2015 թվականից սկսած ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ցորենի եւ ալյուրի ներկրման ծավալները զգալի ավելացել են: Ընդ որում, ոչ միայն ծավալներն են ավելացել, այլեւ ներկրողների թիվը: Բայց սրան զուգահեռ` հենց 2015 թվականից Հայաստանում զգալի նվազել են ցորենի տեղական արտադրության ծավալները:
Երեկ, ի վերջո, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց երկու ամիսների ընթացքում կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարել էր ուսումնասիրել հացահատիկի եւ ալյուրի շուկաներում գնագոյացումը եւ խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Այսպես` ըստ ՏՄՊՊՀ-ի` ցորենի եւ ալյուրի շուկաներում վերջին տարիներին ավելացել է նոր տնտեսվարողների թիվը, ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը: Հանձնաժողովի ներկայացրած տվյալներով` 2017 թվականին մեր երկրում ցորենի ներմուծման, տեղական արտադրության եւ իրացման ծավալները կազմել են 468 հազար տոննա: Հինգ անգամ ավելացել է ցորենի եւ ալյուրի շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների թիվը:
Այսպես,` եթե 2012 թվականին Հայաստան ցորենի ներմուծում է իրականացրել 22 տնտեսվարող, ապա 2017 թվականին նրանց թիվը հասել է 85-ի: Ինչ վերաբերում է ալյուրի ներմուծողների թվի փոփոխությանը, ապա 2012 թվականին ալյուրի ներմուծումներ իրականացրել են 23 տնտեսվարողներ, իսկ անցած տարի այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունների թիվը հասել է 133-ի:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012 թվականից ի վեր Հայաստանում նկատվել է ալյուրի գնի նվազման ընդհանուր միտում: Եթե 2012 թվականի վերջին եւ 2013 -ի սկզբին ՀՀ-ում 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը կազմել է շուրջ 268 դրամ, ապա 2017 թվականի վերջին նույն տեսակի ալյուրի վաճառքի գինը ունեցել է 204 դրամ արժեքը:
Ըստ ՏՄՊՊՀ-ի` ներկրողների թվի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ եւ ռուսական ռուբլու արժեզրկմամբ: Ալյուրի դեպքում եւս ներմուծողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից ի վեր, երբ Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին: Ինչն էլ, ըստ էության, իր բացասական ազդեցությունը ունեցավ տեղական ցորենի արտադրության ծավալների վրա: Քանի որ հենց այդ ժամանակահատվածից սկսած Հայաստանում սկսեց նվազել նաեւ ցորենի արտադրության ծավալները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015 թվականին մեր հանրապետությունում արտադրվել է 362 հազար 700 տոննա ցորեն, 2016 թվականին` 350 հազար 400 տոննա: Իսկ ահա անցած տարի արտադրվել է 176 հազար 400 տոննա ցորեն: Այսինքն` մեկ տարվա ընթացքում ցորենի արտադրության ծավալները 174 հազար տոննայով պակասել են: Ինչի արդյունքում ավելացել են ներկրման ծավալները:
Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների` անցած տարի զգալի քանակությամբ ցորենի ներկրման պատճառը տեղական բերքի պակասն է: Գյուղացիների մեծ մասը հողատարածքների անջրդի լինելու եւ իրացման բացակայության պատճառով ցորեն չի մշակում: Ու հիմա խնդիրը փորձ է արվում լուծել այսպես. ներկրված ցորենի առյուծի բաժինը Հայաստան է բերվում ՌԴ-ից: Ու քանի որ ներկրվածն ավելի էժան է, տեղական գյուղատնտեսական արտադրանքի համար անառողջ մրցակցային պայմաններ են ստեղծվում եւ ներքին շուկայում այն անմրցունակ դարձնում: Արդյունքում գյուղացին հրաժարվում է հող մշակել, ցորեն ցանել, որովհետեւ այն այլեւս ոչ եկամտաբեր է:
Բայց իրականում Հայաստանն ունակ է դառնալ ինքնաբավ երկիր եւ մեծ հնարավորություն ունի ռուսական ցորենը տեղականով փոխարինել, քանի որ ո՛չ հողատարածքների խնդիր ունի եւ ո՛չ էլ մարդկանց` ֆերմերների ցանկությունը: Բացի այս` անցած տարի Ռուսաստանի Դաշնությունում ցորենի աննախադեպ բարձր բերք են հավաքել: Ինչի արդյունքում ռուսական շուկայում առաջացել էր ցորենի իրացման խնդիր, որից եւ էժանացել էր գինը: Իսկ մեզ մոտ անջրդի տարածքներում ցորենի ինքնարժեքը կազմում է մինչեւ 85 դրամ: Նշանակում է, որ ձեռնտու չէ մշակելը, որովհետեւ դրսից ավելի էժան են ներկրում, քան մեզ մոտ աճեցրածն է:
Փոխարենը կառավարությունը ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնցից միայն օգտվում են ներկրողները: Մինչդեռ բազմաթիվ են այն գյուղացիները, որոնք չեն կարողանում իրացնել տանը տոննաներով պահեստավորած ցորենն ու գարին:
Սյունէ Համբարձումյան