Կարեն Կարապետյանի կառավարությունը հանրությանը օր օրի զարմացնում է ընդունած նոր կարգերով, որոշման նախագծերով: Տպավորություն է, թե կառավարությունը, առողջապահության նախարարությունը որոշել են ժողովրդին փորձարկումների ենթարկել: Ու սա այն դեպքում, երբ գործ ունենք կարեւորագույն ոլորտի հետ: Դեղերը դեղատոմսով բացթողման կարգի շիլաշփոթը դեռ չվերացրած, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն անցել է մեկ այլ ոլորտ ապականելու: Այս անգամ թիրախում են հայտնվել ատամնաբույժները, դեղատները, ախտորոշիչ լաբորատորիաները, անգամ պոլիկլինիկաները: Բոլորին պարտադրվում է միանալ eHealth համակարգին:
Բանն այն է, որ ՀՀ կառավարության` անցած տարվա օգոստոսի 24-ի որոշման համաձայն, որը երեկվանից ուժի մեջ է մտել, ատամնաբույժներն ու դեղատները պետք է ներդնեն առողջապահության էլեկտրոնային համակարգ: Այս համակարգի ներդումից առաջինը իրենց դժգոհությունը բարձրաձայնեցին Շիրակի մարզի ատամնաբույժները: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում շիրակցի ատամնաբույժներին կմիանան նաեւ մյուս մարզերի եւ մայրաքաղաքի ստամատոլոգները, պոլիկլինիկաները:
Իսկ մինչ այդ նկատենք, որ ՀՀ կառավարության` վերոնշյալ որոշման համաձայն` լիցենզավորված անձը լիցենզիա տալու մասին որոշումն ստանալուց հետո դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման եւ սպասարկման պայմանագիր կնքի էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ:
Էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգի ներդրման գործընթացը սկսվել է անցած տարվա վերջին: Այսինքն՝ քաղաքացին, մուտք գործելով armed.am կայք, նույնականացման քարտի (ի դեպ, ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն նույնականացման քարտ) եւ գաղտնաբառի միջոցով հնարավորություն ունի ծանոթանալ իր հիվանդության պատմությանն ու առցանց գրանցվել այն բուժհաստատությունում, որտեղ ցանկանում է այցելել: Առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրմանը «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է եւ բարձրաձայնել բուժհաստատությունների` այդ համակարգի վերաբերյալ մտահոգությունները: Նախ` հիշենք, որ էլեկտրոնային համակարգի ներդրմանը միանալը սկզբում հայտարարվում էր, որ անվճար է լինելու, ապա օրեր անց պարզ դարձավ, որ բուժհաստատությունները դրանից օգտվելու համար պետք է վճարեն անհայտ մի ընկերության: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը ատամնաբույժների եւ դեղատների աշխատողների դժգոհությունները փորձեց փոխանցել համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանին: Սակայն Գեւորգյանին չհաջողվեց գտնել:
Բացի այս, մեկ այլ խնդիր եւս, որը առաջ են քաշում հատկապես մարզերի գյուղերի դեղատների ղեկավարները: Բանն այն է, որ կառավարության նույն որոշմամբ` դեղատունը կամ դեղատնային կրպակը պետք է ապահովված լինի էլեկտրոնային առողջապահության համակարգին միացված մշտապես գործող ինտերնետ կապուղիով` յուրաքանչյուր վայրում առնվազն 1 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ առաջին 5 օգտատիրոջ համար: Իսկ 5-ից ավելի օգտատերերի դեպքում` յուրաքանչյուր 10 օգտատիրոջ հաշվով լրացուցիչ 2 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ: Բայց ամենեւին էլ գաղտնիք չէ, որ մարզային ոչ բոլոր քաղաքներն ու գյուղերն են ապահովված ինտերնետով: Ուր մնաց բարձրորակ ինտերնետի պարտադիր լինելը ապահովեն: Այսօր գյուղերում մարդիկ մի կերպ են կարողանում դեղատնային բիզնեսով զբաղվել` դրա համար ծախսելով իրենց վերջին կոպեկը, գրավադրելով տունը: Իսկ կառավարությունն իր այս որոշմամբ նրանց պարտադրում է համակարգիչ ձեռք բերել, ինտերնտ ունենալ, նոր աշխատող վարձել: Սրանք հավելյալ ծախսեր են, որոնց պատճառով չի բացառվում, որ շատ դեղատներ ուղղակի չեն դիմանա եւ կփակվեն: Թերեւս սա է նախարարության նպատակը՝ մանր դեղատները փակել՝ թողնելով միայն խոշոր ցանցերը:
Մյուս կարեւոր խնդիրը անձնական տվյալների գաղտնիությանն է վերաբերում: Լիցենզավորված անձն էլեկտրոնային առողջապահության համակարգում պետք է ապահովի տվյալների թարմացումը, հաճախորդների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության եւ բժշկական պատմագրի տեղեկատվության մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին: Բայց ըստ ատամնաբույժների` սրանով վտանգվում է անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը:
Նաեւ ատամնաբույժների խոսքերով` առողջապահության նախարարությունը չի բարեհաճել իրենց հետ քննարկել: Չէ որ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է առողջապահության նախարարությունը հաշվի առնի նման որոշում ընդունելուց, պարտադրելուց առաջ: Բացի այդ` նրանց պատմելով` ներդրվող համակարգի վերաբերյալ իրենց նախապես պատշաճ չեն իրազեկել: Ստամատոլոգները դժգոհում են նաեւ, որ համակարգի ներդման վերջնաժամկետ սահմանվել է մարտի 6-ը, ինչին իրենք պարզապես չեն հասցնի: Ատամնաբույժներն ու դեղատների աշխատողները համոզված են, որ այս համակարգի ներդրման արդյունքում կթանկանան ատամնաբուժական ծառայությունները, դեղերը, քանի որ լրացուցիչ ծախսեր են առաջանալու: Այսինքն` նրանց պարտադրվում է գնել համակարգիչ, վարձել աշխատող, գումարով ծրագրային սպասարկում ձեռք բերել: Ինչն էլ, բնականաբար, իր բացասական հետեւանքն է թողնելու ծառայության արժեքի վրա: Փաստորեն այս ամենից հետո սպասենք ատամնաբուժական ծառայությունների եւ դեղերի գների բարձրացմանը: Իսկ Հայաստանի պոլիկլինիկաների տնօրեններն ավելի են մտահոգված, քանի որ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնելու, ինչի արդյունքում հնարավոր է` դադարեցնեն գործունեությունը: Նույնիսկ օպերատոր ընդունելու գումար չունեն, քանի որ ֆինանսական կրճատումների են ենթարկվել:
Ստեղծված իրավիճակը խոսում է իշխանությունների անպատասխանատվության եւ պաշտոնյաների՝ իրենց վերապահված ոլորտներից անտեղյակության մասին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԻԱՁԱՅՆ
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն է ընտրվել Վահան Տեր-Ղեւոնդյանը: Նա տնօրենի միակ թեկնածուն էր, եւ Տեր-Ղեւոնդյանին կողմ են քվեարկել հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները` 19 հոգի:
Հիշեցնենք, որ Վահան Տեր-Ղեւոնդյանը հայտնի հայագետ Արամ Տեր-Ղեւոնդյանի որդին է: Նա մասնագիտությամբ արեւելագետ է, գիտությունների դոկտոր: Երկար տարիներ աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայում: Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին եղել է նախագահի օգնական, այնուհետեւ Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան: Նա ղեկավարել է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ը, նաեւ աշխատել Լիբանանում ՀՀ դեսպանատանը: Վահան Տեր-Ղեւոնդյանը 2012 թվականից աշխատում է Մատենադարանում, սկզբում` բաժնի վարիչ, գիտքարտուղար, իսկ 2016 թվականին եղել է տնօրենի պաշտոնակատար: Միաժամանակ նա դասավանդել է ԵՊՀ-ում, Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, Բեյրութի Հայկազյան վարժարանում, ԳԱԱ գիտակրթական կենտրոնում: Վահան Տեր-Ղեւոնդյանը բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների հեղինակ է: