ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, Հանրապետության Նախագահի հանձնարարականի հիման վրա կատարել եւ ավարտել է ուսումնասիրությունը՝ ցորենի եւ ալյուրի շուկաներում:
Ուսումնասիրությունը եղել է այս շուկայի համար աննախադեպ լայնածավալ եւ ընդգրկել է արտադրության, ներկրման եւ իրացման ողջ շղթան:
Եւ այսպես, արձանագրված արդյունքները փաստում են, որ ցորենի եւ ալյուրի շուկաներում վերջին տարիներին արձանագրվել են կարեւոր փոփոխություններ, ավելացել է նոր տնտեսվարողների թիվը, ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը: Մի էական հանգամանք եւս, տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նվազել են այս շուկայում խոշոր ընկերությունների մասնաբաժիները եւ ուժեղացել է մրցակցությունը:
2017 թվականին մեր երկրում ցորենի ներմուծման, տեղական արտադրության եւ իրացման ծավալները կազմել է 468 հազ տոննա: Շուկայում գերիշխող են «Ալեքս Հոլդինգ» եւ «Մոդուս Գրանում» ընկերությունները: Ինչ վերաբերում է ալյուրին, ապա 2017 թվականին ներմուծման եւ տեղական արտադրության ծավալները կազմել եմ 198 հազ տոննա: Այս շուկայում , ի թիվս «Ալեքս Հոլդինգ» եւ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-երի, առկա են եւս 58 ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում հիմնականում մարզերում: Հինգ անգամ ավելացել է ցորենի եւ ալյուրի շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների թիվը Եթե 2012 թվականին Հայաստան ցորենի ներմուծում է իրականացրել 22 տնտեսվարող, ապա 2017 թվականին ներմուծողների թիվը հասել է 85-ի:
Ընդ որում, տնտեսվարողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ: Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ եւ ռուսական ռուբլու արժեզրկմամբ: Ինչ վերաբերում է ալյուրի ներմուծողների թվի փոփոխությանը, ապա 2012 թվականին ալյուրի ներմուծումներ իրականացրել են 23 տնտեսվարողներ, իսկ 2017 թվականին այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունների թիվը հասել է 133-ի: Ալյուրի դեպքում եւս, ներմուծողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից ի վեր, երբ Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին:
Ցորենի եւ ալյուրի շուկաների փոփոխությունները դրական են անդրադարձել գնագոյացման վրա՝ որոշակիորեն հանգեցնելով գնի նվազման Արդյունքում 2012 թվականից ի վեր ՀՀ-ում նկատվում է ալյուրի գնի նվազման ընդհանուր միտում: Մասնավորապես եթե 2012 թվականի վերջին եւ 2013 թվականի սկզբին ՀՀ-ում 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը կազմում էր շուրջ 268 դրամ, ապա 2017 թվականի վերջին նույն տեսակի ալյուրի վաճառքի գինը կազմել է 204 դրամ, ինչը 2012 թվականի նույն ցուցանիշի համեմատ էժան է 24 տոկոսով: