ավելին` լսումների ժամանակ առաջ քաշված որոշ հարցեր նույնպես պետք է ուսումնասիրվեն:
Հայտարարության 3-րդ կետով անընդունելի է համարվում փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ, ինչպես այնտեղ նշված է` խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին: Եվ այս համատեքստում արդյո՞ք հնարավոր է նոր փաստահավաք խմբի ձեւավորում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Օրակարգում նման հարց չկա: Օրակարգում հայտարարության նախագիծն է, որը դրական եզրակացություն է ստացել: Դա ընդհանուր օրենքի նախագծի ռեժիմով պետք է քննարկվի: Եվ փաստահավաք խումբ ստեղծելու պահանջ հայտարարությունը չի պարունակում»: Մախմուդյանն ավելացրեց, որ ԱԺ լիագումար նիստում կերեւա, թե հարցն ինչ ընթացք կստանա: Ինչի՞ սպասեն սպանված տղաների ծնողները, Մախմուդյանը նշեց. «Ես դժվարանում եմ ասել` ինչի սպասեն սպանված կամ զոհված տղաների ծնողները: Գլխավոր դատախազի զեկույցը եղավ, որ գործը կասեցված չէ, եւ աշխատանքները շարունակվում են»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը կարծում է` քանի որ հայտարարությունը քաղաքական փաստաթուղթ է, պահանջում է քաղաքական ուժերի կամք` այն կատարելու համար: Պահանջների չընդունման դեպքում դաշինքը պատրաստ է նոր նախաձեռնություններով հանդես գալ: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում քննվող գործերին, Զեյնալյանը մանրամասնեց, որ մի շարք գործերով Եվրադատարանում արդեն ավարտված է հաղորդակցությունը, ավարտված են բոլոր տեսակի փոխանակումները` բողոքների, առարկությունների: Մնացել է վճիռների հրապարակումը: «Իհարկե, Ազգային ժողովը ՄԻԵԴ դիմել չի կարող, բայց ԱԺ որոշումն այս հարցով Եվրադատարանի համար կարող է լինել ուղերձ»,-շեշտեց Զեյնալյանը: Պատգամավորը նաեւ նշեց, որ վաղուց սպասում են այդ գործերով ՄԻԵԴ վճիռներին: Իսկ եթե այդ հարցով օրենք ընդունվի, անկախ Եվրոպական դատարանի գործերի ընթացքից, հնարավոր է նաեւ դրանք ստանան արդարացի հատուցում:
Այնպես որ, չի բացառվում` ՄԻԵԴ որոշումներից հետո իշխանությունները որոշակի քայլերի դիմեն:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի եւ ԱԺ ընտրություններում ընտրակեղծարարության՝ մեկից ավելի փորձ կատարած Դավիթ Ալեքսանյանի միջեւ պայքար է սկսվել: Հիշեցնենք` ԱԺ ընտրություններում Ալեքսանյանը ներկայացել էր Ամասիա գյուղի թիվ 30/37 ընտրատեղամաս եւ փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել: Այս արարքի համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման էր դատապարտել 2 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել: Շիրակի մարզի դատախազը դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում` պահանջելով, որ Դավիթ Ալեքսանյանին ազատազրկման դատապարտեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի բողոքը: Սակայն հիմա էլ ընտրակեղծարարի պաշտպանն է այդ որոշումը բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան: Թե ինչ որոշում կնդունի վճռաբեկը, ցույց կտա ժամանակը:

 

 

ԳՈՒՄԱՐ՝ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանը պետական բյուջեից միջոցներ չի խնայում` իր խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի գլխավորած «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամին հատկացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը պատրաստվում է այս հիմնադրամին 41 մլն 776 հազար դրամ հատկացնել, եւ որ հիմնադրամի կողմից նշված գումարով մինչեւ 2018 թվականի ավարտը նախատեսվում է իրականացնել 19 ծրագիր: Տեղեկացնենք, որ սա այն հիմնադրամն է, որի երիտասարդները պետական բյուջեի հաշվին փորձում են իրենց էլիտար հաճույքները բավարարել` ճոխ գնումներ իրականացնելով:

 

 

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդու՝ Համլետ Ներսիսյանի գլխավորությամբ ինքնիրավչության հատկանիշներով հարուցված գործով առերեսում են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս առերեսվել են գործով տուժող Ռաֆայել Մխիթարյանը եւ գործով վկա Յուրիկ Մինասյանի գազալցակայանի աշխատակիցները, որոնք տեսել են, թե ինչպես են տուժածին փորձում ստիպողաբար նստեցնել մեքենա եւ տանել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռ. Մխիթարյանը հայտնեց, որ վկաները այնպիսի ցուցմունքներ են տալիս, որ իրենք շատ քիչ բան են տեսել. «Այսինքն` մարդիկ վախենում են որեւէ բան ասել իրենց տեսածի մասին եւ ամեն ինչ տանում են նրան, որ գործով հիմնական դերակատար Համլետ Ներսիսյանին այս պատմությունից մաքրեն: Ես նամակով արդեն դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազի եւ խնդրել եմ, որ գործը քննվի ՀՔԾ-ում, քանի որ իրավապահները նախ պետք է ստուգեն, թե այս դեպքի հետ ինչ կապ ունի Համլետ Ներսիսյանի հարազատ եղբայրը՝ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը»:

 

 

ՖՐԱՆՍԻԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Երեւանը «վերադարձնելու» վերաբերյալ հայտարարություններին, նշել է, որ Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: «Ծանոթ եմ այդ հայտարարությանը: Դրան հետեւել է Ֆրանսիայի պաշտոնական հայտարարությունը: Կարեւոր է փաստել, որ Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց է տվել այդ հայտարարությանը: Կարեւոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որով դատապարտում է նմանառիթ ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: Այն երկիմաստ չէր»,-ընդգծել է դեսպանը:

 

 

ԱՐԱԳ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ
Նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի իշխող վերնախավը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Հարգանքի տուրք մատուցելով սպարապետի շիրիմի առաջ` բարձրագույն իշխանության ղեկավարները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցել են պատարագին, որի ավարտից հետո «Հայկական ժամանակ»-ի լրագրողը հարց է ուղղել Սերժ Սարգսյանին` առաջադրվելո՞ւ եք ՀՀ վարչապետի պաշտոնում: Սերժ Սարգսյանը շրջվել է, ուշադիր նայել հարցը տվողի կողմը, ապա շարունակել ճանապարհը: Նրան հետեւել են վարչապետը, ԱԺ նախագահը եւ մյուս պաշտոնյաները: Բոլորն արագ հեռացել են «Եռաբլուր»-ից:
 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ. «Համաձայն «ԱԺ կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի` հայտարարում եմ, որ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել»:

 

 

ՀԵԳՆԵԼ Է
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը կարծում է, որ մենք լիովին պատրաստ ենք հնարավոր պատերազմին դիմակայելու եւ այժմ էլ նախահարձակ քաղաքականություն ենք իրականացնում, ոչ թե պաշտպանողական: Դիտարկմանը, որ շատացել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարությունները, թե գրավելու են Հայաստանը, հիմա էլ` Երեւանը, Մովսես Հակոբյանը նշեց, թե այդ առումով Ադրբեջանի մոտ երբեք փոփոխություն չի լինում. «Իրենք 95 թվականից Շուշիում չայ են խմում»,- հեգնել է ԶՈՒ ԳՇ պետը:

 

 

1-ԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու: Թեկնածուի վկայականը նրան հանձնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը: Ի. Ալիեւը ապրիլի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ գրանցված առաջին թեկնածուն է:




Լրահոս