ԱՄՆ «ԱՆՆԱԽԱԴԵՊ» ԱՅՑԻ ԿԵՂԾԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աննախադեպ», «պատմական այց ԱՄՆ»: Արդեն մի քանի օր է՝ ինչ այսպես են բնութագրում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Վաշինգտոն: Տարբեր խողովակներով այս օրերին ներկայացվում էր, թե հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ նման ձեւաչափով բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության այցն աննախադեպ է: Անգամ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նշել էր. «Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է նման պատվիրակություն ժամանում Վաշինգտոն՝ սկսելու խորհրդարանական դիվանագիտության մի նոր փուլ մեր երկրների պատմության մեջ»:

Բայց արի ու տես, որ իրականությունը բոլորովին այլ է, եւ հերթական անգամ ականատեսն ենք լինում, թե ինչպես են մի խումբ անձինք իշխանությունից եւ ոչ միայն իշխանական ճամբարից պարզապես խեղաթյուրում պատմությունը: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր խորհրդարանական պատվիրակությունները բազմիցս այցելել են ԱՄՆ, այնպես որ, այստեղ «աննախադեպ» որակումը, մեղմ ասած, տեղին չէ:
Դեռեւս 1993 թվականին ամերիկյան կողմի հրավերով ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորներից կազմված մի խումբ է մեկնել Վաշինգտոն: Պատվիրակության կազմում եղել են Հրանուշ Հակոբյանը, Նադիր Սահակյանը, Էդիկ Յարալյանը, Հովհաննես Մատինյանը, Վաչագան Հարոյանը, Ավետ Գրիգորյանը, իսկ պատվիրակության ղեկավարն էլ Բագրատ Ասատրյանն է եղել: Ընդ որում, պատվիրակության անդամները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, Պետական դեպարտամենտում, գործադիր այլ դեպարտամենտներում:
Նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանը, ով այդ ժամանակ պատվիրակության կազմում է եղել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով իրենց այցի մասին` ընդգծեց, որ իրենց այցն էլ առաջինը չի եղել, դրանից առաջ եւ հետո եւս այցեր եղել են: «Դա կեղծարարություն է: Մեր նորագույն պատմությունը հերթական անգամ կեղծում են: Մեզանից առաջ եղել է կրկին այց, հանդիպումներ: Ոչ մի տարբերություն չկա մեր այցի եւ իրենց այցի միջեւ», – նշեց նա:
Սակայն Գերագույն խորհրդի պատգամավորների այս այցն առաջինը չի եղել: 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պատգամավորների բազմակուսակցական պատվիրակության այց է եղել եւ կրկին ամերիկյան կողմի հրավերով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում են եղել Կիմ Բալայանը, Շավարշ Քոչարյանը, Վարդան Զուռնաչյանը եւ այլք: Նրանք եւս բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ կոնգրեսում, պետական եւ ոչ պետական այլ կազմակերպությունների, հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների հետ:
Մեկ այլ նման այց էլ եղել է 1996 թվականին՝ կրկին մեծ խմբով, այն էլ ընդդիմադիրների ներկայությամբ: Այս անգամ էլ խմբի կազմում են եղել Արշակ Սադոյանը, Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանն ու Աղասի Արշակյանը: Ընդ որում, նշված այցերի մասին թե՛ լուսանկարներ, թե՛ մանրամասն տեղեկություն առկա է համացանցում:
Հիմա այս վերջին այցին այդպիսի երանգներ տալն իրոք զարմանալի է: Դրանից հետո եւս բազմաթիվ այցեր են եղել ԱՄՆ՝ տարբեր պատգամավորների մասնակցությամբ: Սակայն թերեւս իշխանությունները երրորդ հանրապետություն են համարում եւ կարեւորում միայն Սերժ Սարգսյանի՝ իշխանության ղեկավար լինելուց հետո տեղի ունեցած դեպքերը: Հենց այդ պատճառով էլ նրանք կարեւորություն տալիս եւ ընդգծում են միայն Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցած այցերն ու իրադարձությունները: Քոչարյանի պաշտոնավարման տարիներին իշխանական պրոպագանդան հասարակության գիտակցության մեջ փորձում էր սերմանել, թե նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվում է 1998 թվականից, Սերժ Սարգսյանի օրոք փորձում են համոզել, թե պատմությունը սկսվել է 2008 թվականից եւ այսպես շարունակ: Այս տեմպերով, իհարկե, իշխանական պրոպագանդան մի օր էլ կասի, թե իրենցից առաջ աշխարհը գոյություն չի ունեցել, եւ միայն ՀՀԿ-ի շնորհիվ է, որ արեւ է ծագել Հայաստանի վրա, ու այսպես շարունակ:
Միգուցե ԱՄՆ այցը աննախադեպ է հենց պատվիրակության անդամների համար. բայց սա, համաձայնեք, պատմությունն աղավաղելու արդարացում չէ ամենեւին:
Ի վերջո, ինչ կարելի է առանձնացնել հայ խորհրդարանականների՝ ԱՄՆ այցից: Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այցը կարեւոր համարեց՝ մի քանի հանգամանքներ առանձնացնելով: «Այցի կարեւորությունն իրականում կայանում է մի քանի հանգամանքներով: Նախ նման ձեւաչափով խորհրդարանական բարեկամական խմբի այց տեղի չէր ունեցել, եւ այն հանդիպումները, որ նախատեսված էին այս այցի շրջանակներում, կարեւոր էին թե՛ իրենց բովանդակությամբ եւ թե՛ այն հարցերի առումով, որոնք հանդիպումների ընթացքում քննարկել ենք», – նշեց Հովհաննիսյանը` հավելելով, թե այցը կարեւոր էր նաեւ ՀՀ-ում ընթացող գործընթացներից հետո օրակարգի թարմացման առումով:
Դիտարկմանը` ի վերջո, ի՞նչ առարկայական ձեռքբերում է առկա այցի ընթացքում, Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Ես չեմ ցանկանում կոնկրետ որեւէ քայլ առանձնացնել կամ նշանակալից, ոչ նշանակալից առանձնացնել: Պատվիրակությունը հնարավորություն է ունեցել տարբեր հարցեր քննարկել, եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որպեսզի այդ ամենը կարողանանք կյանքի կոչել», – ընդգծեց նա` հավելելով, թե Հայաստանն ԱՄՆ-ի համար կարող է լավ գործընկեր լինել:
Թերեւս Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի այցի առումով կարող ենք առանձնացնել նրանց հանդիպումն ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հեռանկարները: Սակայն խնդիրն այն է, որ ընդամենը քննարկվել է, ինչը հիմք չի տալիս ենթադրելու, թե այս առումով լուրջ տեղաշարժեր կարելի է ակնկալել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը նախկինում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շահառու երկրների ցանկում էր, սակայն 2008թ.-ի մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ-ն կասեցրեց այս ծրագիրը Հայաստանում։
Ստացվում է՝ տեղի է ունեցել հերթական այցը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել այլ լույսի ներքո: Իսկապես, իշխանական պրոպագանդան ինքն իրեն ծիծաղելի վիճակում է դրել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ` ՀՀԿ-ԱԿԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Մարտի 11-ին Հայաստանի հինգ մարզերի գյուղերում տեղի ունեցան համայնքի ղեկավարի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` համայնքների մեծ մասում առաջադրվել եւ բնականաբար վերընտրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ համայնքների թվում է նաեւ ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Դդմասար գյուղը, որտեղ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել էր գործող ՀՀԿ-ական գյուղապետը: Վերջինս էլ վերընտրվել է` հավաքելով 35 ձայն: Նույն իրավիճակն է նաեւ Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Սիս, Խաչփար գյուղերում, որտեղ եւս առաջադրվել եւ անցել են ՀՀԿ-ական գործող գյուղապետերը: Իսկ ահա նույն մարզի Եղեգնավան գյուղում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող անկուսակցական գյուղապետը եւ վերընտրվել: Փոխարենը Արարատի մարզի Նորամարգ գյուղում են ընտրությունները թեժ անցել. այս դեպքում գյուղապետի պաշտոնի համար պայքարել են երեք թեկնածու` երկուսը ՀՀԿ-ական, երրորդը` անկուսակցական, բայց հաղթել է գյուղի դպրոցի ՀՀԿ-ական ուսուցիչը: Նա 9 ձայն ավելի է ստացել գյուղապետարանի աշխատակցից: Նույն մարզի Սայաթ-Նովա գյուղում թեկնածուն եւս միակն է եղել, ասել է, թե միակ ԲՀԿ-ականը, ով հավաքելով 543 ձայն` ընտրվել է:
Լոռու մարզի Դեբետ գյուղում ՏԻՄ ընտրությունները նույնպես անցել են թեժ մթնոլորտում, քանի որ առաջադրված թեկնածուները չորսն են եղել եւ տարբեր կուսակցական պատկանելիության` ե՛ւ ՀՅԴ-ական, ե՛ւ ԲՀԿ-ական, ե՛ւ ՀՀԿ-ական, ե՛ւ անկուսակցական: Հրաշք. Դեբետի գյուղապետ ընտրվել է անկուսակցական թեկնածուն` պարտության մատնելով մյուս թեկնածուներին: Լոռու մարզի Լեռնավան գյուղում առաջադրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետը եւ հավաքելով 481 ձայն` վերընտրվել է: Իսկ Կոտայքի մարզի Հացավան գյուղում վերընտրվել է ԲՀԿ-ական գործող գյուղապետը:
Նկատենք, որ մարտի 11-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում դաշնակցական թեկնածուների մասնակցությունը բավականին պասիվ էր: Մինչդեռ օրեր առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ ՏԻՄ ընտրություններում կմասնակցեն նաեւ ՀՅԴ-ական թեկնածուներ: Պարզվեց, որ հակառակն է: Եւ ընդհանրապես, ոչ միայն Դաշնակցության, այլեւ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները եւս պասիվ են գյուղապետեր ընտրվելու հարցում: Ինչը մտահոգիչ է: Սա, թերեւս, վկայում է քաղաքական դաշտի մոնոպոլիզացիայի մասին. անգամ իշխանության մաս կազմող կուսակցությունը գերադասել է զերծ մնալ ՏԻՄ ընտրություններից` լավ հասկանալով, որ դրանք քաղաքականության հետ գնալով առնչություն չեն ունենում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ
Մարտի 11-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում կայացել են ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու 9 տեղի համար գրանցվել է 15 թեկնածու, սակայն հետո` ընտրություններից 10 օր առաջ, 5 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել: Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ Ազատամուտի ընտրական 2 տեղամասերի ընդհանուր թվով 2322 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1343-ը, կամ ընտրողների 57.8 տոկոսը: Ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ավագանու նորընտիր 9 անդամներից 4-ն են Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի կողմնակիցները, իսկ 5-ը` ոչ: Ազատամուտում ավագանու նախկին կազմի մի քանի անդամներ համայնքի ղեկավարին մեղադրում էին ոչ թափանցիկ աշխատաոճի, համայնքի բյուջեից տրվող օգնության գումարների մասին տեղեկատվություն չներկայացնելու մեջ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս