Ստորագրված համաձայնագրով՝ իտալական ընկերությունը ուսումնասիրություն կիրականացնի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Անաս» միջազգային խմբի մեջ ընդգրկված «Anas International» ընկերությունն ուսումնասիրություններ կիրականացնի` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածը պետություն-մասնավոր հատված ձևաչափով կառուցման և շահագործման նպատակահարմարության գնահատման նպատակով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարարության և ընկերության ներկայացուցիչները մարտի 14-ին ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, որում ամրագրված են իրականացվելիք ուսումնասիրությունների շրջանակը և ժամանակացույցը:

Հայկական կողմից այն վավերացրեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, իտալական կողմից՝ «Անաս Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Բերնարդո Մագրին։

Համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և «Անաս» խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի ներկայությամբ։

Ողջունելով իտալական շինարարական կազմակերպության հետաքրքրությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի առնչությամբ՝ նախարարը կարևորեց Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի կառուցումը, ընդգծեց ուսումնասիրությունները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։

Ջիանի Վիտորիո Արմանին ներկայացրեց ընկերության գործունեությունը, նշեց, որ ընկերությունը «smart» տեխնոլոգիաներով ճանապարհների կառուցման առաջատարն է Իտալիայում, ուր տնօրինում է ավելի քան 30 հազար կմ ճանապարհներ: Ընկերության գործունեությունը չի սահմանափակվում Իտալիայով. այն ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացրել տարբեր երկրներում: Նա առանձնակի կարևորեց ընկերության փորձառությունը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում` թունելների և կամուրջների շինարարության գործում։ Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծեց, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն:

Նախարար Վահան Մարտիրոսյանը, կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ճանապարհաշինության ոլորտում, վստահություն հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում ձևավորվելիք առաջարկում տեղ կգտնի միջազգային լավագույն փորձի կիրառումը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս