ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա կատարած այցի ծախսային մասն այդպես էլ պահում են կողպեքի տակ: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Շվեյցարիա` մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին: Կարապետյանի` սոցիալական ցանցում հրապարակած լուսանկարից պարզ դարձավ, որ երկրի բարձրագույն պաշտոնյաներին սպասարկող օդանավով չէ նա մեկնել, այլ մասնավոր օդանավով: Կառավարությունից ավելի ուշ պարզաբանեցին, որ օդանավի համար բյուջեից գումար չի տրամադրվել:

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է խնդրին` վկայակոչելով վարչապետի` հունվարի 11-ի 4Ա որոշումը, որտեղ նշված էր. «Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»: «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր նաեւ վարչապետի` Ղազախստան կատարած այցին: Այս դեպքում կատարված ծախսերը եւս առանձնապես չէին հանրայնացվում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթն, ի վերջո, պարզել է, թե Շվեյցարիա եւ Ղազախստան կատարած այցերի համար որքան գումար է ծախսվել: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան` հայտնել են կառավարությունից: Սակայն որոշ ծախսեր այդպես էլ գաղտնիության շղարշի ներքո են մնում:
Եվ այսպես` Շվեյցարիայում ՀՀ պատվիրակության` կառավարության աշխատակազմը ներկայացնող անդամների ծախսերի համար բյուջեի` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից հատկացվել է 6,7 մլն դրամ: Իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար բյուջեից ծախսվել է 1,1 մլն դրամ: Վարչապետի ծախսերի մասին, սակայն, կառավարությունից չեն հայտնում` պատճառաբանելով, թե արարողակարգային, կեցության, տրանսպորտային սպասարկման ծախսերը, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում եւ հրապարակման ենթակա չեն: Ստացվում է` Հայաստանի քաղաքացին իրավունք չունի տեղեկանալու, թե Կարեն Կարապետյանը որքան գումար է վատնել Շվեյցարիա եւ Ղազախստան կատարած այցերի ընթացքում: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` պետք է գաղտնի պահեին ոչ թե ծախսի չափը, այլ ծառայություն մատուցած ընկերությունների անունները. ասենք` չհայտնել, թե որտեղ է իջեւանել վարչապետը արտերկրում, որտեղ է ճաշել եւ այլն: Բայց ծախսված փողի չափը, թերեւս, պարտադիր է հրապարակելը:
Հիմա իշխանությունները նման հարցերի պատասխանները գաղտնի են պահում, եւ պարզ է, թե ինչու 2014 թվականին իշխանություններն արտահերթ կարգով Ազգային ժողով բերեցին «Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ, որով նախատեսվում էր պետական բարձրաստիճան պաշտոնյաների կատարած բոլոր ծախսերը որակել որպես պետական գաղտնիք: Նախագծի շուրջ աղմուկ բարձրացավ, եւ հատկանշական է, որ ընդդիմացողների թվում էին ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունները, այլեւ իշխանական թեւից մի քանիսը: Եվ ըստ էության, որեւէ անհրաժեշտություն չկար հրատապ կերպով ներկայացնել նման նախագիծ: Եվ բարձրացված աղմուկի հետեւանքով օրինագիծը երկար ժամանակ երկրորդ ընթերցմամբ չէր ներկայացվում: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դարձյալ օրինագիծը ներկայացրեց խորհրդարանին: «Գնումների մասին» օրենքի նախագծով նախատեսվում էր նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը ներառել պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում: Եվ օրինագիծն, ի վերջո, ընդունվեց:
Եվ այժմ ի՞նչ է ստացվում. պաշտոնյաները կարող են նվերներ գնել մտերիմների համար, հյուրերին թանկարժեք խմիչքներ հյուրասիրել, գործուղումների ժամանակ անխնա ծախսել, իսկ հետո դա ներկայացվում է որպես պետական գաղտնիք: Սրանով կոծկվում են այն չարաշահումները, որ կատարվում են օրը ցերեկով` քաղաքացիների վճարած հարկերի հաշվին: Մինչդեռ երբ խոսք է գնում նպաստի կամ կենսաթոշակի բարձրացման կամ սոցիալական, կրթության եւ այլ ոլորտներին տրամադրվող գումարի ավելացման մասին, պաշտոնյաները միաբերան պնդում են` բյուջեում այդքան գումար չկա: Սակայն անձնական ծախսերի համար պաշտոնյաները հանգստությամբ գումար են ծախսում`չմտահոգվելով քաղաքացիների մասին:
Հ.Գ. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի երկրորդ հոդվածի համաձայն` պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեuական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, oպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար: Իսկ վարչապետի, նախագահի կամ մեկ այլ պաշտոնյայի ծախսերը չեն կարող երկրի անվտանգության համար ծանր հետեւանքներ առաջացնել: Սակայն, անշուշտ, նորություն չէ, որ մեր երկրի պաշտոնյաները կարող են «չեղած տեղից» էլ օրենք հնարել, միայն թե դա նպաստի իրենց չարաշահումների օրինականացմանը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԺ մշտական հանձնաժողովներն արդեն սկսել են ներկայացնել փետրվար ամսին հանձնաժողովների նիստերից բացակայած պատգամավորների ցանկը: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներում պարբերաբար անդրադարձել է այդ հարցին` տեղեկացնելով, որ հաճախ պատգամավորները ներկա չեն լինում հանձնաժողովների նիստերին, սակայն վերջնական արդյունքում նրանց անունն այդպես էլ տեղ չի գտնում բացակայածների ցանկում: Այս անգամ եւս նույն պատկերն է. բացակաների մասին հանձնաժողովների ներկայացրած տվյալներում չկա: Ինչպես հայտնի է՝ բացակայությունների համար պատգամավորների աշխատավարձից պետք է գումարներ պահվեն, դրա համար էլ պատգամավորների բացակայությունները չնկատելու են տալիս: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որեւէ ցանկ չի ներկայացրել դեկտեմբեր ամսվանից սկսած, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովը վերջին անգամ ներկայացրել է միայն նոյեմբեր ամսվա բացակայությունների մասին տեղեկանք:

 

 

ՃԱՆԱՉՎԵՑ ՏՈՒԺՈՂ
Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը գործով ճանաչվել է տուժող: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս որպես տուժող հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն՝ հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, դեռ չկան կասկածյալներ ու մեղադրյալներ, մինչդեռ ավագանու` ՀՀԿ-ական անդամները հենց տեսախցիկների առաջ էին ծեծի ենթարկել ԵԾ ավագանու կին անդամին: ՔԿ-ում այս միջադեպի առթիվ քրեական գործը հարուցվել է ծեծի եւ խուլիգանության հատկանիշներով:

 

 

 

ՏՆՏԵՍԱՊԵՍ ԱՊԱՀՈՎՎԱԾԸ
Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնին: Մինչ այդ նա երրորդ տեղակալն էր: Խաչատրյանը պատկանում է այն չինովնիկների թվին, ով 13 տարի զբաղեցնելով պետական պաշտոն` հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Նրա պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ունի անհատական բնակելի մեկ տուն, մեկ ավտոտնակ, մեկ ամառանոց, երկու հողամաս եւ MITSUBISHI OUTLANDER 2.0 մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարի դրամական միջոցները կազմում են 18 մլն դրամ եւ 55 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որը ընդհանուր կազմել է 93 մլն 240 հազար դրամ: Միայն մեկ վայրից ստացած ամսական աշխատավարձը կազմել է 7 մլն 460 հազար դրամ: Ի դեպ, 10 տարի՝ 2006-2016թթ., նա զբաղեցրել է ՀՀ-ում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Վալլեքս» խմբի ընկերությունների ֆինանսական տնօրենի պաշտոնը:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

ՆՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երեւանի որոշումը, նշել է, որ Ռուսաստանը ելնում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները նորմալացնելու կարեւորությունից` ի շահ այդ երկու երկրների: Ռուսաստանի պատվիրակությունը Ցյուրիխում ներկա է գտնվել եւ ակտիվ մասնակցություն է ունեցել: «Մենք այդ համաձայնություններին գնահատական տվել ենք, որը մնում է նույնը: Մենք ելնում ենք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու կարեւորությունից` ի շահ այդ երկու երկրների: Մեր կողմից միշտ հնարավորինն արել ենք` այդ նպատակներին հասնելու համար»,- ասել է Մ. Զախարովան: Նշենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերին, Ցյուրիխում: Սակայն արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին: 2018թ. մարտի 1-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

ՈՉ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը ադրբեջանական «Թրենդ»-ին տված հարցազրույցում ասել է, որ «չնայած ղարաբաղյան հակամարտությունում ներկայիս ստատուս քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել, հակամարտության կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի»: Նա նշել է, որ հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները: Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ այդ սկզբունքներն են` ուժ կամ ուժի սպառնալիքներ չկիրառելը, տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը:

 

 

ՆՇԱՆԱԿԵԼ Է
Սերժ Սարգսյանը Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին համատեղության կարգով նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան:

 

 

ՏՈՒՆ-ՏՈՒՆԻԿ
«Ազատություն» ռ/կ փոխանցմամբ՝ կառավարության աշխատակազմը վճարովի ալիքներ դիտելու համար պետբյուջեից 2,5 միլիոն դրամ է հատկացրել: «Տուն-տունիկ», «ԺպՑրՍՌռ ՎՌՐ», «Baby TV». նաեւ այսպիսի հեռուստաալիքներ դիտելու համար է Կառավարությունը պայմանագիր կնքել «Յուքոմ» ընկերության հետ։ Ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում տեղադրված պայմանագրերից երեւում է, որ առնվազն 10 գերատեսչություններ եւ կոմիտեներ 2018թ. ամբողջ ընթացքում վճարովի հեռուստաալիքներ դիտելու համար 5 միլիոն դրամից ավելի գումար են վճարել։




Լրահոս