«Հեքիաթ բարի վարչապետի եւ չար նախարարների մասին». այսպես կարելի է բնութագրել կառավարության երեկվա նիստը: Առողջապահության նախարարությունը հանդգնել է դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգ պարտադրել՝ առանց գործընթացի տեխնիկական եւ վերահսկողական խնդիրները որոշակիացնելու եւ իրավական ակտի: Եւ մինչ ժողովուրդը դժգոհում էր այս նոր կարգի դեմ, վրա հասավ վարչապետ Կարեն Կարապետյանն ու «դմփոց ռեֆորմով» լուծեց խնդիրը՝ իբր հօգուտ բնակչության: Բայց իրականում ե՛ւ բնակչության, ե՛ւ բժիշկների շրջանում լուրջ դժգոհություններ հարուցած հարցը չի լուծվել: Վաղ առավոտյան կառավարության օրակարգ մտցվեց որոշման նախագիծ, ըստ որի` դեղատոմսով դեղերի բացթողման կարգը կիրականացվի փուլ առ փուլ: Բայց ընդամենը հետաձգվել է հորմոնային դեղերը դեղատոմսով վաճառելու կարգի կիրառումը: Իսկ մյուս դեղերը՝ հոգեմետ եւ հակաբիոտիկ, վաճառվելու են դեղատոմսով՝ մարտի 1-ից, երկրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, արդեն հոկտեմբերի 1-ից ամբողջ ուժով օրենսդրական պահանջը կտարածվի դեղերի ողջ ցանկի վրա: Այլ կերպ ասած` խնդիրն իրականում չի լուծվել:
Մեկ փաստ էլ. «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ դեղերի վաճառքի այս նոր կարգը պարտադրվել է առանց համապատասխան իրավական ակտի, այսինքն՝ ապօրինաբար: Եվ զարմանալին այն է, որ վարչապետը երեկ այդպես էլ չանդրադարձավ այդ կարեւոր հանգամանքին` մեղմորեն շրջանցելով լրջագույն խնդիրը:
ՀՀ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը համոզված է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ հայտարարության ընդունումը որեւէ ազդեցություն չի ունենա այդ քրեական գործի ընթացքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Կոստանյանը նշել է. «Եկեք, ամեն օր հայտարարություն hրապարակենք` ԱԺ անունից այդ թվում, օրը 10 հատ` մենք դատապարտում ենք, կոչ ենք անում գլխավոր դատախազին կամ քննչական ծառայության պետին: Շատ լավ, բայց նրանք ունեն օրենքով իրենց վրա դրված պարտավորություններ: Անկախ նրանից` մենք ինչ հայտարարություն անենք, դա ոչ ավելացնելու է իրենց իրավունքների, ոչ էլ պարտականությունների ծավալը»: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում մարտի 1-ի գործերի քննությանը, նա նշել է. «Եթե խախտումներ արձանագրվեն, այդ գործերն արդեն կոնկրետ իրավիճակներում ենթակա են վերաբացման: Ես կարծում եմ` մենք այս տարի կամ այս տարվա վերջ կակնկալենք 1-2 գործերով վճիռներ»:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկի` արդեն նախկին պետ Արտուշ Մաքունցը թմրանյութի ապօրինի շրջանառության փաստի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետեւ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Մեզ հետ զրույցում Մաքունցը նշել է, թե ինքը որեւէ կերպ չի նպաստել թմրանյութ ՔԿՀ ներս մտցնելու գործընթացին: «Ես ոչ մի բանով չեմ նպաստել ո՛չ թմրանյութեր, ո՛չ էլ արտոնյալ ինչ-որ իրավիճակների, ոնց կարող է նման բան տեղի ունենալ, բնականաբար, զարմանում եմ. տենց բան ոնց կարող է տեղի ունենալ,- ասել է նա՝ հավելելով,-օրվա մեջ հարյուր հոգի ներս է մտնում եւ դուրս են գալիս, եթե ես բոլորի ամեն ինչին տեղյակ լինեմ, բա մնացած ստորաբաժանումները ինչի համար են: Եթե ես բոլորին կարողանամ տեղյակ լինել, խնդիր չի լինի, ինչի մասին է խոսքը»: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր Գորիսի քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր, ընդ որում՝ բավական մեծ չափերի:
Պարզվում է` նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները միշտ չէ, որ օգտագործվում են արդյունավետ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` նախագահականի տրամադրած տեղեկատվության համաձայն` 2014 եւ 2015թթ «Ցեղասպանության 100-րդ տարելից» անվանակարգի շրջանակում ընդհանուր առմամբ իրականացվել է 26 ծրագիր, իսկ 2016 թվականին էլ «Ցեղասպանություն եւ մշակույթ» անվանակարգում է 1 ծրագիր իրականացվել: Ու տպավորություն է, որ ցեղասպանության թեման որոշ անձանց համար դարձել է բիզնեսի առարկա, եւ նրանք երեք տարի օգտվել են նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհից` այդպես փող աշխատելով: Նշենք, որ այս տարիներին նաեւ «Երիտասարդության օրերին նվիրված ծրագրերի իրականացում» անվանակարգում պարտաճանաչորեն ծրագրեր են իրականացվել: Ծրագրերն էլ, հիշում եք, ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանի եւ նրա ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած փուչիկների փառատոնն էր եւ նման այլ զավեշտալի միջոցառումներ: Իսկապես, խոսուն փաստեր են:
ՄԵՆԹԱԼԻՏԵՏՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Պրահայում ու Չեխիայի խոշոր քաղաքներում չեն դադարում զանգվածային ցույցերը. հազարավոր մարդիկ պահանջում են չեղարկել խորհրդարանի ընդունած որոշումը, որով կոմունիստների օրոք ցուցարարների դեմ ուժ կիրառած ոստիկանապետերից Զդենեկ Օնդրաչեկը նշանակվել է իրավապահ ուժերի գործողությունները վերահսկող հանձնաժողովի նախագահ: Ընդդիմախոսները հիշեցնում են՝ կոմունիստ Օնդրաչեկի առաջնորդած ոստիկանական ստորաբաժանումը 1989-ին բռնի ուժ էր կիրառել հանուն ժողովրդավարության փողոց դուրս եկած ցուցարարների դեմ, հետեւաբար իրավունք չունի ստանձնելու նման գործառույթ:
Չեխիայի քաղաքացիների այս քայլերին իսկապես կարելի է նախանձել: Սա խոսում է սեփական պետության հանդեպ պատասխանատվության զգացումի եւ, ընդհանրապես, քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակի մասին: Անկախ երկրի քաղաքացիներն անգամ երեք տասնամյակ անց չեն հանդուրժում պաշտոնյային, որը համաձայնել էր կատարել կոմունիստական իշխանության հրահանգն ու ճնշել հանուն ժողովրդավարության անցկացված ցույցը:
Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում նման իրադարձություն: 90-ականների սկզբին, երբ Հայաստանը նոր էր անկախացել, միանգամայն հնարավոր էր: Հիմա՝ ոչ: Ցավոք: Ընդհակառակը, այսօր Հայաստանը հաստատուն քայլերով գլորվում է դեպի կոմունիստական, բրեժնեւյան ժամանակները: Այսօր ըստ էության միաձուլվել են պետությունն ու իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Եւ հետո` պետության գլուխ կանգնած են խորհրդային տարիների կուսակցական ֆունկցիոներները, նույն անձինք, որոնք 30 տարի առաջ ժրաջանորեն պայքարում էին անկախության համար ոտքի կանգնած ժողովրդի դեմ. դրա համար էլ այսօր չեն նշում Շարժման 30-ամյակը:
Բավական է միայն հիշել՝ Սերժ Սարգսյանը ժամանակին Ղարաբաղում Կոմկուսի ակտիվ ֆունկցիոներներից էր, ինչպես եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Էլ չենք խոսում այն մասին, որ 2008թ. մարտի 1-ի ակտիվ դերակատարները՝ մայրաքաղաքի կենտրոնում տասը հոգու գնդակահարած իշխանությունը, շարունակում են մնալ պետության գլխին եւ պաշտոնական առաջխաղացում են ապրում` չմոռանալով ժողովրդավարության մասին լացակումած ճառեր արտասանել: Եւ հասարակությունը հանդուրժում է ոչ միայն նրանց՝ իշխանության ղեկին մնալը, այլ նաեւ պաշտոնական առաջխաղացումները: Եվրոպայում նման իշխանությունը վաղուց հեռացած կլիներ, իսկ ժողովրդին գնդակահարելու հրաման տված իշխանությունը, այդ հրամանը կատարած պաշտոնյաներն առնվազն բանտերում կլինեին: