Քունը շատ կարևոր դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Այն կենսաբանական անհրաժեշտություն է։ Մարտ ամսվա երկրորդ ամբողջական շաբաթվա ուրբաթ օրը նշում են Քնի միջազգային օրը:
Առաջին անգամ Քնի միջազգային օրը նշվել է 2008թ.-ի մարտի 14-ին, այն համարվել է Քնի խանգարումների կանխարգելման միջազգային օր, սակայն 2011թ.-ից Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ մարտի երկրորդ ամբողջական շաբաթվա ուրբաթ օրը նշվում է որպես Քնի համաշխարհային օր (“World Sleep Day”):
Քնի ընթացքում ուղեղն անջատվում է օրվա ընթացքում կուտակած ինֆորմացիայից, ինչպես նաև հանգստանում է օրգանիզմն ու լիցքավորվում էներգիայով: Իսկ քնի բացակայությունն ազդում է հիշողության, ակտիվության վրա՝ նապստելով մի շարք հիվանդությունների առաջացմանը: Գիտնականների համոզմամբ շատ քնելը ևս կարող է բացասական ազդեցություն ունենալ, ինչպես անքնությունը:
Հասուն մարդը պետք է օրվա մեջ քնի 6-ից 8 ժամ: Կանանց խորհուրդ է տրվում մեկ ժամ ավելացնել այդ նորմային, քանի որ նրանք ավելի զգացմունքային են, հետևաբար հանգստին պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն: Երեխաները պետք է քնեն օրական 10 ժամից ոչ քիչ:
Քնի խանգարումներն այսօր բավական մեծ տարածում ունեցող խնդիր են համարվում ամբողջ աշխարհում: Համաձայն ԱՀԿ պաշտոնական վիճակագրության՝ աշխարհում ամեն երկրորդ բնակիչը տառապում է քնի խանգարումներով, մարդկանց շուրջ 40%-ն ունի անքնություն:
Ի դեպ, ինչպես նշում է նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը, քնի խանգարումների դեպքում կա սեռային տարբերություն. անհանգիստ ոտքերի համախտանիշը, անքնությունը ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ, սակայն քնի շնչառական խնդիր առավել հաճախ ունենում են տղամարդիկ:
Կարևոր է հստակեցնել նաև քնի ռեժիմը. ցանկալի է, որ տատանումները մեծ չլինեն հանգստյան և աշխատանքային օրերին: Շատ կարևոր է քնելուց առաջ՝ ուշ ժամերին, բացառել ակտիվացնող և կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը (սուրճ, թեյ, էներգետիկ ըմպելիքներ, կոլաներ): Չեն խրախուսվում մարզումները և ֆիզիկական ակտիվությունը երեկոյան ժամերին, քանի որ հանգեցնում են օրգանիզմի ակտիվացմանը:
Խորհուրդ չի տրվում երեկոյան ուշ ժամերին գտնվել շատ լուսավոր միջավայրում, քանի որ քնի հորմոնը՝ մելատոնինն արտադրվում է մթության պայմաններում: Ուշ ժամի սննդի ընդունումը ևս հետաձգում է քունը: Քնի համաշխարհային օրն անցկացվում են տարբեր գիտաժողովներ և սեմինարներ` նվիրված քնի խնդիրներին և դրա խախտումների ազդեցությանը մարդու վրա: