«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ դադարեցվել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները: Պաշտոնական պատճառը դատավորի առողջական խնդիրներն են: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական համակարգից Օհանյանի հեռանալը պատահական չէ. «Սասնա ծռերի» գործը քննող դատավորն իսկապես ունեցել է առողջական խնդիրներ: Բայց հրաժարականի դիմումը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով: Օհանյանը մինչ այդ զբաղեցրել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:
Եւ այն բանից հետո, երբ Երեւանի դատարանները միավորվեցին` դառնալով մեկ ընդհանուր իրավասության դատարան, Օհանյանը ցանկացել է դառնալ միավորված դատարանի նախագահ, բայց չի ստացվել. այդ պաշտոնում նշանակվեց Ռուբեն Վարդազարյանը: Դրա համար էլ Օհանյանը որոշեց դուրս գալ համակարգից: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ արդեն նախկին դատավոր Արթուր Օհանյանի հայրը՝ Ռադիկ Օհանյանը, մոտ երեք տարի է՝ մեղադրյալի աթոռին է՝ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում յուրացումների գործով:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: