ՄՆԱՑԻՆ ԹԱՂԱՅԻՆ ԽՈՒԺԱՆՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել էր դատախազության ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ:

Մասնավորապես Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով օրենքի փոփոխության անհրաժեշտությանը, նշել էր. «Դրանք հնարավորություն չեն ընձեռում պայքար վարել հատկապես այն դեպքերում, երբ դա զուգակցվում է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ»,-ասել էր նա:
Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ չորսհարյուրապատիկի չափով: Ըստ նույն հոդվածի երկրորդ մասի` եթե նույն արարքները կատարել է պաշտոնատար անձը` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ապա առավելագույն պատիժը կարող է լինել երեք տարի ազատազրկումը: Եվ, վերջապես, նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ «առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»: Հիմա փոխվելու է քրեական օրենսգրքի 164 հոդվածի երրորդ մասը, քանի որ գործող կարգի համաձայն` մինչեւ յոթ տարի ազատազրկումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ 164-րդ հոդվածի առաջին ու երկրորդ մասերով նախատեսված արարքները կատարվել են միաժամանակ: Նախարարությունն առաջարկում է սահմանազատել պաշտոնյայի եւ ոչ պաշտոնյայի կողմից կատարված հանցանքը: Այսինքն` եթե տվյալ անձը խոչընդոտել է լրագրողի օրինական գործունեությանը՝ լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, եւ չի հանդիսանում պաշտոնատար անձ, միեւնույն է՝ նա նույնպես կարող է ազատազրկվել մինչեւ յոթ տարի ժամկետով:
Բայց արի ու տես, որ օրենսդրական այս փոփոխությունները դեռ երաշխիք չեն, որ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտած անձինք պատասխանատվության կենթարկվեն: Օրինակները բազմաթիվ են, երբ, չնայած տասնյակ տեսախցիկների առաջ կատարված հանցագործություններին, լրագրողների աշխատանքը բռնությամբ խոչընդոտածները չեն պատժվել:
Եւ այսպես` շուտով կլրանա 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում «էլեկտրիկ Երեւանի» բողոքի ակցիայի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողների գործով նախաքննության երեք տարին, սակայն գործով ազատազրկման դատապարտվեցին «մանր ձկները», մինչդեռ «խոշոր ձկները» մնացին օդից կախված: Ավելին` տեւական ժամանակ է, ինչ ՀՔԾ քննիչները բողոքի ակցիայի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողներին կանչում են հարցաքննության, սակայն վերջիններս հրաժարվում են ներկայանալ` պատճառաբանելով, որ չեն հավատում, թե իրավապահները կարող են պատժի ենթարկել որեւէ մեկին:
Ավելին` շուրջ երկու տարի է, ինչ ՀՔԾ-ում շարունակվում է Սարի թաղում ցուցարարների եւ լրագրողների դեմ բռնություն իրականացնելու գործով նախաքննությունը:
Ինչպես հայտնի է` ծեծուջարդի մեջ հիմնականում ներգրավված են եղել տարբեր քրեական գործերով մեղադրվող տարրեր: Գրել էինք, որ ՀՀ իշխանությունը թաղային խուժանի հետ գործարք Է կնքել. «Դուք մեզ օգնեք ցուցարարներին եւ լրագրողներին լռեցնելու հարցում, մենք Էլ ձեզ կներենք նախկինում կատարած ձեր հանցանքների համար»:
Եվ ահա ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը, թաղային խուժանին թողած, ընկել են օրենքի փոփոխության հետեւից:
Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կամ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը օրենքը փոփոխության ենթարկելով կարող են պատասխանատվության կանչել այս աղմկահարույց դեպքերի կիզակետում կանգնած պաշտոնատար անձանց, դժվար չէ կռահել: Ուստի լրագրողների գլխի տակ փափուկ բարձ դնելուց եւ օրենքը փոփոխության ենթարկելուց առաջ ՀՀ իրավապահները լավ կանեն` կոնկերտ անձանց կանչեն պատասխանատվության, որն էլ լրագրողները կհամարեն գործուն քայլ` ի պաշտպանություն իրենց մասնագիտական գործունեության:
Հ.Գ. Երեւանի ավագանու` փետրվարի 13-ի հայտնի նիստում եւս քաղաքապետարանի պաշտոնյաները խոչընդոտեցին լրագրողների գործունեությունը, բայց արի ու տես, որ մինչեւ հիմա այդպես էլ այդ դրվագն իրավապահների կողմից քննության առարկա չդարձավ: Թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2018 թվականի հունվարի 25-ից Դատական նոր օրենսգրքի համաձայն` Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանները միավորվեցին, եւ այսուհետ գործում է մեկ մարմին` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Նկատենք, որ նոր օրենսգրքի անցնելը իր հետ այլ խնդիրներ է առաջ քաշել: Մասնավորապես դատական նիստերը չեն կայանում տեխնիկական խնդիրների պատճառով:
Մասնավորապես տեխնիկական խնդիրների պատճառով չի կայացել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի կաշառքի գործով դատական նիստը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Վարդանյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանի եւ այլ անձանց գործով դատական նիստերը: Իսկ ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը: Բանն այն է, որ նոր դատական համակարգին անցնելով` մի շարք դատավորների նստավայրը փոխվել է, եւ վերջիններս չեն հասցրել կազմակերպել իրենց նստավայրի փոփոխության հարցը, ուստի երբ եկել է, հասել է դատական նիստերի օրը, դատավորները հայտնել են, որ նիստը չի կայանա, արդյունքում էլ դատական նիստերը հետաձգվում են: Թե որքան կտեւի դատավորների` մեկ նստավայրից մեկ այլ նստավայր տեղափոխվելու գործընթացը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան, որ շատ դատական նիստեր այդ պատճառով չեն կայանում, եւ դատարան հասած փաստաբաններին այլ ելք չի մնում, քան սպասել:

 

 

 

ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
2017 թվականի հոկտեմբերի 31-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի` պատանդառության միջադեպի գործող մեղադրյալ Արգամ Հովիկյանի կալանքը կրկին երկարաձգվել է 2 ամսով: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ այս գործով նոր փորձաքննություններ են նշանակվել: Մասնավորապես փորձաքննությունները նշանակվել են մանկապարտեզում Արգամ Հովիկյանի կողմից դանակի գործադրման եւ նրա հետ նույն սենյակում գտնվող անձանց վնաս հասցնելու հանգամանքների հետ կապված: Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր մանկապարտեզ եւ պահանջել իր նախկին կնոջը` Լիլիթ Հովհաննիսյանին: Նա դանակով հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջը, մանկապարտեզի տնօրենին, որը իր կնոջ տատիկն է, եւ պատանդ վերցրել երեք տարեկան երեխային: Նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Արգամ Հովիկյանին, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԱՄՈՒՍՆՈՒՆ
Երեկ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Դավիթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի շքամուտքից բուժօգնության է տեղափոխել 1981թ. ծնված Գ. Վ.-ին: Պարզվել է, որ նշված շենքի բնակարաններից մեկում վիճաբանության ժամանակ Գ. Վ.-ին խոհանոցում խոհանոցային դանակով հարվածել եւ վնասվածք է պատճառել կինը: Նշանակվել է ԴԲՓ:

 

 

 

20 ՏԱՐԻ
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Մ. Մխիթարյանն իր նկատմամբ կայացրած դատավճիռն ընդունել է` արցունքներն աչքերին: Նրա դատավճիռն ընթերցվել է առանց նրա շահերի պաշտպան Մարինե Ֆարմանյանի ներկայության: Նշենք, որ մեղադրողը Մուշեղ Մխիթարյանի համար պահանջել էր 20 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին` բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Սպանության մեջ մեղադրվում էր Մ. Մխիթարյանը, որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը: Նշենք, որ այս դեպքը այդպես էլ հանրության համար մնաց առեղծված, քանի որ մինչ դատարանում ընթանում էր դատաքննությունը, այս գործով միակ եւ կարեւոր վկայի` Աննայի ողջ ընտանիքը, այդ թվում եւ Աննան մահացան (գազի արտահոսքից):

 

 

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Հարուցվել է քրգործ` օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, եւ նա ձերբակալվել է: Չեխիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ Գուգարքում հեծանվով զբոսնելիս մոլորվել է ու հայտնվել ամայի դաշտում, որտեղ իրեն է մոտեցել մի երիտասարդ եւ փորձել բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ: Կատարվել է անձի ճանաչում, եւ աղջիկը ճանաչել եւ մատնացույց է արել երիտասարդին: Քրեական գործի առանձնահատկությունները հաշվի առնելով` այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

 

 

ԱՊՐԻԼԻ 2-Ը` ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՀՀ կառավարությունը կքննարկի 2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը ապրիլի 7-ը` շաբաթ օր տեղափոխելու մասին հարցը: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:




Լրահոս