Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ներկա է լինելու մարտի 19-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը: Հարցին` արդյո՞ք նոր վեճ կլինի ավագանու ՀՀԿ-ական անդամների հետ, թե խաղաղ կանցնի, Խաչատրյանն ասաց. «Չգիտենք` ի՞նչ է լինելու»:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ի նիստում Մարինա Խաչատրյանը կոյուղաջրով լի տարայով մոտեցել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն Մարգարյանի՝ «դեմն առեք» հրահանգով քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները հարձակվեցին Մ.Խաչատրյանի վրա` սադրելով միջադեպ, արդյունքում եղավ քաշքշուկ, եւ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամին ՀՀԿ-ականները ծեծի ենթարկեցին:
ՀՀԿ-ականներն արդեն լուրեր են տարածում, որ իրենք էլ պատրաստվում են ԵԾ անդամների դեմ քայլեր անել ավագանու առաջիկա նիստին: