Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մարտի 13-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ:
Կառավարության ղեկավարը նախ եղել է Հայկազյան համալսարանում, հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Համալսարանի շենքում շրջայցի ընթացքում ռեկտոր Փոլ Հայդոստյանը ՀՀ վարչապետին ծանոթացրել է ուսումնական հաստատության գործունեությանը և կրթական ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը և համալսարանի բակում տեղակայված հրթիռի հուշարձանը, որի հեղինակը հայ է: Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաև հայազգի նկարիչ Րաֆֆի Եդալյանի ստեղծագործություններին և գրառում կատարել Հայկազյան համալսարանի Պատվո հյուրերի գրքում:
Վարչապետը բարձր է գնահատել Հայկազյան համալսարանի կողմից հայագիտութան ոլորտում տարվող աշխատանքը՝ այն որակելով չափազանց կարևոր և անհրաժեշտ: «Շատ տպավորիչ է այստեղ՝ Բեյրութի կենտրոնում, նման կրթական օջախ տեսնել՝ և´ հայկական, և´ միջազգային, և´ տոլերանտ այլ մշակույթների նկատմամբ: Չափազանց կարևոր է և չափազանց ոգևորիչ: Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել՝ ձեր կատարած գործի համար և ուզում եմ, որ չհոգնեք, որովհետև չկա ավելի շնորհակալ գործ, քան կրթելը: Ամենամեծ կարիքը մենք ձեր մեջ ունենք և շնորհակալ ենք հայապահպանության ուղղությամբ ձեր նվիրված աշխատանքի համար», – դիմելով համալսարանի անձնակազմին՝ նշել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով իր՝ Լիբանան պաշտոնական այցի օրակարգին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ բավական շատ ու արդյունավետ հանդիպումներ է ունեցել և´ Լիբանանի ղեկավարության, և´ բիզնես միջավայրի, և´ բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ: «Մենք շատ երախատապարտ և շնորհակալ ենք Լիբանանին այն վերաբերմունքի համար, որ ցուցաբերվում է հայ համայնքի նկատմամբ: Շնորհակալ ենք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար և Ցեղասպանության տարիներին մեր հայրենակիցներին ցուցաբերած հյուրընկալության և օժանդակության համար: Բայց մենք նաև արձանագրել ենք, որ, ունենալով շատ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ՝ իրականում եղբայրական և բարեկամական, տնտեսական հարաբերությունների, տնտեսական բաղադրիչի մեջ հետ ենք ընկել, և մեր պատկերացմամբ՝ առաջարկել ու ներկայացրել ենք այն առավելությունները, որոնք այսօր Հայաստանն ունի: Համոզված եմ, որ մենք որոշակի հետաքրքրություն ենք առաջացրել Լիբանանի բիզնես միջավայրում, բանկային միջավայրում, և մոտ ժամանակներս հետադարձ կապ կունենանք:
Այս երկու օրը շատ ենք խոսել մեր վերջին տարվա տնտեսական աճի վերաբերյալ. մենք իրականում ունենք միջինից շատ ավելի բարձր տնտեսական աճ տարածաշրջանում և լավ հիմքեր ունենք հետագայում նույնպես կայուն աճ ապահովելու համար: Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է երկիրն առաջ տանենք, որն է այն հորիզոնը, որին հասնելու ենք և ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ վստահաբար մենք ունենալու ենք չափազանց լավ, տրամաբանական, արդար և զարգացող երկիր», – ասել է վարչապետը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի այցի հաջորդ կանգառը հայ հոգևոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկն էր՝ Զմմառը: Այստեղ կառավարության ղեկավարը հանդիպել է Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգևոր ներկայացուցիչների և Զմմառի վանքի միաբանության անդամների հետ, շրջել վանական համալիրի տարածքում գտնվող եկեղեցում, թանգարանում և մատուռում: Վարչապետը կարևորել է Զմմառի գործունեությունը դարավոր մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման գործում: