ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆ` ԱՆԻՄԱՍՏ ԾԱԽՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները, պարզվում է, միշտ չէ, որ օգտագործվում են արդյունավետ: «Ժողովուրդ» օրաթերթն օրերս այս թեմայի վերաբերյալ հարցում էր ուղարկել նախագահական:

Եւ ահա, նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ներկայացրել են այդ մասին տեղեկութուններ: Մասնավորապես 2014 թվականի ընթացքում հայտարարվել է նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող 6 դրամաշնորհային մրցույթ, որոնց արդյունքում ստացվել է 214 հայտ եւ ֆինանսավորվել 85 ծրագիր: 2015 թվականի ընթացքում հայտարարվել է 7 մրցույթ, ստացվել է 193 հայտ եւ ֆինանսավորվել 62 ծրագիր: 2016-ի ընթացքում 4 մրցույթներով ստացվել է 70 հայտ եւ ֆինանսավորվել 31 ծրագիր: Իսկ նախորդ տարվա 5 մրցույթների արդյունքում ստացվել է 88 հայտ եւ ֆինանսավորվել 51 ծրագիր:
Հիմա փորձենք հասկանալ, թե վերջին տարիներին կայացած մրցույթների արդյունքում իրականացված ծրագրերն ինչին են ուղղված եղել: Հատկանշական է, որ 2013-14 թթ. միայն «Ծխախոտի դեմ պայքար» անվանակարգի շրջանակում 35 ծրագիր է իրականացվել: Սակայն ծրագրերն այդպես էլ արդյունք չտվեցին: Հակառակ պարագայում առողջապահության նախարարությունն այս տարի հանդես չէր գա «Ծխելու դեմ պայքար»-ի օրինագծով: Չնայած այս նախաձեռնությունը քաղաքացիների կողմից սվիններով ընդունվեց, սակայն չչեղարկվեց, իսկ թե որքանո՞վ արդյունավետ կլինի, կրկին հարց է:
Հաջորդը. 2014 եւ 2015 թվականներին «Ցեղասպանության 100-րդ տարելից» անվանակարգի շրջանակում ընդհանուր առմամբ իրականացվել է 26 ծրագիր: Նկատենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը լրացավ 2015 թվականին: Եվ չնայած երկու տարի այս թեմայի շրջանակում ծրագրեր են իրականացվել, 2016 թվականին էլ «Ցեղասպանություն եւ մշակույթ» անվանակարգում 1 ծրագիր իրականացվեց: Ցավալի է հնչում, բայց փաստենք՝ ցեղասպանության թեման որոշ անձանց համար դարձել է բիզնեսի առարկա, եւ նրանք երեք տարի օգտվել են նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհից` այդպես փող աշխատելով:
Պարզվում է` մերօրյա հերոսները վերջին տարիներին բավական փառաբանվել են: Համենայնդեպս, դա են ենթադրում 2014-ից 2017 թվականներին դրամաշնորհի շրջանակում իրականացված ծրագրերը: 2014 թվականին այս անվանակարգի ներքո իրագործվել է 10 ծրագիր, 2015-ին` 18, 2016-ին` 7, իսկ նախորդ տարի` 8 ծրագիր: 2016 թվականին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ ծրագրի շրջանակում կազմակերպեցին 100 երիտասարդների այցելություն դեպի Եռաբլուր: Ապա նրանք մեկնել էին Գյումրու ազատամարտիկների պանթեոն: Եվ ինչպես երեւում է` ծրագրերն այսպիսի այցերով սահմանափակվեցին: Իսկ ապրող հերոսները, որոնք իրապես իրենց առողջությունն ու տարիներն են ներդրել արցախյան պատերազմում, այսօր անտեսված են: Իսկ գուցե՞ նախագահի աշխատակազմի դրամաշնորհով փառաբանվում են ՀՀԿ-ականների միակ հերոսը՝ Սերժ Սարգսյանը, կամ հավերժ երիտասարդ, փուչիկների մասնագետ, բանակում երբեք չծառայած, սակայն զինվորական համազգեստով առիթ-անառիթ խրամատում լուսանկարվող Կարեն Ավագյանը, Տարոն Մարգարյանը եւ այլք: Եվ, իրապես, ո՞ւր են գնում այդ գումարները, երբ Արցախի մի շարք ազատամարտիկներ այսօր ապրում են խղճուկ պայմաններում:
2014, 2015 թվականներին «Երիտասարդության օրերին նվիրված ծրագրերի իրականացում» անվանակարգում մեկական ծրագիր է իրագործվել: 2016 թվականին այս անվանակարգում 4 ծրագիր է անցկացվել, իսկ նախորդ տարի` 1 ծրագիր: Այս դրամաշնորհի արդյունքում շատերը կհիշեն նախորդ տարվա փետրվարին Հյուսիսային պողոտայում անցկացված «փուչիկ-շոուն»: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` Կարեն Ավագյանի գլխավորությամբ, փուչիկների փառատոն էր կազմակերպել: Հիմնադրամը մեկ տասնյակից ավելի բուհերից տարեկան միլիոնավոր դրամներ է ստանում եւ ծախսում բազմաթիվ, իրականում որեւէ արժեք չներկայացնող փառատոների վրա: 2015-2017 թվականներին էլ մեկական ծրագիր է իրականացվել «ՀՀ նախագահի աշխատակազմի տարածքում մշակութային հանդիսությունների կազմակերպում» անվանակարգում: Թե այդ ի՞նչ մշակութային հանդիսություններ են եղել, որ նախագահի աշխատակազմին ուրախացրել են, կարող ենք միայն ենթադրել: Վերջում անդրադառնանք նաեւ «Մաքուր Հայաստան» ծրագրին, որի շրջանակում նախորդ տարի 5 ծրագիր է կատարվել: Հատկանշական է, որ սա կառավարության ծրագիրն է` մեկնարկած 2017-ի ապրիլին: Այն ուղղված է աղբահավաքության եւ սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործին: Թե ինչո՞ւ է այս հարցով նաեւ նախագահի աշխատակազմից գումար տրվել, պարզ չէ: Առավել եւս, որ խնդրին էական լուծում չի տրվել:
Նշենք, որ դրամաշնորհների օգտագործման ընթացքին, բացի նախագահի աշխատակազմից, հետեւում է նաեւ երիտասարդական հիմնադրամը: Իսկ դրամաշնորհների նպատակային օգտագործումը հիմնականում բացակայում է, ինչի վրա երկու կողմերն էլ աչք են փակում: Ընդամենը մեկ դեպք է եղել, երբ մոնիթորինգի արդյունքում շահած կազմակերպություններից մեկն ամբողջությամբ հետ է վերադարձրել գումարը` ծրագիրը պատշաճ չիրականացնելու պատճառով: Դա եղել է 2013 թվականին: Սակայն տվյալ ՀԿ-ի անունը չի նշվում: Ինչեւէ, արձանագրենք, որ պետական բյուջեից նախագահի աշխատակազմին տրվող գումարը ոչ պատահական ՀԿ-ների է հետո փոխանցվում: Եվ խնդիրն այն է, որ նախագահականում ամենեւին չեն անհանգստանում, թե հարկատուների գումարներն ինչպե՞ս են ծախսվում: Ստացվում է` փողերի վատնման հերթական միջոցն է. անիմաստ ծախս նախագահականի կողմից: Իսկ այս տարիներին տրված դրամաշնորհները կարող էին ծախսվել այլ տեղում` նպաստելով քաղաքացիների կյանքի բարելավմանը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ՞
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար: Արդյո՞ք Քոչարյանը կարձագանքի այս փաստին, արդյո՞ք կներկայացնի իր դիրքորոշումը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրաժարվեց հարցին պատասխանել: «Ես, Ձեր թույլտվությամբ, հարցին չեմ պատասխանի»,-ասաց նա: Դիտարկմանը, թե Մարտի 1-ի հարցով նաեւ ՀՀԿ-ականներն են (օրինակ` պատգամավոր Սամվել Նիկոյանը) սլաքներն ուղղում Ռոբերտ Քոչարյանի կողմ, Սողոմոնյանն ասաց. «Ես Ձեր հարցը հասկացել եմ: Թույլ տվեք` չպատասխանեմ»:

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Շուտով ԱԺ-ն կքննարկի ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծը: Նկատենք, որ օրինագիծը պատրաստ էր ավելի վաղ. այն ներկայացվել է e-draft.am կայքում՝ քննարկման, սակայն դեռ չի ուղարկվել ԱԺ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, թե նախագիծն իրենք ԱԺ կուղարկեն առաջիկայում, սակայն չի հստակեցրել, թե երբ: Ըստ Հարությունյանի՝ կարեւորը նախագիծը պատրաստ է: Հավելենք, որ ԸՕ նախագծում խստացված են ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման արգելքը, վարչական ռեսուրսի կիրառման հասկացության տակ ներառվող անձանց շրջանակը, նաեւ պատիժները:

 

 

ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ԿԱՍԵՑՆԵԼ
ՀՀ առողջապահության նախարարությանը նոր, տհաճ անակնկալ է մատուցվել: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն անցած տարում հավանություն էր տվել նախագծին, որով նախատեսվում էր սոցշահառուներին (պետական, քաղաքացիական, համայնքային ծառայողներին) դեպի ապահովագրական ընկերություններ ուղղորդելու գործընթացից հետո հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով անձանց եւս պարտադրել հիվանդանոցներին դիմելիս օգտվել ապահովագրական ընկերություններից: Այն նախատեսված է սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրով:
Սակայն «Ժողովուրդ» օրաթեթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը առողջապահության նախարարությանը հրահանգել է ապրիլի 1-ից դադարեցնել այդ գործընթացը կամ չկիրառել նախատեսված պլաններով: Նա այդ հրահանգը պատճառաբանել է այն իրողությամբ, որ նախ սոցիալական փաթեթից օգտվող շահառուների բուժման համար հիվանդանոցները չեն ստանում այնքան գումար, որքան ծախսել են: Նախարարությունը չի փոխանցում ապահովագրական ընկերություններին, կամ ընկերություններն են կամայական որոշումներով հիվանդանոցներին քիչ վճարում, բացի այդ` առողջապահության ոլորտի ֆինանսների առյուծի բաժինը շրջանառվում է մի քանի ապահովագրական ընկերության բյուջեներում, ինչը անթույլատրելի է:
Ասել է, թե պետք է հաշմանդամներն ու սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները պարզապես օգտվեն պետպատվերի իրենց իրավունքից, ինչպես այսօր՝ առանց ապահովագրական ընկերությունների միջնորդության:

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ
Շվեյցարիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, ի պատասխան հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին ՀՀ նախագահի որոշմանը, նշվում է, որ Շվեյցարիան նախկինի պես համոզված է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ցանկությունն ամենակարեւոր գործոնն է տարածաշրջանում կայունության եւ խաղաղ ապագայի համար: «Շվեյցարիան հաշվի է առնում, որ 2009թ. Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները չեն վավերացվել Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից, եւ որ այդպիսով այդ գործընթացը պաշտոնական մակարդակում դադարեցվել է»,-նշվում է հայտարարությունում: Նշենք, որ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել էին Շվեյցարիայի միջնորդությամբ: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ 2009թ. ի վեր երկու երկրների հասարակություններում ավելի ու ավելի են գիտակցում հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: «Շվեյցարիան անհրաժեշտության դեպքում նախկինի պես պատրաստ է աջակցել այս գործընթացին»,-ասվում է վերոնշյալում:
 

 

ԱՆՏԵՂԻ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հայտարարել է. «Եթե կառավարությունը խնդիր ունենա գաղտնի կամ փակ որեւէ բան քննարկել, կքննարկի կառավարության նիստից դուրս, նախօրոք: Իսկ ի՞նչ տեղեկատվություն է ստանում հանրությունը կառավարության նիստից: Ասեմ` թե ինչ գույնի փողկապ է կապել վարչապետը, որ նախարարը փռշտաց, եւ ով ում ինչպես բարեւեց: Արդյո՞ք սա կարեւոր տեղեկատվություն է, արդյո՞ք սա պետք է տեղի ունենա հարկատուի հաշվին, միանշանակ ոչ: Այնպես որ, կարծում եմ, որ այդ հարցի վերաբերյալ շահարկումներն անտեղի են»,-ընդգծել է Սաղաթելյանը:

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՆ-ՈՒՄ Է
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը եւ Աղվան Վարդանյանը, մարտի 6-10-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի շրջանակում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա ԱՄՆ կոնգրեսականների, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:




Լրահոս