ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական կողմը պաշտպանում է Սերժ Ազատիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Հայաստան էին ժամանել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամները: Այցի շրջանակներում երեկ նրանք հանդիպում են անցկացրել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված եղել: Իհարկե, առաջնային թեման նաեւ հայ-ռուսական հարաբերություններն են՝ հաշվի առնելով նաեւ երկու երկրների ներքաղաքական կյանքում սպասվող իրադարձությունները:

Չնայած իշխող ՀՀԿ-ն դեռեւս վերջնականապես չի հաստատել, որ Սերժ Սարգսյանն է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, սակայն նույնիսկ ռուսական կողմը չի թաքցնում, որ կողմ է վերջինիս վարչապետությանը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է միջազգային գործերով կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովի հետ:

-Պարո՛ն Զինուրով, հայ-ռուսական հարաբերությունների համար կարեւո՞ր է, թե ով է իշխանության Հայաստանում: Մասնավորապես Հայաստանը նոր նախագահ ունի, առջեւում էլ վարչապետի ընտրություններ են սպասվում:

-Գիտե՛ք, անկեղծ ասած, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների պատմությունը վկայում է, որ առաջին հերթին դարերով ընկերություն են անում ազգերը: Իհարկե, կառավարման ձեւը կարող է որեւէ ազդեցություն ունենալ, սակայն հայ-ռուսական հարաբերությունների վրա չեմ կարծում, թե դա ազդեցություն կունենա: Հայ-ռուսական հարաբերությունները սերտ փոխկապակցված են` ռազմական, մշակութային, միգրացիոն եւ այլ առումներով: Ինչ վերաբերում է ՀՀ նոր նախագահին, ես նրան եւ հայ ազգին մաղթում եմ հաջողություններ: Հույս ունեմ, որ խորհրդարանական համակարգը դրական կադրադառնա հայ ազգի եւ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

-Արդյոք ՌԴ-ի համար կարեւո՞ր չէ, թե ապրիլից հետո ով է լինելու ՀՀ վարչապետը: Եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, դա որեւէ կերպ կանդրադառնա՞ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

-Ես նույնպես այդ խոսակցությունները լսել եմ, թե ով պետք է լինի վարչապետ: Ես կարող եմ այսպես ասել. ես չէի ցանկանա այդ ամենը մեկնաբանել, քանի որ դա Հայաստանի ներքին խնդիրն է, քաղաքականության հետեւանքը: Հայաստանի նոր Սահմանադրությամբ, իհարկե, վարչապետն առաջին հերթին պատասխանատու է տնտեսության, ազգի, ամեն ինչի համար: Եվ ես, բնականաբար, կարծում եմ, որ պետք է լինի ուժեղ լիդեր, աշխարհում հեղինակություն ունեցող անձ: Սակայն չէի ցանկանա անձնավորել եւ որեւէ մեկին մատնանշել:

-Իսկ Սերժ Սարգսյանը համապատասխանո՞ւմ է Ձեր կողմից թվարկված չափանիշներնին:

-Այո՛, իհարկե: Նա այդպիսի նախագահ է եղել: Դուք գիտեք, որ Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի: Ոչ բարեկամաբար տրամադրված հարեւան պետությունները հաճախ արտահայտվում են Հայաստանի դեմ: Սակայն Սերժ Ազատիչն արժանիորեն, համբերատար այդ ամենը տանում է` առանց ինչ-որ կտրուկ քայլերի, եւ դա նրան պատիվ է բերում: Թող հետագայում էլ այդպես լինի, քանի որ, եթե փոքր Հայաստանը կտրուկ քայլեր անի այդպիսի հայտարարություններին ի պատասխան, դա կլինի ոչ այնքան լավ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս