Ազգային ժողովի՝ մարտի 6-ին գումարված նիստում պատգամավորները բազմաթիվ նախագծեր են քննարկել եւ քվեարկել, որոնք սակայն հանրային ուշադրությունից դուրս են մնացել՝ նիստում ընդգրկված այլ հարցերի կողքին: Դրանց թվին է պատկանում նաեւ «Հանրային Ծառայության մասին» օրենքը, որը խորհրդարանում ընդունվել է 64 կողմ, 32 դեմ ձայներով: Այս օրենքով ամրագրվում էր նաեւ պետական գերատեսչություններում մամուլի քարտուղարների եւ լրատվության կամ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատանքը:
Մասնավորապես ամրագրված է, որ այդ երկու պաշտոնները պետք է միավորվեն: Բացի այդ` հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը դառնալու է հայեցողական: Այդ պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ: Նախագծի նախնական տարբերակում ամրագրված է եղել նաեւ 30 տարին լրացած լինելու հանգամանքը, սակայն նախագծի վերջնական տեսքում այն հանվել է: Սակայն սա միակ փոփոխությունը չէ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է փոփոխել խորհրդականի պաշտոնին վերաբերող դրույթը:
Օրենքում ամրագրված է, որ խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող եւ 30 տարին լրացած անձինք: ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել այսպիսի սահմանափակումն այն դեպքում, երբ պատգամավոր լինելու համար նախատեսված է 25 տարեկանը: Նա առաջարկել է հանել տարիքային սահմանափակումն ու որպես ստաժ հաշվարկել նաեւ քաղաքացիական ծառայության ստաժը: