Կառավարությունը կրկին պարապուրդի կմատնվի. ինչ է սպասվում ապրիլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պետական գերատեսչությունների աշխատողների համար դարձյալ «պարապ ժամանակներ» են սկսվել: Տեւական ժամանակ է, ինչ գերատեսչությունների ոչ միայն ղեկավարները, այլեւ նրանց ենթակաները, ըստ էության, մատնվել են պարապուրդի: Պատճառը առաջիկայում սպասվող ներքաղաքական զարգացումներն են. սպասում են ապագա վարչապետի եւ կառավարության կազմավորմանը:

Ինչպես հայտնի է` ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել մարտի 2-ին, բայց Արմեն Սարգսյանն իր պաշտոնը ստանձնելու է ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում:

Եւ հենց այդ օրն էլ վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր կառավարությունը, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, հրաժարական կներկայացնեն: Ըստ Սահմանադրության` դրանից հետո խորհրդարանական խմբակցությունները կներկայացնեն վարչապետի թեկնածուներին: Ըստ ամենայնի, այս պահին իշխող կուսակցության վարչապետի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

Վարչապետին խորհրդարանը կընտրի ապրիլի 17-ին, որից հետո սկսվելու է կառավարության կազմավորման գործընթացը: ՀՀ Սահմանադրության 150 հոդվածի համաձայն` կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում: Սակայն իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Ու հիմա Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչություններում այդ ամենի պատճառով ստեղծվել է ոչ աշխատանքային մթնոլորտ, միաժամանակ պետական չինովնիկները սպասողական ու անորոշ վիճակում են: Ընդ որում, այս վիճակը ստեղծվել է դեռ փետրվարից եւ տեւելու է դեռ մինչեւ ապրիլի վերջերը:
Կառավարության հրաժարականից հետո ՀՀ բոլոր նախարարները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատարներ: Ինչից հետո նրանք, շունչները պահած, սպասելու են իրենց ճակատագրերի հստակեցմանը: Եւ նոր կառավարությունը կձեւավորվի ապրիլի վերջին: Ու ստացվում է՝ պետական համակարգը պարապուրդի մատնված կմնա ավելի քան 2 ամիս: Փոխարենը նրանք այդ օրերի համար վարձատրվելու են: Եվ ստացվում է, որ այդ օրերին պետբյուջեից հատկացված գումարները կփոշիացվեն: Այսինքն` մարդկանց գումար է վճարվելու ոչինչ չանելու համար:

Անորոշության մեջ են հիմնականում կառավարության անդամները` նախարարները: Նրանց մեծ մասը խիստ մտահոգված է` արդյո՞ք կվերանշանակվեն իրենց պաշտոնին, թե՞ ոչ: Անգամ իրենց աշխատանքային ճակատագրով հետաքրքրվող մտերիմներին հստակ ոչինչ չեն կարողանում ասել` նշելով. «Ախր, մեզ էլ ոչինչ չեն ասում: Տեղյակ չենք: Սպասում ենք»:

Նկատենք, որ նման վիճակ Հայաստանում պարբերաբար է լինում. նախորդ տարի էլ բոլորը սպասում էին խորհրդարանական ընտրությունների ավարտին, մանավանդ, երբ պետական համակարգը ստիպողաբար լծվել էր ՀՀԿ-ի եւ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի օգտին ձայներ բերելու գործընթացին: Ու միջանկյալ փուլում նրանք լիարժեք չէին կատարում իրենց պարտականությունները:

Մինչ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժարականը, մամուլում արդեն իսկ բազմաբնույթ տեղեկություններ են շրջանառվում կառավարությունը լքող նախարարների մասին: Միայն հայտնի է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ճակատագիրը: Հիշեցնենք, որ հունվարին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել, ապա կարճ ժամանակ անց պայմանավորվածություն էր ձեռք բերել աշխատել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` նրան փոխարինելու է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Հայտնի է, որ նոր կառավարության կառուցվածքում չի լինի միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը. արդեն ԱԺ-ում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը: Ըստ այդմ, պարզ չէ, թե ինչ է լինելու այդ կառույցի աշխատակազմի ճակատագիրը: Փոխարենը, Վաչե Գաբրիելյանը, հնարավոր է, դառնա փոխվարչապետներից մեկը:

Հարցականի տակ է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ինչպես նաեւ Կարապետյանի մյուս կադրերի` կապի, տրանսպորտի եւ տեղակտվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի պաշտոնավարելու հարցը. պարզ չէ՝ Սերժ Սարգսյանը կուզենա՞ աշխատել նրանց հետ, թե՞ ոչ: ՀՅԴ-ական նախարարները եւս վստահ չեն իրենց հետագա իշխանավարման հարցում. ընդ որում, նրանց հարցում կոնսենսուս չկա ե՛ւ կուսակցության ներսում, ե՛ւ ՀՀԿ-ի մոտ: Իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների, շարունակելու է պաշտոնավարել:

Նշենք, որ ապրիլից սպասվում է, որ Կարեն Կարապետյանն էլ կդառնա առաջին փոխվարչապետը՝ ղեկավարելով տնտեսական ոլորտը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս