«ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՄԻԱՊԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԸՆԴՈՒՆԵՑԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը, ով հանրությանը հայտնի է «Բացիր աչքերդ», «Սերն է խոսում», «Մնա», «Երազում» ձայնասկավառակներով, մի շարք տեսահոլովակներով եւ դուետներով: Մենք զրուցել ենք նրա ներկայիս կարիերայի, նախասիրությունների, ընտանեկան հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ:

-Արսե՛ն, վերջին շրջանում անընդհատ մտածում եք…
-Այն մասին, թե ինչ երգ երգեմ, որ ճիշտ լինի, որ ճիշտ աշխատի, նպատակային եւ թիրախային լինի:
-Նպատակ, որից հրաժարվել եք:
-Չկա նման նպատակ:
-Կին-տղամարդ հարաբերություններում չի կարող տեղ գտնել…
-Կնոջ եւ տղամարդու հավասարությունը: Կինը միշտ պետք է հասկանա, որ տղամարդն իրենից մեկ քայլ առաջ է:
-21-րդ դարի ամենամեծ չարիքը:
-Համացանցի ազատությունը:
-Դիմացինի մեջ ամենաշատը գնահատում եք…
-Պարզությունը:
-Ժամանա՞կ, թե՞ փող. ո՞ր ռեսուրսը կընտրեիք կյանքի այս փուլում:
-Ժամանակ:
-Երեխային պետք է ասել` չի կարելի, թե՞ բացատրել՝ ինչո՞ւ չի կարելի:
-Ե՛վ ասել, ե՛ւ բացատրել միաժամանակ:
-Կնոջ մեջ տղամարդուն կարող է հիասթափեցնել…
-Սուտ խոսելու հատկությունը, իսկ ամենաշատը՝ փնթիությունը: Կինը բոլոր իմաստներով պետք է մաքրասեր լինի:
-Սիրելի մարզաձեւը:
-Այցելում եմ մարզադահլիճներ, ֆիթնեսով եմ զբաղվում:
-Հիմա Ձեր կարիերայում ի՞նչ փուլ է, ինչպե՞ս այն կբնորոշեք:
-Ակտիվ փուլ է: Պատրաստում եմ դուետ ամերիկահայ տաղանդավոր երգչուհի Արաքս Կարապետյանի հետ, նաեւ առանձին երգ եմ պատրաստում: Իսկ, առհասարակ, ավելի մեծ ակտիվության համար ավելի մեծ գումարներ են պետք:
-Համաշխարհային ո՞ր աստղի հետ կցանկանայիք դուետ երգել:
-Չեմ մտածել դրա մասին:
-Եթե ոչ երգիչ, ապա կցանկանայիք դառնալ…
-Լավ բիզնեսմեն, շատ խելացի, ուժեղ հմտություններով:
-Վերջին գիրքը, որը Ձեզ տպավորել է:
-Չեմ հիշում, վաղուց գիրք չեմ կարդացել:
-Իսկ ո՞րն է եղել վերջին ֆիլմը, որը մեծ տպավորություն է գործել:
-Վերջերս եմ դիտել «Lion» ֆիլմը, որի ազդեցությունն, իսկապես, շատ մեծ էր:
-Ձեր նախընտրելի երաժշտական ուղղությունը:
-Ես չունեմ նախընտրելի ուղղություն: Իմ կարծիքով՝ լավ երաժիշտը նա է, ով ամեն ինչից հասկանում է: Ես կարող եմ ե՛ւ դասականից, ե՛ւ ռոքից, սոուլից, ե՛ւ փոփից, ռաբիսից վերցնել լավը:
-Մի երեւույթ շոու-բիզնեսում, որն այդպես էլ չընդունեցիք:
-Միապաղաղությունը, միօրինակությունը: Կարծես նույն երգը 80 տոկոս կատարողների մեջ կիսած, տարածած լինեն:
-Շարունակո՞ւմ եք երգեր գրել:
-Անպայման:
-Ո՞րն է Ձեր հոբբին:
-Ճամփորդելը:
-Երկիր, որտեղ շատ կցանկանայիք լինել:
-Մեկը չի՝ Ավստրալիա, Բրազիլիա… Շատ են:
-Ամենակարեւոր գործոնը ընտանեկան հարաբերություններում:
-Սերը, փոխադարձ հարգանքը: Երբեմն այս վերջինն ընտանիքում ավելի կարեւոր է, քան սերը:
-21-րդ դարում ի՞նչը կարող է սպառնալ ընտանիք ինստիտուտի ձեւավորմանն ու պահպանմանը:
-21-րդ դարի արժեքները, որոնք երեխաները ստանում են ընտանիքից դուրս, ինձ շատ են անհանգստացնում: Աղջիկս 8 տարեկան է եւ արդեն փորձում է ծնողին չլսել, հակառակվել: Դեռ մեր բախտը բերել է՝ այնպիսի երկրում ենք ապրում, որ կարող ենք մի հատ էլ հարվածել երեխայի հետույքին, բայց մեր երեխաները ոստիկանություն չկանչեն, ինչպես, օրինակ, Միացյալ Նահանգներում:
-Բայց ինքնուրույնությունը, ազատ մտածելակերպը երեխայի մոտ կարող է նաեւ գնահատելի լինել:
-Կողքից հեշտ է դա ասելը: Հա, լավ է, որ երեխան ինքնուրույն է, բայց դա կարող է նաեւ վախեցնել ծնողին:
-Ո՞ր նկարչին կընտրեիք՝ Ձեր դիմանկարը պատկերելու համար:
-Մոդիլիանիին:
-Ձեր սիրելի եղանակը:
-Զզվում եմ ցրտից, ատում եմ ձյունը, «ճլոպաները», ուրախ եմ, որ վերջին տարիներին ձմռանը շատ քիչ եմ եղել Երեւանում: Ոչ էլ շոգն եմ սիրում: Նախընտրում եմ «պիջակային» եղանակները, ինձ հարազատ է Կալիֆորնիայի կլիման:
-Կրո՞ն, թե՞ հավատ:
-Հավատ:
-Ձեր սիրելի պոետը:
-Սեւակ:
-Ո՞րն է Ձեր կարգախոսը:
-Ապրի՛ր միշտ պարզ:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

«ՈՎ ՏԵՂԻՑ ՎԵՐ Է ԿԵՆՈՒՄ, ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳ Է ԵՐԳՈՒՄ»

Ազգագրական, հայրենասիրական երգերի կատարող Ռուբեն Սասունցին պատրաստվում է առաջիկայում երկրպագուների դատին հանձնել երկու նոր երգ. մեկի հեղինակն Աղասի Իսպիրյանն է, մյուսինը՝ արմատներով սասունցի երիտասարդ երգահան Խաչիկ Արենցը. «Խաչիկն Ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին մի շարք երգեր է նվիրել, այդպիսի մի երգ էլ ինձ համար է գրում: Ասեմ, որ առաջիկայում կունենամ նաեւ տեսահոլովակ: Երկար ժամանակ է՝ զբաղվածության պատճառով տեսահոլովակ չեմ ունեցել»,-«Ժողովուրդ» օրաթերթին պատմեց Ռուբենը:

Նա տեղեկացրեց, որ նոր է վերադարձել Ստավրոպոլից, ուր Աղասի Իսպիրյանի եւ Գոհար Հովհաննիսյանի հետ մեկնել էր համերգային ծրագրով:
«Մայիս ամսին էլ ես եւ Գոհարն ունենք մեծ շրջագայություն Բոստոնում, այնուհետեւ երգչուհի Գաբի Գալոյանի հետ հանդես ենք գալու Կանադայի Մոնրեալ քաղաքում, ես, Աղասին եւ Գոհարը համերգներ ունենք նաեւ Հոլանդիայում եւ Բելգիայում, ապրիլին ունեմ մենահամերգներ Ռուսաստանում: Այնպես որ, առաջիկա ամիսներին գրաֆիկս թեժ է լինելու»,-մանրամասնեց երգիչը:
Հարցին, թե ինչու Հայաստանում էլ Ռուբենը եւ իր ընկերները մեծ համերգներ չեն ունենում եւ, ասենք, լցնում Մարզահամերգային համալիրը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք, իհարկե, կարող ենք ազգագրական, հայրենասիրական երգերով լցնել համալիրը, համերգի տոմսերը հաստատ կվաճառվեն, պարզապես համերգը մեծ ծախսերի հետ է կապված, իսկ մենք ներդրումներ անելու հնարավորություն չունենք, հովանավոր է պետք: Վերջին համերգը Հայաստանում ունեցել ենք 5-6 տարի առաջ»:
Ռուբենի խոսքով՝ Հայաստանում, հատկապես երիտասարդների կողմից, մեծացել է հետաքրքրությունը ազգագրական, հայրենասիրական երգերի նկատմամբ. «Ուղղակի հիմա մոդայիկ է դարձել այդ ամենը, ով տեղից վեր է կենում, ազգագրական երգ է երգում, հաճախ՝ ոչ պրոֆեսիոնալ, շինծու ձեւով: Բայց հանդիսատեսը տարբերում է նման կատարումները որակյալներից»,-շեշտեց նա:
Մենք հետաքրքրվեցինք՝ Ռուբենը շոու-բիզնեսում մտերիմ կոլեգաներից բացի՝ ունի՞ արդյոք ընկերներ. «Այո՛, Գոհարն ու Աղասին նախ իմ ընկերներն են, հետո նոր՝ կոլեգաները: 12 տարի է՝ մենք միասին աշխատում ենք այս դաշտում եւ ընկերություն ենք անում, հավատացեք՝ ոչ բոլորին է դա հաջողվում»,-եզրափակեց երգիչը:

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ԳԼԽԱՎՈՐ ԻՆՖԵԿՑԻՈՆԻՍՏԸ ՄԱՀԱՑԵԼ Է
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը մահացել է իր աշխատավայրում: Գլխավոր ինֆեկցիոնիստը մահացել է ինֆարկտից: Նրան տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Վերջինս 65 տարեկան էր: Նշենք, որ հուղարկավորությունը տեղի կունենա այսօր` մարտի 6-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցուց:

 

 

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն այս օրերին Հայաստանում է: 42-ամյա մարզիկի խոսքով` ինքը Հայաստան է ժամանել` ընկերներին տեսնելու եւ հանգստանալու համար, բայց այստեղ եւս անելիքներ կան. «Հայաստանն իմ երկիրն է, որը շատ եմ սիրում: Միշտ էլ տարին երեք անգամ գալիս էի Հայաստան: Այս անգամ էլ եկա ու շատ ջերմ ընդունելության արժանացա: Եղել եմ նաեւ Արցախում: Կցանկանամ ես էլ ինչ-որ բանով օգտակար լինել իմ երկրին, այստեղի երեխաներին, մարզիկներին: Այստեղ մենք ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ ռինգում ե՛ւ լավ նվաճումներ ունենալ, ե՛ւ լավ գումարներ աշխատել: Այստեղ նրանք կարող են մարզվել, իսկ մարզումային վերջին փուլն անցկացնել ԱՄՆ-ում, իսկ հետո մենամարտ անցկացնել: Ես պատրաստ եմ նրանց հնարավորություն տալ` փորձելու իրենց ուժերը: Մնացածն իրենցից է կախված»:
Վիկ Դարչինյանը շուտով կհիմնի պրոմոտորական կազմակերպություն, որը բազմաթիվ հնարավորություն կտա հայ բռնցքամարտիկներին: Բռնցաքամարտիկի խոսքով` Հայաստանում նրանք չեն կարող մեծ հաջողությունների հասնել. «Իրենց սպարինգ մրցակիցներ են անհրաժեշտ, մասնավորապես մեքսիկական, որոնք կօգնեն մերոնց աճել»,- ասել է բռնցքամարտիկը:

 

 

3-4 ՇԱԲԱԹ ԿԲԱՑԱԿԱՅԻ
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան վնասվածք էր ստացել Լա Լիգայում կայացած Մադրիդի «Աթլետիկո»-ի հետ մրցավեճում: Ֆուտբոլիստը կբացակայի 3-4 շաբաթ: Սա նշանակում է, որ Ինիեստան բաց կթողնի Պրեմիերայում «Մալագա»-ի, «Աթլետիկ»-ի, «Սեւիլիա»-ի հետ խաղերը, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայում «Չելսի»-ի հետ պատասխան հանդիպումը:




Լրահոս