ԱՆՁՆԱԿԱՆ ԱՄԲԻՑԻԱՆԵ՞Ր, ԹԵ՞ ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅՈՒՆ. Ո՞Վ ՈՒՄ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն օրերս մեղադրանքներ է հնչեցրել ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հասցեին: Մասնավորապես Բաղդասարյանը նշել է, թե «Սասնա ծռեր»-ի ապստամբության օրերին Գորգիսյանը դիմել է իրեն՝ այդ շրջանում ձեւավորված համակարգող խորհրդի անդամ դառնալու համար: Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը նրան մեղադրում է անձնական ամբիցիաներն առաջ տանելու մեջ: Ի՞նչ են պարզաբանում նախկին եւ ներկա պատգամավորները:

ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, Դուք նշել էիք, թե «Սասնա ծռերի» ապստամբության օրերին Ձեզ զանգահարել էր Ձեր ընկերներից մեկը՝ խնդրելով հանդիպել Գեւորգ Գորգիսյանի հետ: Ի՞նչ է եղել, ինչո՞ւ չեք կարողացել համաձայնության հասնել:
-Իմ ծանոթներից մեկը խնդրել է, որ որպես առաջադեմ երիտասարդի հանդիպեմ ու լսեմ նրան: Նա խնդրում էր, որ իրեն էլ ընդգրկեմ համակարգող խորհրդում որպես անդամ: Սակայն մի քանի րոպեի շփումը բավարար էր, որ հասկանայի, որ նրան մղում է ոչ թե այդ օրվա՝ արյունահեղությունը կանխելու հրամայականը, որով առաջնորդվում էր խորհուրդը, այլ զուտ անձնական ամբիցիաները: Խորհրդի կազմ ընդգրկելուց ձեռնպահ մնացի: Ինձ համար զարմանալի էր, որ այդ հարցերի մեջ ինչ-որ մեկին փորձում է «ռասկրուկտկա» անի, դարձնի մի նոր Արտաշես Գեղամյան կամ Արթուր Բաղդասարյան: Նա ինձ համար գոյություն չունի, ոչնչություն է: Հայաստանում տիրող իրավիճակը նաեւ իր նմանների հետեւանք է, եւ ինքն իմ համար գոյություն չունի, որ իրեն էլ անդրադառնամ:
-Դուք նշել էիք, թե իրեն Ձեզ համար միջնորդել են՝ պատրաստ լինելով նաեւ այդ մարդուն ներկայացնել:
-Երբ ինքը կգա պարզաբանում պահանջելու, իսկ ինքը կյանքում չի գա պարզաբանում պահանջելու, ես հրապարակային, շատ-շատերի ներկայությամբ շատ բան կասեմ: Բայց հիմա ընդհանրապես չեմ ցանկանում իրեն անդրադառնալ: Ես իրեն ցանկանում էի ոչնչացնել, նա այլեւս ինձ համար հետաքրքիր չէ:

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյան
-Պարո՛ն Գորգիսյան, «Սասնա ծռեր»-ի ապստամբության օրերին ի՞նչ հանդիպում եք ունեցել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի հետ: Նա այս օրերին Ձեր հասցեին տարբեր մեղադրանքներ է հնչեցնում:
-Այդ ամենը բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Լրիվ հակառակն է եղել: Հենց ամենաթեժ օրերին ես՝ մեր կուսակցության խորհրդի այլ անդամներով, Խորենացու փողոցում ենք եղել՝ փորձելով կանխել բոլոր հնարավոր սադրանքները եւ, այսպես ասած, արյունահեղության փորձերը: Մենք այնտեղ կանգնած ենք եղել, ինքս մի քանի հոգու ձեռքից քարեր եմ խլել, որ փորձում էին նետել ոստիկանների վրա, այսինքն՝ այդ օրերին այնտեղ եմ եղել: Հետո, երբ իմացա, որ նման կառույց է ձեւավորվում, ուղղակի հետաքրքրվել եմ՝ ովքեր են այդ կառույցում եւ ինչ նպատակների համար, արդյո՞ք կարելի է միանալ, կամ ինչ է պետք դրա համար: Հետո պարզվեց՝ արդեն ամեն ինչ որոշված է, նույնիսկ «ինչ է պետք անելու» քննարկում չկա: Եվ ես, բնականաբար, հրաժարվեցի դրան միանալ, որովհետեւ պահանջներն անտրամաբանական էին այդ պահի դրությամբ: Խոսքը միայն իմ մասին չէր, այլ նաեւ մեր կուսակցության որեւէ մեկին միանալու մասին:
-Այսինքն` Դուք բանակցո՞ւմ էիք ոչ թե որպես անհատ, այլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցի՞չ:
-Իհարկե: Ես նույնիսկ չեմ էլ ասել՝ ես ցանկանում եմ միանալ: Այսպիսի հարցադրում է եղել՝ ովքեր են կառույցում, ինչ նպատակներով, եւ ինչ է պետք առհասարակ` այդ կառույցին միանալու համար, որովհետեւ իրավիճակն իսկապես մտահոգիչ էր, եւ ամեն ձեւով ցանկանում էինք աջակցած լինել այդ պրոցեսներին եւ մասնավորապես արյունահեղության կանխմանը: Քանի որ պահանջներն այդ պահի համար անտրամաբանական էին, եւ չկար այդ պահանջների իրականացման ոչ մի ռեսուրս, կար նաեւ նախապայման, որ չէր կարելի գալ, քննարկել, թե այդ իրավիճակից ինչ ելքեր կարելի է գտնել: Հարցադրումն այսպես էր՝ մենք գնում ենք այսինչ տեղ, դուք միանո՞ւմ եք, թե՞ չէ: Այդ ուլտիմատումին բնականաբար չմիացանք մենք:
-Նա Ձեզ մեղադրում է անձնական ամբիցիաներն առաջ տանելու մեջ:
-Ես նույնիսկ չեմ էլ հիշում՝ հանդիպումն ինչպես է տեղի ունեցել, կամ ի՞ր հետ եմ հանդիպել, թե՞ ոչ: Ինձ բոլոր մահացու մեղքերի մեջ արդեն վաղուց մեղադրել են, ես լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին: Լուրջ մարդը չէր կարող մի հարցազրույցով կամ իր սեփական ենթադրությունների հիման վրա նման գնահատական տալ մարդուն ու այդ ամենը հրապարակել: Դա մանկամիտ մոտեցում եմ համարում, եւ դրան չարժի նույնիսկ պատասխանել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

Ո՞Վ Է ԳՈՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի ամենաչխոսկան պատգամավորներին: Նրանցից մեկն էլ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանն է:

-Տիկի՛ն Մարգարյան, ի՞նչ եք կարծում` մեր արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանն ավելի ընկալելի դառնա աշխարհում:
-Ինձ թվում է` ներկա պայմաններում էլ մենք շատ անհրաժեշտ քայլերը կատարում ենք եւ բավական էլ ճանաչելի ենք: Եվ ես հպարտությամբ միշտ, որ երկրում էլ լինում եմ, բոլորն էլ շատ լավ կարծիք են հայտնում մեր երկրի վերաբերյալ: Եվ ես դա հպարտությամբ ընդունում եմ մինչ օրս:
-Ձեր կուսակցությունն ի՞նչ քայլեր է կատարել այդ ուղղությամբ, որ կարող եք նշել:
-Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք:
-Արտաքին քաղաքականության առնչությամբ:
-Պարոն Ծառուկյանը, գիտեք… մեր խմբակցությունը` պարոն Ծառուկյանի գլխավորվածությամբ, շատ քայլեր է անում ինչպես Եվրոպայում, ասենք թե, Ռուսաստանում, Անգլիայում մեծ-մեծ քայլեր է անում: Այնտեղի խորհրդարանը` Լորդերի պալատը, ներկա է եղել մի քանի անգամ Հայաստանում, եւ շատ տպավորված են նրանք:
-«Ծառուկյան դաշինքն» այժմ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, ընդդիմադիր խմբակցություն է համարվում: Այդ դեպքում ինչո՞ւ դաշինքը կողմ քվեարկեց Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
-Մենք բոլորս նախապես հավաքվել էինք խմբակցությունով, բոլորն արտահայտել են իրենց կարծիքը, եւ եկանք մի ընդհանուրի` ամփոփելով բոլորիս կարծիքը, որ տվյալ պահին ամենահարմար եւ լավ ներկայացուցիչը եւ ընդամենը, որ առաջադրվել էր միայն Արմեն Սարգսյանը, Արմեն Սարգսյանն է:
-Որեւէ մեկը խմբակցությունից համարձակություն ունի՞ այլ տեսակետ հայտնելու: Գուցե՞ հետո խնդիրներ առաջանան:
-Բացարձակ խնդիրներ չեն առաջանում: Այլ տեսակետ արտահայտողներ էլ են եղել, եւ այդպիսի խնդիր մենք խմբակցության մեջ չունենք: Չգիտեմ` արտաքինից Դուք ինչ եզրահանգումների եք գալիս, բայց դեմոկրատական կարգով բոլորի կարծիքները լսվում եւ ընդունվում է: Ճնշում երբեք չկա:
-Ասացիք` այլ տեսակետ արտահայտողներ էլ են եղել: Այսինքն` այն 3 ձայները, որ դեմ էին քվեարկել, գուցե՞ հենց «Ծառուկյան» դաշինքից են եղել:
-Չեմ կարծում` «Ծառուկյան»: Այդտեղ այնքան խնդրահարույց է: Չեք կարող ասել` հենց «Ծառուկյան» դաշինքից են եղել, թե այլ մի խմբակցությունից: Կասկածում եմ մի քիչ: Երբեմն մտածում ես` այս մի բլոկից է, բայց ստացվում է` լրիվ հակառակ բլոկից է:
-Չե՞ք բացառում, որ ՀՀԿ-ից լինեն այդ անձինք:
-Ամեն մեկն ունի իր կարծիքը եւ երեւի թե հայտնել է:
-Դուք առանձնապես ակտիվ չեք խորհրդարանում:
-Օրենսդրական նախաձեռնություն էլ ունեմ, առաջարկներ էլ ունեմ: Բավական ակտիվ եմ, երկու նախագծի վրա եմ աշխատում: Չի նշանակում, որ ամեն օր պետք է հարց տաս, ելույթ ունենաս: Կա նաեւ այլ աշխատանք, որը երեւի այդքան չի երեւում: Բայց մեկը երեւի ավելի շատ հարցադրումներով է աշխատում, մյուսը` առաջարկներով:
-Իսկ կուսակցությունն ինչպե՞ս է գնահատում Ձեր աշխատանքը:
-Նորմալ, բավարար: Իմ աշխատանքից գոհ են, որքան ես գիտեմ:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՇՐՋԱՓԱԿԵԼ ԵՆ

Մարտ 7-ին իրավապահներն անսպասելի շրջափակել էին «Աստղիկ» բժշկական կենտրոնը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ օրը բժշկական կենտրոն են տեղափոխել «Սասնա ծռերի» գործով կալանքի տակ գտնվող Սեդրակ Նազարյանին, եւ այդ պատճառով հիվանդանոցում ուժեղացված հսկողություն է սահմանվել: Մեզ հայտնի դարձավ, որ Սեդրակ Նազարյանի հայրը՝ Պավլուշա Նազարյանը, առողջական լուրջ խնդիրների պատճառով բժշկական կենտրոնում էր, եւ ըստ ամենայնի Սեդրակ Նազարյանի մտերիմները դիմում են գրել քրեակատարողական վարչությանը, որ կալանքի տակ գտնվող Նազարյանին թույլ տան տեսնել հորը: ԱՆ ՔԿՎ-ն էլ, փաստորեն, բավարարել է միջնորդությունը:

 

 

 

ԱՌԱՆՑ ԱՏԱՄ ԲՈՒԺԵԼՈՒ

Ատամնաբույժները շարունակում են դժգոհել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման դեմ: Նրանք պնդում են, որ այս համակարգին անցում կատարելուց հետո կթանկանան ատամնաբուժական ծառայությունները մոտավոր հաշվարկներով՝ 5-10 տոկոսով: Բանն այն է, որ էլեկտրոնային համակարգին միանալու դեպքում հարկավոր է համակարգիչներ ձեռք բերել, նոր աշխատող վարձել, ապա վճարումներ կատարել «Արմեդ» ընկերությանը: Եւ այս ծախսերը ծածկելու համար, բնականաբար նրանք պետք է բարձրացնեն ատամնաբուժական ծառայությունների սակագները: Օրինակ` ատամնաքարերի հեռացումն ու փայլեցումը արժի 5000-10000 դրամ, բայց այս համակարգին միանալուց հետո բնականաբար գինը կփոխվի: Որոշ ատամնաբույժների խոսքերով` հիմնականում կբարձրանան ատամի նյարդի հեռացման եւ պլոմբելու գները: Օրինակ` եթե մեկարմատային ատամի հեռացումն ու պլոմբումը այս ընթացքում 6000-7000 դրամ է, ապա այն կբարձրանա եւս 1000 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` որքանով կբարձրանան ատամնաբուժական ծառայությունները, ստոմատոլոգների ասոցացիայի նախագահ Լազար Եսայանն ասաց. «Այս պահին հստակ չեմ կարող ասել: Մինչեւ գործընթացի մեջ չմտնենք, չենք կարող թիվ նշել: Հնարավոր է 5-10 տոկոսի թանկացում»:
Բնականաբար, ատամնաբուժական ծառայությունների գների բարձրացումը կարող է եւ իր բացասական հետեւանքները ունենալ. կնվազի ատամնաբույժի դիմողների քանակը: Բացի այս` ատամնաբույժներին խիստ զայրացրել էր նաեւ առողջապահության նախարարության վարքագիծը` այն, որ մասնագետների հետ նախապես որեւէ քննարկում տեղի չի ունեցել: Փոխարենը ԱՆ-ն երեկ հայտարարեց, որ նախարարությունը հանդիպումներ է նախատեսել բոլոր մարզերի, այդ թվում` Շիրակի մարզի ստոմատոլոգիական կազմակերպությունների հետ: Մյուս կարեւոր խնդիրը, որ բարձրաձայնել են ստոմատոլոգները, այն է, որ էլեկտրոնային համակարգով աշխատելու դեպքում նրանք չեն կարող սպասարկել ID` նույնականացման քարտ չունեցող հիվանդներին: Սակայն ԱՆ-ից պարզաբանել են, որ նույնականացման քարտ պահանջվում է, եթե պացիենտը ցանկանում է համակարգում գրանցել իր անձնական էջը։




Լրահոս