ՖՈՏՈ. Հերթական խայտառակությո՞ւնը, թե՞ սադրանք. ինչո՞ւ է «հորինվել» Ազգ-խանութ-բանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում քննարկման նոր թեմա է հասունանում: Երեկ հայտարարություն տարածվեց, թե Արթիկ քաղաքում Ազգ-խանութ-բանակ կարգախոսով զինվորական խանութ-սրահ է բացվել, որտեղ քաղաքացիները կարող են ձեռք բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է զինվորին: Օգտատերերը քննադատաբար են մոտեցել լուրին` որակելով այն հեգնանաք ԶՈՒ Ազգ-բանակ նախաձեռնությանը, որը ժամանակին պակաս դժգոհությունների տեղիք չէր տվել:

Կարծիքներ են հնչել, որ նորաբաց խանութը խայտառակում է բանակի ղեկավարությանը:

Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը ArmLur.am-ի հետ զրույցի ընթացքում տեղեկացավ, որ համայնքում նման խանութ է բացվել և տեղում հարց ու փորձի միջոցով տեղեկացավ նաև, որ խանութը կրում է ոչ թե Ազգ-խանութ-բանակ կարգախոսը, այլ` Ամեն ինչ զինվորի համար:

Մխիթար Վարագյանը նկատեց, որ որևէ «աննորմալ բան» դրանում չկա. «Մարդիկ ինչ պետք է զինվորի համար, զեռք կբերեն: Շատ նորմալ են վերաբերվում»:

Դե խանութն էլ, համայնքապետի խոսքով` բացված կլինի օրենքի պահանջներին համապատասխան:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև խանութի սեփականատեր Ռոբերտ Մնացականյանի հետ, ով ևս տեղյակ չէր` ինչ աղմուկ է բարձրացել իրենց խանութի շուրջ և հավաստիացրեց, որ որևէ ենթատեքստ իրենց նախաձեռնության մեջ չկա: Նրա խոսքով` մեծ թվով զինծառայողներ ունեցող Արթիկում այս խանութն անհրաժեշտություն էր, քանի որ մարդիկ ստիպված չեն լինի զինվորական պարագաներ ձեռք բերելու համար Գյումրի հասնել:

Մնացած հարցերին մեր զրուցակիցը հրաժարվեց հեռախոսով պատասխանել` նշելով, որ Արթիկում գործող խանութը որևէ բանով չի տարբերվում Երևանում գործող նմանատիպ խանութներից: Իսկ թե ինչու է իրենց կարգախոսը` Ամեն ինչ զինվորի համար փոխվել, Ռոբերտ Մնացականյանը դժվարացավ պատասխանել:

ՀՀ պաշտպանության նախարարությունից չմեկնաբանեցին կատարվածը` համարելով դա իրենց իրավասություններից դուրս:

Տաթև Հարությունյան




Լրահոս