Կաթողիկոսի եղբորորդին, Էջմիածնի բնակիչներն ու դատախազը. նոր զարգացումներ աղմկահարույց դեպքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի առթիվ ինքնիրավչության հատկանիշներով հարուցված գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեղի ունեցած միջադեպի գործով հանցափորձի եւ ինքնիրավչության համար մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի բնակիչներ Սպարտակ Թամրազյանին եւ Գեւորգ Հակոբյանին: Հիշեցնենք, որ այս գործով շրջանառվում է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդու` Համլետ Ներսիսյանի անունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը պատմել էր, որ իր վրա հարձակվելու եւ առեւանգելու հրահանգը տվել է կաթողիկոսի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամ պարտք ու պահանջի հարցն է եղել: Մխիթարյանը պատմել է, որ հարձակումը եղել է ժամը 10:35-ի սահմաններում, բայց իրեն հաջողվել է, մի կերպ ազատվելով հարձակված տղաներից, օգնություն կանչել մտերիմներին:

Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ Համլետ Ներսիսյանի եղբայրը Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյան է, որը 2017 թվականի հունվարի 31-ին եւս միջադեպի կիզակետում էր հայտնվել. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպան Գեորգի Մելիքյանը եւ դատախազ Կորյուն Ներսիսյանը լուրջ կռվի էին բռնկվել: Պաշտպանի կողմից քրեական գործով 2 վկայի հարցաքննության ժամանակ դատախազ Ներսիսյանը ամեն կերպ փորձել է միջամտել: Այդ կապակցությամբ դիմողը առարկել է դատախազի անօրինական գործողությունների դեմ, արդյունքում սկսվել է լեզվակռիվ:

Երբ փաստաբան Գեորգի Մելիքյանը, դիմելով դատարանին, հայտարարել է, որ դատախազը ճնշում է գործադրում պաշտպանական կողմի վրա, կարգադրիչների կողմից բռնված դատախազը դիմողի առջեւ դրված լսափողը հրելով գցել է նրա վրա: Այնուհետեւ շարունակելով ագրեսիվ վարքագիծը` դատախազը պաշտպանին դուրս է կանչել` հարցեր պարզելու համար եւ այդ ընթացքում հնչեցրել է վիրավորական արտահայտություններ` «արա», «արա, այ հավ»:

Դատախազ Ներսիսյանը, չհանգստանալով, դատարանի ներկայությամբ կրկին շարունակել է դիմողին դուրս հրավիրել, իսկ վերջինիս մերժումները ստանալով` վիրավորել է նրան: Ինչեւէ, կատարվածից հետո Գեորգի Մելիքյանը հայտնել էր, որ դատախազ Կորյուն Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Արդյունքում դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ:

Քնար Մանուկյան




Լրահոս