ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԵՂԵԼ ԵՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում կան տասնյակ պատգամավորներ, ովքեր նիստերի ընթացքում ծպտուն չեն հանում: Նրանք գրեթե երբեք օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեն գալիս` լավագույն դեպքում ստորագրելով գործընկերների հեղինակած նախագծերի տակ, հարցեր չեն ուղղում, եթե, իհարկե, խմբակցությունում նրանց ձեռքը գրված հարց չեն տվել՝ վարժ ընթերցելու համար: Փոխարենը այդ մարդիկ աշխատավարձ են ստանում հարկատուներիս հաշվին մոտ հազար դոլարի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության ամենաչխոսկան պատգամավորներից մեկի` Տատյանա Միքայելյանի եւ ՀՀԿ խմբակցությունից Արսեն Միխայլովի հետ` փորձելով պարզել մի շարք հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումը:

-Տիկի՛ն Միքայելյան, Դուք խորհրդարանում ակտիվություն չեք ցուցաբերում: Ի՞նչն է պատճառը:
-Իսկ ո՞վ ասաց, որ ես ելույթ չեմ ունենում նիստերին: Ո՞վ է ասել:
-Դա երեւում է նիստերից, քանի որ ելույթներ չկան, հարցեր չկան, օրենսդրական դաշտում էլ Դուք նախաձեռնություններ չունեք:
-Ես դեռ նոր աշխատող եմ այս խորհրդարանում. ուզում եմ սկզբում ծանոթանալ բոլոր հարցերի, պահանջների հետ, հետո միայն սկսել աշխատանքը: Բայց ես ունեմ արդեն կատարած ինչ-որ աշխատանք: Ես դիմել եմ կրթության եւ գիտության նախարարին, մշակույթի նախարարին, երկու անգամ արդեն եղել եմ Մոսկվայում: Չէի ասի, թե չեմ մասնակցում: Ելույթ եմ ունեցել հայտարարություններով, տարբեր հարցեր եմ տվել: Դուք մի փոքր ճիշտ չեք:
-Դուք ո՞ր հարցերի մասին եք բարձրաձայնել ու փորձել խնդիրներին լուծում տալ:
-Դպրոցներում, որտեղ ռուսական դասարաններ կան, գրքերի պակաս կա: Դա ոչ միայն ռուս գրականության, այլեւ այլ առարկաներից: Բացի այդ` մանկավարժների պակաս կա: Դիմեցի նախարարին, նա ասաց, որ տեղյակ է այս բոլոր խնդիրներին եւ խոստացավ, որ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի: Իսկ մշակույթի նախարարին դիմել էի նամակով`«Ռուսաստանի ընկերները» թերթի հարցով, որն անհրաժեշտ է մեր հասարակական կազմակերպության աշխատանքում:
-Անցնենք քաղաքական այլ հարցերի. մեր արտաքին քաղաքական վեկտորում, ըստ Ձեզ, որքանո՞վ է Հայաստանը ճիշտ գործում: Շատ հարցերում կարծես թե այնքան էլ ընկալելի չէ մեր երկիրն աշխարհում:
-Կարելի՞ է չպատասխանել:
-Այսինքն` զուտ քաղաքական հարցերի չե՞ք ուզում պատասխանել:
-Չեմ ուզում:
-Բայց եթե Դուք քաղաքական գործիչ եք, եկել եք խորհրդարան, ինչպե՞ս կարող եք քաղաքական հարցերի չպատասխանել:
-Ժամանակը կգա, ցույց կտա, որ ես պատասխանելու եմ բոլոր հարցերին:
-Այսինքն` դեռեւս տեղյակ չե՞ք արտաքին քաղաքական հարցերին:
-Տեղյակ չե՞մ: Ինչո՞ւ: Տեղյակ եմ բոլոր հարցերին:
-Իսկ ճի՞շտ եք համարում, որ ԵԱՏՄ անդամ դարձավ Հայաստանը, բայց հիմա կարծես թե մեր երկիրն առանձնապես չի օգտվում այդ 180 միլիոնանոց շուկայից, եւ տնտեսապես ձեռնտու չէ:
-Այդքան էլ չհասկացա Ձեր հարցը: Կարելի՞ է` կրկնեք:
-Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Որքանո՞վ էր այդ քայլը ճիշտ:
-Կարծում եմ` նորմալ է:
-Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Եվրասիական միությունը:
-Զարգացման հեռանկարներ, տնտեսության զարգացում, տրանսպորտի, մշակույթի զարգացում, սպորտի զարգացում: Զարգացում`բոլոր ուղղություններով:
-Հաճախ ասվում է, որ մի գիշերում այդ որոշումն ընդունվեց` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու: Դուք համամի՞տ եք այդ տեսակետի հետ: Հանրությունը տեղյակ չէր, եւ հանկարծ մեկ օրում դարձանք ԵԱՏՄ անդամ:
-Ո՛չ: Չեմ պատասխանում:
-Ըստ Ձեզ` կուսակցությունը Ձեր աշխատանքից գո՞հ է:
-Պետք է նրանց հարցնել:
-Իսկ Դուք, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում:
-Բավարար դեռ…որպես նոր աշխատող: Դեռ ժամանակը ցույց կտա: Նույնիսկ մեկ տարի չի անցել, ինչ ես սկսել եմ իմ աշխատանքը: Ո՞վ է պատգամավորներից ակտիվ մասնակցություն ունենում, երբ նոր-նոր է սկսում իր աշխատանքը, նոր է ծանոթանում խնդիրների հետ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլով
-Պարո՛ն Միխայլով, Դուք ԱԺ պատգամավոր եք, բայց առանձնապես ակտիվություն չեք ցուցաբերում: Ի՞նչն է պատճառը:
-Ի՞նչ առումով ակտիվություն չեմ ցուցաբերում, ասե՛ք…
-Ելույթների տեսքով, հարցերի տեսքով: Բացի այդ` Դուք ունե՞ք մասնակցություն որեւէ օրենսդրական նախաձեռնության մեջ:
-Մենք հիմնականում…իհարկե, ունենք մասնակցություն… եւ հանձնաժողովներում: Բայց ինչ վերաբերում է դահլիճում ակտիվությանը, այն հարցերը, որոնք ես գտնում եմ` պետք է ակտիվ լինեմ, ես ակտիվ եմ: Եթե գտնում եմ, որ պետք է հարց բարձրացնեմ, ելույթ ունենամ, ես ունենում եմ ակտիվություն:
-Իսկ մյուս հարցերում, որոնք հասարակական հետաքրքրություն են ներկայացնում, Դուք ակտիվություն չեք ցուցաբերում: Ի՞նչն է պատճառը, կաշկանդվա՞ծ եք:
-Ես չէի ասի…կներեք:
-Այդ դեպքում ինչո՞ւ Ձեր տեսակետը չեք ներկայացնում:
-Իմ տեսակետը միշտ ներկայացրել եմ:
-Պատգամավորի առաքելությունը ո՞րն է խորհրդարանում, ըստ Ձեզ:
-Դուք մի հարցից արդեն մյուսին եք, հա, տեղափոխվում: Հետո կասեմ, կգա ժամանակը:
-Հիմա ժամանա՞կը չէ:
-…որ ակտիվություն ցուցաբերե՞մ:
-Բա ինչո՞ւ ակտիվ չեք, եթե եկել եք խորհրդարան:
-Էդ Ձեզ է թվում, որ ակտիվ չեմ: Շնորհակալությո՛ւն, կներեք:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Երեկ խորհրդարանում 60 կողմ, 35 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին դեմ էին «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները: Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներն առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել էին, թե այս օրինագծով համայնքների էլ ավելի հանրապետականացման եւ համայնքներում եւս ՀՀԿ-ի մենաշնորհ հաստատելու փորձ է արվում: Այդ պատճառով էլ նրանք երեկ դեմ քվեարկեցին նախագծին: Հետաքրքիր է, որ եղել են ՀՀԿ-ականներ, ովքեր չեն մասնակցել այս նախագծի քվեարկությանը: Քվեարկությանը չմասնակցած պատգամավորներն են Արայիկ Գրիգորյանը, Նաիրի Սահակյանն ու Անդրանիկ Հարությունյանը:

Իսկ ինչ է ենթադրում օրինագիծը: Ըստ այդմ, միջհամայնքային միավորումները կարող են ձեւավորվել երկու եղանակով՝ կամավոր եւ կառավարության կողմից՝ հանրային շահից ելնելով: Այս նախագծով սահմանվում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները եւ դրանց հիմքերն ու երաշխիքները:
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրելով նախագիծը` տեղեկացավ, որ միավորում կարող է ստեղծվել միայն համայնքների ավագանիների կողմից՝ կամավոր հիմունքներով: Կամավոր հիմունքներով միավորում ստեղծելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամների մեկ երրորդը: Իսկ օրենքով միավորում ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ էլ կարող է հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Միավորման մարմիններ համարվելու են խորհուրդը եւ խորհրդի նախագահը: Խորհուրդն էլ կազմված է լինելու միավորման անդամ համայնքների եւ ավագանու մեկական անդամներից: Ըստ այդմ, միջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորությունները: Միջհամայնքային միավորումը կարող է ունենալ գույք, ունենալ եկամուտներ, ծախսեր, կնիք: Միջհամայնքային միավորման խորհուրդն իրավունք ունի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ անհատական իրավական ակտեր: Հավելենք, որ միջհամայնքային միավորումներ ունենալն իշխանությունները համարում են սահմանադրական պահանջ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԵԿԻ ԽՈՍՔԸ ՄՅՈՒՍԻ ՀԵՏ ՉԻ ԲՌՆՈՒՄ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սերժ Սարգսյանը առողջապահության նախարարությանը հրահանգել է դադարեցնել սոցշահառուներին դեպի ապահովագրական ընկերություններ ուղղորդելու գործընթացը կամ չկիրառել նախատեսված պլաններով: Տեղեկացնենք, որ ապրիլի 1-ից նախատեսվում էր հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով անձանց պարտադրել հիվանդանոցներին դիմելիս օգտվել ապահովագրական ընկերություններից: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանին. նա փորձեց արդարանալ. «Որեւէ գրավոր կամ պաշտոնական տեղեկություն չկա: Անուղղակի որեւէ տեղեկատվություն չունեմ: Էսպիսի խոշոր պրոեկտների դեպքում մեկ, երկու, երեք ամիսների տարբերությունները սկզբունքային չեն»: Ապա փոխնախարարն ինքնագոհ հայտարարեց, թե որեւէ պաշտոնյա, այդ թվում եւ նախարարը, երբեւէ չեն հայտարարել, որ այդ գործընթացը սկսվելու է ապրիլի 1-ից: Նա միաժամանակ խնդրեց օրինակ բերել: Մինչդեռ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ անցած տարվա հուլիսի 29-ին հայտարարել էր, որ 612 հազար սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ կպահովագրվեն 2018 թվականի ապրիլի 1-ից, եթե հոկտեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 1-ը գործող 80 հազար անձանց ապահովագրությունը գործի:

 

 

 

ԾԱՂԿԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Երեկ ԱԺ արտահերթ նիստը տեւեց ընդամենը կես ժամ, որի ընթացքում պատգամավորները միայն քվեարկեցին նախօրեին քննարկված 12 նախագծերը: Քվեարկության ավարտից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չմոռացավ շնորհավորել խորհրդարանի կին պատգամավորներին՝ մարտի 8-ի կապակցությամբ: Արդեն նիստի ավարտից հետո խորհրդարանը ծաղկանոց էր հիշեցնում. թե՛ կին պատգամավորները, թե՛ աշխատակազմի իգական սեռի ներկայացուցիչները խորհրդարանում շրջում էին ծաղկեփնջերով. հատկապես իշխանական թեւի պատգամավորները գումարներ չէին խնայել այդ նպատակով:

 

 

 

ՉԻ՞ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հանձնարարել է ներկայացնել 70 տարեկանը լրացած եւ դրանից բարձր տարիքի դասախոսների ցանկը: Դժվար չէ կռահել, թե ինչի համար կարող է սա արվել. նա ցանկանում է ազատվել տարեց աշխատակիցներից: Այնուամենայնիվ, մեկնաբանություն ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ, լրատվական ծառայության ղեկավար Գեւորգ Էմին-Տերյանին, որն էլ ասաց. «Դա անհեթեթ տեղեկություն է: Նման բան չկա: «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը ետ է կանչվել: Իսկ դա վերաբերում էր միայն վարչական աշխատողներին»: Նշենք, որ այս տարվա փետրվարին ԱԺ-ում գտնվող «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը հարուցել էր ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը, քանի որ դրա ընդունման դեպքում 70 տարին լրացած անձանց գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելը սահմանափակվելու էր:




Լրահոս