4 ՕՐ ՉԵՆՔ ՔՆՈՒՄ, ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 8-Ը ԳԱ, ՎԱՐԴԵՐ ՆՎԻՐԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պետական պաշտոնյաների հետ եւ հետաքրքրվել մարտի 8-յան նվերներից եւ ծախսերից. ով որքան գումար է հատկացնելու մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան
-Պարո՛ն Մինասյան, Ձեզ համար Մարտի 8-ը, անխուսափելի ֆինանսական կորուստներից բացի, ի՞նչ օր է:
-Կարծում եմ` գեղեցիկը տեսնելու եւս մի հնարավորություն է:
-Սովորաբար ի՞նչ եք նվիրում Ձեր մայրիկին, կնոջը. ոսկա զարդե՞ր, օծանելի՞ք, թե՞ վարդեր…:
-Երբ մայրս ապրում էր` ողջ էր, նվիրում էի համբույր եւ մի գեղեցիկ կրոնական գիրք: Մայրս չափազանց աստվածապաշտ էր, եւ իր էդ ձգտումը, ցանկությունը, կարծում եմ, մեզ կուղեկցի մեր ամբողջ կյանքում: Ինչ վերաբերում է իմ շրջապատում գտնվող կանանց` կնոջս, աղջկաս, մեր գործընկերուհիներին, ասեմ, որ ամեն մեկն արժանի է առնվազն գոնե այն ջերմ ու գեղեցիկ վերաբերմունքին, որը շնորհավորանքն է: Մնացած թեթեւ ֆինանսական ծախսերը կարեւոր չեն: Կարեւորը տրամադրությունն է:
-Սովորաբար վարդեր են նվիրում` մեկնաբանելով, որ դա սերն է բնության նկատմամբ, իսկ փշերը` հարգանքը: Դուք սիրուց թե՞ հարգանքից դրդված եք վարդեր նվիրում:
-Վարդեր նվիրելը դա իմ թուլությունն է, ես վարդեր շատ-շատ եմ սիրում: Կարծում եմ` երկուսն էլ…:
-Լսել եք այն մանրապատումը. երեխան հայրիկին հարցնում է. «Ինչո՞ւ է օրացույցում Մարտի 8-ը կարմիր գույնով նշված»: Հայրը պատասխանում է. «Դա մեր արյան գույնն է»: Ձեզ մոտ էլ է՞ Մարտի 8-ն այդպես ընկալվում:
-Դաժան հայր է եղել (ծիծաղում է): Ես չեմ կարծում, որ պետք է էդպիսի ընկալում ունենալ: Դա ավելի շատ եկել է ավանդույթի ուժով, որ տոն օրերը նշվում են կարմիր գույնով:
-Ըստ Ձեզ` դա արյան հետ կապ չունի՞:
-Բնականաբար չէ, բացարձակ կապ չունի:
-Լուրեր են պտտվում, որ ՀՀ կառավարությունը, երկրի սոցիալ-տնտեսական, ֆինանսական ճգնաժամից ելնելով, որոշել է Մարտի 8-ը տեղափոխել փետրվարի 29-ին, որպեսզի 4 տարին մեկ անգամ նշեն: Դուք այդ նախաձեռնությանը կմիանա՞ք:
-Հումորը հասկացա. բացառվում է, որ էդպիսի նախաձեռնությունը հասնի ՀՀ կառավարություն:
-Որքա՞ն գումար եք նախատեսել տրամադրել Մարտի 8-ի նվերներին` 10.000, 20.000 դրամ: Որքա՞ն ֆինանսական կորուստ եք կրելու:
-Դժվարանում եմ ասել, նախ բյուջետային սահմանափակումը խիստ է մեր մոտ դրված, բայց նորից եմ ասում` նյութական ծախսի տեսանկյունից չեմ կարող ասել: Երեւի մի աշխատավարձ` նկատի առնելով, որ Մարտ 8 է, եւ էդ տոնը իսկապես կարելի է գեղեցիկ միջավայրի վերածել, գուցե բյուջեի կեսը: Ստանում եմ 564.500 դրամ, այսինքն` դրա կեսը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյան
-Պարո՛ն Պողոսյան, Ձեզ համար Մարտի 8-ը, անխուսափելի ֆինանսական կորուստներից բացի, ի՞նչ օր է:
-Մարտի 8-ը մեր բոլորի համար այն օրն է, երբ մենք մեկ անգամ եւս փորձում ենք ժպիտ պարգեւել մեր կանանց եւ աղջիկներին:
-Սովորաբար ի՞նչ եք նվիրում Ձեր մայրիկին, կնոջը` ոսկա զարդե՞ր, օծանելի՞ք, թե՞ վարդեր…:
-Այն նվերը, որն իրենց ժպիտ կպարգեւի, կուրախացնի:
-Սովորաբար վարդեր են նվիրում` մեկնաբանելով, որ դա սերն է բնության նկատմամբ, իսկ փշերը` հարգանքը: Հետաքրքիր է` Դուք սիրուց թե՞ հարգանքից դրդված եք վարդեր նվիրում:
-Ես նվիրում եմ գեղեցիկ ծաղիկներ: Ես ուղղորդված չեմ ինչ-որ ծաղիկ նվիրելու, նվիրում եմ գեղեցիկ ծաղիկներ:
-Լսել եք այն մանրապատումը. երեխան հայրիկին հարցնում է. «Ինչո՞ւ է օրացույցում Մարտի 8-ը կարմիր գույնով նշված»: Հայրը պատասխանում է. «Դա մեր արյան գույնն է»: Ձեզ մոտ էլ է՞ Մարտի 8-ն այդպես ընկալվում:
-Չէ, Մարտի 8-ը տոն է, եւ ավելի շատ դրա համար է կարմիր գույնով նշվում: Դա հետսովետական շրջանին բնորոշ բան է: Ճիշտն ասած, չեմ մտածել, բայց հիմա մտածեցի, որ կարող է դրա հետ պայմանավորված լինի:
-Լուրեր են պտտվում, որ ՀՀ կառավարությունը, երկրի սոցիալ-տնտեսական ֆինանսական ճգնաժամից ելնելով, որոշել է Մարտի 8-ը փոխարինել փետրվարի 29-ով, որպեսզի 4 տարին մեկ անգամ նշեն: Դուք այդ նախաձեռնությանը կմիանա՞ք:
-Ո’չ, ես այդ նախաձեռնությանը դեմ կլինեմ: Խոստանում եմ:
-Որքա՞ն գումար եք նախատեսել տրամադրել Մարտի 8-ի նվերներին` 10.000, 20.000 դրամ:
-Կհաշվարկեմ, կտեսնեմ` էդ ժամանակաշրջանում բյուջես ինչքան թույլ կտա: Կնախատեսեմ` ըստ այդ օրվա բյուջեի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյան
-Պարո՛ն Մանուկյան, Ձեզ համար Մարտի 8-ը, անխուսափելի ֆինանսական կորուստներից բացի, ի՞նչ օր է:
-Ի՞նչ կապ ունի ֆինանսական կորուստը: Մարտի 8-ը կանանց տոնն է. տղամարդկանց համար ամենահաճելի տոներից մեկն է:
-Սովորաբար ի՞նչ եք նվիրում Ձեր մայրիկին, կնոջը` ոսկա զարդե՞ր, օծանելի՞ք, թե՞ վարդեր…:
-Նվեր տալն ընդհանրապես դժվար գործ է: Բայց Մարտի 8-ին հիմնականում` ծաղիկ, որովհետեւ կանանց ծաղիկ պետք է նվիրել:
-Սովորաբար վարդեր են նվիրում` մեկնաբանելով, որ դա սերն է բնության նկատմամբ, իսկ փշերը` հարգանքը: Հետաքրքիր է` Դուք սիրո՞ւց, թե՞ հարգանքից դրդված եք վարդեր նվիրում:
-Արդեն հնդկական կինո եք սարքում` սեր, վարդեր: Մեր գործը նվեր տալն է, լավը ցանկանալն ու իրենց առողջության մասին մտածելը:
-Լսել եք այն մանրապատումը. երեխան հայրիկին հարցնում է. «Ինչո՞ւ է օրացույցում Մարտի 8-ը կարմիր գույնով նշված»: Հայրը պատասխանում է. «Դա մեր արյան գույնն է»: Ձեզ մոտ էլ է՞ Մարտի 8-ն էդպես ընկալվում:
-Արյունը էստեղ ի՞նչ կապ ուներ: Ամեն մարդ իր կարծիքն ունի ե՛ւ վարդերի, ե՛ւ արյան մասին: Ես ոնց կարող եմ էդ մարդու մոտեցումը վարդի նկատմամբ ասեմ` ճիշտ է, թե սխալ է:
-Այսինքն` Ձեզ մոտ Մարտի 8-ը տոնական օր է, արյան ընկալում չկա՞:
-Հա, դե նենց չի, որ 4 օր չենք քնում, մինչեւ Մարտի 8-ը գա, գիշեր-ցերեկ սպորտով պարապում ենք, որ Մարտի 8-ին վարդեր նվիրենք: Ընդամենը հարգանքի նշան է կնոջ հանդեպ` ծաղիկներ նվիրել:
-Լուրեր են պտտվում, որ ՀՀ կառավարությունը, երկրի սոցիալ-տնտեսական, ֆինանսական ճգնաժամից ելնելով, որոշել է Մարտի 8-ը փոխարինել փետրվարի 29-ով, որպեսզի 4 տարին մեկ անգամ նշեն: Դուք այդ նախաձեռնությանը կմիանա՞ք:
-Չեմ իմանում, թե ոնց կլինի, բայց Մարտի 8-ը շատ հնուց եկած տոն է: Ինձ թվում է` կնշվի, որովհետեւ կանանց հետ է կապված: Ընդամենն էդ մի օրը լավ վերաբերվում ենք, չնայած դրան գումարվում է մի ամիս` մինչեւ ապրիլի 7-ը:
-Որքա՞ն գումար եք նախատեսել Մարտի 8-ի նվերների համար` 10.000, 20.000 դրամ:
-Քո ինչ գործն է (ծիծաղում է): Ինչքան հնարավոր է` քիչ եմ նախատեսում, բայց ծախսվում է շատ: Կոնկրետ չեմ պլանավորել: Կաշխատենք` քիչ ծախսենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՆԵՐՄԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵ՞Լ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանն օրերս ներում է շնորհել մի շարք դատապարտյալների: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, նա ներում է շնորհել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի` սպանությանը մասնակից լինելու համար: Այնուհետեւ մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ, եւ նա 23 տարի է՝ գտնվում է անազատության մեջ: Բայց պարզվում է` ներում ստացած դատապարտյալների ցանկը չի ավարտվում: Մեզ հասած տեղեկություններով` ներում են ստացել «քիմիկների գործով» մեղադրյալներ Աշոտ Առաքելյանը, Արմեն Լեպեջյանը, Սամվել Խաչատրյանը: Հիշեցնենք, որ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախագահականից պարզել, թե քանի՞ անձ է արժանացել Սերժ Սարգսյանի ներմանը, եւ կոնկրետ ո՞ր դատապարտյալներին է ներում շնորհվել:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` գործընթացը շարունակվում է, եւ մինչեւ մարտի 15-ը այլ դատապարտյալների եւս ներում կշնորհվի:
Ի պատասխան մեր այս հարցման` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտնել էր. «Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում տեղեկացնել, որ դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են եւ ենթակա չեն պարտադիր հրապարակման: Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ եւ տվյալներ, որոնք, համաձայն 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ենթակա են պաշտպանության, եւ չի կարելի դրանք օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրերի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկվում են ներման խնդրագրերով դիմած դատապարտյալները, ինչպես նաեւ միջնորդություններով հանդես եկած անձինք:
Չնայած նախագահականում դեռեւս չեն շտապում մեր տեղեկությունները հաստատել, սակայն դատապարտյալների շրջանում խոսակցությունները մեծ թափ են ստացել, եւ ինչպես ասում են` առանց կրակ ծուխ չի լինում, եւ վերջիններս ամեն վայրկյան սպասում են վարչության ղեկավարության ահազանգին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌՈՒՄ
Երեկ Գավառի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը: Հիշեցնենք, որ մարտի 4-ին մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը ամուսինը` 1963թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից` տուն վերադառնալու, եւ անհետ կորել է: Պարզվել է, որ սպանություն է կատարվել: Ըստ նախնական տեղեկությունների` Հայրապետ Հերգնյանին սպանել եւ դիակը աղբանոցում թաքցրել է Գավառ քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Միշա Մ.-ն, որն էլ բերման է ենթարկվել ոստիկանություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միշա Մ.-ն ձերբակալված է:

 

 

ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի` 2018թ. մարտի 12-ին` ժամը 01:00-ից 07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:

 

 

ՀԱՎԵՍ ՉՈՒՆԻ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է մեկնաբանում «Եռաբլուր» պանթեոնում գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, թե Կարեն Կարապետյանն ո՞վ է, ի՞նչ գիտի Արցախի, պատերազմի մասին, Սերժ Սարգսյանն է անփոխարինելի, ասել է. «Հավես չունեմ, հիվանդանոցից եմ գալիս, թողեք սթրվեմ: Պրովոկացիա մի՛ արա, ուղղակի հավես չունեմ խոսալու. տո, ինձի ոչ մեկ չի կարա ասի` ինչ խոսամ, ինչ չխոսամ»,-ասել է նա:




Լրահոս