Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի ընտրությունից դեռ ուշքի չեկած` առջեւում պատգամավորներին վիճակված է ընտրել ՀՀ վարչապետին: Ինչպես հայտնի է՝ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, իսկ առաջադրումներն էլ տեղի կունենան ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում:
Բայց վարչապետի ընտրությունն իր բնույթով տարբերվելու է նախագահի ընտրության կարգից: Առաջին հերթին վարչապետի թեկնածուին պետք է ներկայացնեն ոչ թե որեւէ համամասնությամբ, ինչպես, օրինակ, եղավ նախագահի դեպքում (հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը), այլ խորհրդարանական ցանկացած խմբակցության կողմից: Եվ եթե նախագահի ընտրության դեպքում այն տեղի ունեցավ փակ, գաղտնի քվեարկությամբ, ապա վարչապետի պարագայում այդպես չի լինելու. քվեարկությունն անվանական է կատարվելու, այսինքն՝ բաց: Սակայն սա նախագահի եւ վարչապետի ընտրությունների միակ տարբերությունը չէ: Եթե Արմեն Սարգսյանին խորհրդարանում ընտրեցին ձայների 3/5-ով, եւ իշխող ՀՀԿ-ին անհրաժեշտ եղավ նաեւ իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի, նաեւ «Ծառուկյան» խմբակցության ձայները, ապա վարչապետի ընտրության պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզ է լինելու:
Ըստ Սահմանադրության` վարչապետը ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդարանում պատգամավորների թիվը 105-ն է, ձայների մեծամասնությունն էլ կազմում է 53 (հաշվարկը կատարվում է պատգամավորների ընդհանուր թվի, այլ ոչ թե նիստին ներկաների քանակով): Հանրապետական խմբակցությունում պատգամավորների թիվը 58-ն է. բնականաբար հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու վարչապետի ամենահավանական թեկնածու Սերժ Սարգսյանի աչքին հերթական անգամ բարձրանալու ձգտումը` բնական է, որ այդ օրը ՀՀԿ-ում բացականեր չեն լինի, անգամ չի բացառվում, որ ականատես լինենք մի իրողության, երբ խորհրդարանական առնվազն երեք խմբակցությունները` ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները, մեկ մարդու նման այդ օրը կազմ-պատրաստ ներկայանան խորհրդարան: Եթե նույնիսկ լինեն բացակայություններ /բնականաբար` հարգելի/, ապա ԱԺ կանոնակարգ-օրենքի նորամուծության շնորհիվ` պատգամավորներն իրենց քվեարկությունը կարող են արտահայտել նաեւ գրության միջոցով, եւ խմբակցությունն իրավասու է նրա փոխարեն քվեարկել:
Ստացվում է՝ ՀՀԿ-ին վարչապետ ընտրելու հարցում պետք չէ անգամ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի 7 պատգամավորից բաղկացած խմբակցության ձայները: Իսկ «Ծառուկյան» խմբակցության ձայների կարեւորության մասին խոսելն առավել եւս անիմաստ է:
Սակայն բնական է, որ ՀՀԿ-ն չի ցանկանա Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնել միայն իր ձայների շնորհիվ, որպեսզի ապացուցի, որ Սերժ Սարգսյանն «անփոխարինելի», «համազգային» վարչապետ է նաեւ ուրիշների համար: Եվ եթե փակ քվարկության ժամանակ պատգամավորների մեջ կլինեին այնպիսինները, ովքեր կփորձեին շրջանցել ընդհանուր որոշումը, ինչպես եղավ Արմեն Սարգսյանի դեպքում, ապա վարչապետի քվեարկության ժամանակ դա իսպառ կբացառվի: Այս առումով հետաքրքիր իրավիճակում է հայտնվելու «Ծառուկյան» խմբակցությունը. ինչպես պետք է համընդհանուր որոշման դեպքում ընդդիմադիր խմբակցության անդամները քվեարկեն կողմ Սերժ Սարգսյանին: Չնայած դժվար չէ ենթադրել, որ նրանք, այնուամենայնիվ, կգտնեն հիմնավորումներ` Ս. Սարգսյանին կողմ քվեարկելու համար:
Իսկ ինչ հնարավոր սցենարներ են առկա Սահմանադրությամբ, եթե ինչ-ինչ պատճառներով վարչապետ չընտրվի: Սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Իսկ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: Բայց պարզ է, որ այս տարբերակը գոնե Սերժ Սարգսյանի թեկնածության դեպքում կբացառվի:
Ինչ վերաբերում է ընտրությունից հետո վարչապետի գործունեությանը, նկատենք` Սահմանադրության համաձայն` կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Հետաքրքիրն այն է, որ հանրապետության նախագահի կողմից այս պաշտոններում անձանց նշանակումը ձեւական բնույթ է կրում: Բանն այն է, որ եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով: Արդեն կառավարության կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` կրկին պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Քանի որ նման ընտրությունները Հայաստանում անցնցում են կատարվում, ապա այս սցենարները մեր երկրի դեպքում անիրական են:
Նաիրա Հովհաննիսյան