Անորակությանը տրվում է ազգային մշակույթի ստատուս. Վահան Արծրունին՝ Դիանա Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց տոնի նախօրեին Սերժ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալել էին տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց եւ պարգեւատրել նրանց։ Վերջիններիս թվում է մի շարք սերիալների սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, ով, ինչպես նշվում է, հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով: Այս փաստը բուռն քննարկումների տեղիք է տվել հանրության շրջանում։ Շատերը պնդում են, որ անորակ սերիալների սցենարիստը, ում հեղինակած տեքստերը աչքի են ընկնում իրենց ցածրարժեք բովանդակությամբ, ում տեքստերում չի պահպանվում խոսքի հիգիենան եւ ում մտքերը դեռահասների շրջանում սերմանում են ագրեսիա, արժանի չէր նման պարգեւի։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Վահան Արծրունու հետ։

-Պարո՛ն Արծրունի, Դիանա Գրիգորյանին կամ, ասենք, Արմենչիկին պարգեւատրելը, կոչումի արժանացնելը ինչի՞ հետեւանք է։

-Դա որոշակի մշակութային քաղաքականության հետեւանք է, որի հիմքերը դրվել է տարիներ առաջ։ Այդ քաղաքականությունը խիստ տրամաբանված է եւ ինձ չի զարմացնում։ Դա որդեգրվում է ցանկացած նախագահի կողմից։ Չեմ տարանջատում մեր երեք նախագահներին։

-Շատերը հարցնում են՝ Սերժ Սարգսյանը հասկանո՞ւմ է` ինչ է անում, այն, ինչ անում է, դիտավորյա՞լ է անում։

-Իհարկե, սա գիտակցված քայլ է եւ լուրջ քաղաքականություն, ըստ որի` հանրային պատկերացումներն ու չափանիշները չեն համապատասխանում համընդհանուր համամարդկային չափանիշներին։ Եթե դու դրա հասարակական էֆեկտին հասնում ես, նշանակում է՝ որոշակի քաղաքականություն է գործում։ Սրանք պարզապես միջադեպեր չեն, սա մի քանի տասնամյակ գոյություն ունեցող պրակտիկա է։ Վերջ ի վերջո, ո՞րն է հայ իշխանության, ազատ եւ անկախ Հայաստանի գեղագիտական դոկտրինը, ո՞րն է նրա բովանդակությունը, ովքե՞ր են արժեւորում եւ կրում այդ արժեքները։ Եթե այս հարցերը մեզ համար պարզ դառնան, կտեսնենք, որ միտում կա։ Իհարկե, արժանավորներին էլ են պարգեւներ բաժին հասնում, բայց մենք հասկանում ենք, որ ընդամենը բաժին են հասնում։ Գլոբալ առումով սա շատ ավելի լուրջ քաղաքականության արդյունք է, քան պատկերացնում ենք։

-Ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը խրախուսի անորակությունը։ Դրանից նա ի՞նչ է շահում։

-Ինքը նախ եւ առաջ շահում է հանրության շատ լայն զանգվածների սիմպատիան, որովհետեւ այդ զանգվածը առավոտից իրիկուն նստած սերիալներ է նայում։ Եթե նկատեք, ձեր բարձրացրած խնդրի վերաբերյալ դժգոհություն հայտնողները հիմնականում մտավորականներ են, ոչ թե սովորական մարդիկ։ Մտավորականությունն է, որ չի հասկանում՝ ոնց կարելի է Մովսես Խորենացու անունը մեկ տողի վրա դնել նման երեւույթների հետ։

-Ձեզ այս իրադարձությունների ֆոնին ամենաշատը ի՞նչն է մտահոգում։

-Այն, որ տվյալ ենթամշակույթին տրվում է ազգային մշակույթի ստատուս. սա է ամենավտանգավորը։ Մենք ոչ թե արժեւորում ենք անորակ սերիալը, այլ դատապարտում ենք հանրությանը ընկալել այն որպես ազգային մշակույթի բարձր դրսեւորում։ Սա հենց իմ նշած քաղաքականության իդեալոգիան է։
Հավելենք, որ Մովսես Խորենացու մեդալը Հայաստանի պետական պարգեւներից է։ ՀՀ ամենահին մեդալն է Մխիթար Հերացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի եւ Անանիա Շիրակացու մեդալի հետ մեկտեղ։ 1993 թ. ընդունված օրենքի համաձայն` Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար։ 2014 թ. օգոստոսի 9-ից Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների եւ սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:

Հ.Գ. Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Դիաննա Գրիգորյանից պարզել, թե ո՞ր «բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի», որ արժանիքների համար է արժանացել նման պարգեւի, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց այդ թեմայով որեւէ հարցի պատասխանելուց:

Աննա Բաբաջանյան




Լրահոս