Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամների նկատմամբ:
Մարտի 8-ին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատեց տեղեկությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փաստորեն ավագանու երկու խմբակցությունների անդամ կանանց է քաղաքապետը նվեր մատուցել` մոռանալով իրենց, արձագանքեց. «Նա քաղաքապետ չի»:
Ակնհայտ է` Տարոն Մարգարյանը «Երկիր Ծիրանիի» անդամներին Մարտի 8-ի առթիվ որեւէ նվեր չի տվել հայտնի միջադեպի պատճառով: Բայց քաղաքապետի այս պահվածքը, մեղմ ասած, անընդունելի է եւ վայել չէ ղեկավարին, պաշտոնյային, հատկապես՝ տղամարդուն: Ի վերջո, փոքրոգությունն ու քինախնդրությունն այնքան էլ լավ հատկանիշներ չեն:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը շնորհավորում է բոլոր մայրերին ու քույրերին՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու կարգավիճակից՝ մաղթելով ժպիտներ, ծաղիկներ ու անհոգ կյանք հիրավի ազատ, անկախ Հայաստանում:
Հայաստանում գնաճը շարունակում է իր «հաղթարշավը». «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնական տվյալներով` հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է 3.1 տոկոս գնաճ: Միայն սննդամթերքի շուկայում գնաճը կազմել է 4 տոկոս, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի շուկայում՝ 3.9 տոկոս եւ այսպես շարունակ: Ու սա այն դեպքում, երբ այս տարի պետական բյուջեով նախատեսված չէ ո՛չ կենսաթոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ էլ անգամ աշխատավարձի բարձրացում: Արդյունքում` Հայաստանում կյանքը գնալով ավելի ու ավելի է դժվարանում: Սակայն գործող իշխանությունները որոշել են դիտորդի կեցվածք ընդունել` չփորձելով միջամտել իրավիճակին: Համաձայնեք, սիրուն չէ: Ի դեպ, որպեսզի օբյեկտիվ գտնվենք, նշենք՝ այս տարի ԱՎԾ-ն նաեւ որոշակի գնանկում է արձանագրել կոմունալ վճարումների ոլորտում, բայց 0.1 տոկոսի չափով: Ծիծաղելի է հնչում, բայց փաստ է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունեն նախարար Լեւոն Ալթունյանի երկու տեղակալները՝ Սերգեյ Խաչատրյանն ու Սամվել Մարգարյանը: Նշենք, որ Ս. Խաչատրյանը Ալթունյանի համակուրսեցին է եղել: Հենց նա է նախարարին հուշել ծխախոտի դեմ պայքարի, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման պարտադրանքի, դեղատոմսերով դեղերը վաճառելու մասին որոշումներ կայացնել՝ համոզելով, որ դրանց «ագրեսիվ» կիրառման արդյունքում ոլորտում լրջագույն ձեռքբերումներ կգրանցվեն: Իսկ Սամվել Մարգարյանն էլ, որին նախարարությունում «թութակով Սամվելիկ» են ասում, ապահովում է ֆինանսական հաշվարկների իրականացումը` ապացուցելով, թե իրենց որոշումներն ինչ ձեռքբերումների կհանգեցնեն: Նկատենք նաեւ, որ կոնկրետ դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու որոշման հիմքում մի քանի խոշոր հիվանդանոցների գերշահույթները նվազեցնելու իրական նպատակ կա նախարարությունում, որից, սակայն, տուժում է բնակչությունը:
Կառավարությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Շվեյցարիա եւ Ղազախստան այցերի համար պետական բյուջեից հատկացված գումարի ամբողջական չափը: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու չարտերային չվերթներով իրականացված այս այցերին: Եւ ահա, մեր գրավոր հարցմանն ի պատասխան` կառավարությունից տեղեկացրել են, որ Շվեյցարիայում ՀՀ պատվիրակության` կառավարության աշխատակազմը ներկայացնող անդամների ծախսերի համար բյուջեի` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից հատկացվել է 6,7 մլն դրամ: Իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար բյուջեից ծախսվել է 1,1 մլն դրամ: Անձամբ վարչապետի ծախսերի մասին կառավարությունից չեն հայտնում` պատճառաբանելով, թե արարողակարգային, կեցության, տրանսպորտային սպասարկման ծախսերը, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում եւ հրապարակման ենթակա չեն: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթին ընդամենը հետաքրքրում էր այդ նպատակով ծախսված գումարի չափը, որը պետական գաղտնիք չէ:
ԽՈՍՏՈՎԱՆԵՑ
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի երեկվա խոստովանությունն ուշագրավ էր: «Ամերիկացի ներդրողները, բնականաբար, չեն գա այստեղ, նաեւ այլ պետությունների մարդիկ, որովհետեւ Հայաստանն անընդհատ կռվող պետություն է: Կռիվ ունեցող պետության ներսում շատ դժվար է… Մեր պետության դրվածքն այդպիսին է, մենք, չասեմ մեծ պատերազմների, բայց անընդհատ պատերազմի վտանգի տակ կանգնած ազգություն ենք»,- ասել է նա: Գալուստ Սահակյանն այս թեմայով խոսել է՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությանը, որ ամերիկյան ներդրողները Հայաստան չեն գալիս, քանի որ իշխանությունը սերտաճած է օլիգարխների հետ:
Թվում է` իշխող կուսակցության փոխնախագահն իր հայտարարություններով փորձել է թիմակիցներին պաշտպանել ամերիկացի դիվանագետի մեղադրանքներից` այդ նպատակով հորինելով տարբեր պատճառաբանություններ: Բայց արի ու տես, որ Սահակյանն իր հայտարարությամբ իրականում ավելի լուրջ խոստովանություն է արել. Ղարաբաղյան հակամարտության առկայությունը խոչընդոտում է ներդրումների ներգրավմանը, ըստ այդմ, Հայաստանի զարգացմանը: Եւ այսպես` Գալուստ Սահակյանը յուրօրինակ կերպով հիմնավորել է ԼՂ խնդիրն օր առաջ կարգավորելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա բնականոն հունով զարգանալ:
Իրականում ԱԺ նախկին նախագահի հայտարարություններում որեւէ նորություն չկար. նա կրկնել է վաղուց հայտնի ճշմարտությունը, որ տարածաշրջանում չլուծված հակամարտությունների առկայությունը, ամեն րոպե պատերազմի վերսկսման վտանգը, հարեւան երկրներից երկուսի հետ փակ սահմանները խոչընդոտ են ներդրողներ ներգրավելու ճանապարհին:
Իրականում 1998թ. սկսած իշխանություններն ամեն կերպ փորձել են ապացուցել հակառակը, թե իբր Ղարաբաղյան հակամարտության առկայությունը չի խանգարում ներդրումների ներգրավմանը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ նախորդ տարվա մարտին, խոսելով այս մասին, ասել էր. «Հակառակը՝ Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար գրավիչ է այն հանգամանքով, որ ոչ թե սահմանները փակ են, այլ Հայաստանն այն հարթակն է, որով օտարերկրյա ներդրողներին հնարավորություն է ստեղծվում մուտք գործել շատ մեծ շուկաներ»: Մինչդեռ հիմա Սահակյանը հակառակն է ապացուցում:
Բայց նկատենք, որ դեսպան Միլսը եւս ճիշտ է իր տեսակետում. ներդրումներին խանգարում է ոչ միայն ԼՂ խնդրի առկայությունը, այլեւ փաստը, որ իշխանությունը սերտաճած է օլիգարխների հետ: Այնպես որ, ներդրումների ներգրավմանը խանգարող գործոնները շատ են, չափազանց շատ: