Փաշինյանի թիմը պատրաստ է «Ելք»-ից առանձին պայքարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքի ներկայացուցիչները մի քանի օր է` քննարկում եւ այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս Սերժ Սարգսյանի` արդեն վարչապետի պաշտոնում հետագա պաշտոնավարումը կանխելուն ուղղված պայքարի մարտավարության հարցում: ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը հայտարարել էր, թե «Ելք»-ում մեծամասնությունը դեմ է ՔՊ առաջարկած ճանապարհային քարտեզին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանի հետ:

-Տիկի՛ն Նազարյան, «Ելք» դաշինքից Ձեր գործընկեր Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ դաշինքի մեծամասնությունը դեմ է ՔՊ առաջարկած ճանապարհային քարտեզին: Ինչո՞ւ չեք փորձում ընդառաջ գնալ ԼՀԿ անդամներին:

-Նախ պայմանավորվել ենք, որ կանենք խմբակցության նիստ, եւ որոշումը կհրապարակվի: Այդ ժամանակ էլ պարզ կլինի` մեծամասնությունը դեմ է, թե կողմ: Քանի դեռ չենք արել, ես ինքս չգիտեմ` ինչու են այդպես ասել: Կլինի որոշում, ըստ այդմ` կերեւա:

-Հնարավոր է` ստացվի այնպես, որ ԼՀԿ-ն չմասնակցի «Քաղաքացիական պայմանագրի» նախանշած երթերին, որ պետք է կայանան ապրիլի 1-ին եւ 3-ին:

-Իսկապես դժվարանում եմ հստակ բան ասել, ինչն ինձ էլ դուր չի գալիս: Քանի դեռ որոշում չկա, խուսափում եմ մեկնաբանություններ տալ:

-Քննարկվում է այն տարբերակը, որ Էդմոն Մարուքյանի թիմն առանձին պայքարի, Նիկոլ Փաշինյանի թիմն` առանձին:

-Նույն կերպ եմ պատասխանելու. քանի դեռ չունենք հստակ որոշում, չեմ ուզում որեւէ մեկին առանձնացնել` ինչ-որ բանի հետ կապված: ԼՀԿ-ն ոչ թե առաջարկում է, այլ մանրամասն քննարկում է մեր առաջարկը եւ ունի մտահոգություններ, որոնք արտահայտում է:

-Կոնկրետ Ձեր դիրքորոշումը ո՞րն է` որպես քաղաքական գործիչ:

-Քանի որ փողոցային պայքարի առաջարկը ներկայացվել է մեր կուսակցության կողմից, հետեւապես ես պաշտպանելու եմ այդ առաջարկը: Անկախ ամեն ինչից` մենք գնալու ենք այդ առաջարկով: Այսինքն` մեր առաջարկը չի տուժելու, անկախ նրանից` մեր գործընկերները կհամաձայնեն, թե չեն համաձայնի: Բայց մեր ցանկությունն է, եւ մենք համբերատար սպասում ենք, պատասխանում ենք հարցերին, շտկումներ ենք անում ընթացքում, լսում ենք մարդկանց մտահոգությունները, որպեսզի կարողանանք համաձայնության գալ:

-Այսինքն` անկախ որոշումից` Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ մյուս ներկայացուցիչները լինելու են հրապարակում:

-Այո՛:

-Էդմոն Մարուքյանը դեռեւս 2014 թվականին էր ասում` ինքը երբեք որեւէ մեկի հրաժարականը չի պահանջել, Իսկ Նիկոլ Փաշինյանն այժմ առաջարկում է փորձել կանխել Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը: Այսինքն` հիմնական անհարթությունը Մարուքյանի եւ Փաշինյանի միջե՞ւ է:

-Ո՛չ, չէի ասի: Երեք կուսակցությունների համար էլ անընդունելի է Սերժ Սարգսյանի` փաստացի 3-րդ ժամկետը: Խնդիրն ավելի շատ մեթոդական է, եւ դա էլ քննարկվում է:

-Բայց դաշինքում, ստացվում է` տարաձայնություններն իսկապես շատ են, որ մեկ օրում չստացվեց համաձայնության գալ:

-Դրա վրա մի՛ զարմացեք, որովհետեւ տարաձայնություններ եղել են, կան ու կլինեն: Դա նորմալ է. վերջում մենք միայն շահում ենք:

-Եթե, ի վերջո, կոնսենսուս չլինի, առանձին ճակատներով պայքարելո՞ւ եք:

-Եթե կոնսենսուս չլինի, ՔՊ-ն իր ներկայացրած ծրագիրն իրականացնելու է` որպես ՔՊ:

-Այսինքն` ոչ թե արդեն դաշինքի անունից:

-Այո՛, այո՛:

-Դաշինքում, փաստորեն, առանձնանալո՞ւ եք իրարից:

-Չեմ համարում, որ դա կարող է դաշինքի անդամների փլուզման պատճառ դառնալ: Մենք կարող ենք այդպես որոշել, այդպես գործել: Մեր ցանկությունը փլուզումը չի, դրա համար համբերատար ներկայացնում ենք մեր առաջարկները:

-ԼՀԿ-ում չեն հավատում, որ փողոցային պայքարով կարելի է հասնել նրան, որ կանխվի Սերժ Սարգսյանի վարչապետությունը:

-Այդ մեկնաբանություններն արդեն ԼՀԿ-ից ուզեք, էլի: Մենք լսում ենք իրենց մտահոգությունները, բայց ես չեմ համարում, որ իրենցը պետք է ներկայացնեմ: Եթե հարկ են համարում իրենք` հրապարակավ ինչ-որ բաներ են հայտնում:

-Այո, հրապարակավ ներկայացնում են իրենց դիրքորոշումը եւ փորձում մեղադրական սլաքներն ուղղել ՔՊ կողմ:

-Չեմ կարծում, որ մեղադրում են, ինչ կա մեղադրելու:

-Այսօր կամ առաջիկա օրերին նորից հավաքվելո՞ւ եք` քննարկման համար:

-Այսօր չէ, գուցե վաղը: Բնականաբար, օդում կախված չենք թողնելու այս հարցը:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս