«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի Հանրապետության ղեկավարության սրտով չէ: Պատճառն Արցախի ղեկավարության եւ ժողովրդի համար ամենակարեւոր հարցին` ղարաբաղյան խնդրին է առնչվում: Արցախի իշխանությունները չեն կարծում, թե Սարգսյանն այս հարցում կարող է իր նպաստը բերել եւ, ընդհանրապես, ճիշտ ներկայացնել հարցի էությունը:
Արցախի իշխանություններն այնքան էլ համոզված չեն, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի` Արմեն Սարգսյանը կարող է այս հարցը ներկայացնել տարբեր ամբիոններից, առաջարկներով հանդես գալ եւ այլն:
Նշենք, որ փետրվարի 16-ին դեռեւս ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում գտնվող Արմեն Սարգսյանը մեկնել էր Արցախ, որտեղ հանդիպել էր Արցախի ԱԺ նախագահի, իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հատկանշական է, որ քաղաքական դաշտի ընդդիմադիր գործիչների հետ Արմեն Սարգսյանը հանդիպում չի ունեցել: Ղարաբաղի իշխանությունները նրան բազմաթիվ հարցեր են տվել ԼՂ խնդրի հետ կապված: Սակայն Սարգսյանի պատասխանները չեն գոհացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հետագայում ԼՂ իշխանությունները ներքին քննարկումների ժամանակ բացասաբար են արտահայտվել Արմեն Սարգսյանի մասին:
Ինչեւէ, ներկայում Արցախից, իհարկե, հերքում են այն տեղեկությունը, թե Արմեն Սարգսյանի` ՀՀ նախագահ դառնալու առթիվ մտահոգություններ ու վերապահումներ կան: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ արցախյան քաղաքական դաշտի ներկայացուցիչներից:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Հանրապետության խորհրդարանի ամենամեծ խմբակցության` «Հզոր հայրենիքի» պատգամավոր Արթուր Թովմասյանի հետ, որն, ի դեպ, վաղուց է ճանաչում մեր երկրի նորընտիր նախագահին: «Արմեն Սարգսյանին գիտեմ, երբ ես Ազգային ժողովի նախագահ էի, ինքը` ՀՀ վարչապետ: Առաջին այցը նա Արցախից է սկսել»: Հարցին` ի՞նչ կարծիք ունի Արմեն Սարգսյանի մասին, Թովմասյանն ասաց. «Քանի որ մենք միեւնույն բնագավառի մասնագետներ ենք. ես էլ եմ ճշգրիտ գիտությամբ զբաղվում, լավ կարծիքի եմ նրա մասին եւ որպես մասնագետ, ինչու չէ` նաեւ որպես ղեկավարի»: Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունեն Արմեն Սարգսյանից Արցախում, փորձեցինք ճշտել Թովմասյանից: Պատգամավորը նշեց, որ միանգամայն համոզված է` Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Սարգսյանը փայլուն աշխատանք կկատարի:
Դիտարկմանը, թե այդ լիազորությունները բավական սահմանափակվել են, եւ նորընտիր նախագահին քիչ լիազորություններ են մնում, «Հզոր հայրենիք»-ի պատգամավորն արձագանքեց. «Այն լիազորությունները, որ փոփոխություն է կատարվել, դա Արմեն Սարգսյանից չի կախված, այլ ՀՀ մեր հայրենակիցները Սահմանադրության փոփոխություններին կողմ են քվեարկել, եւ այդ առումով խնդիր չեմ տեսնում: Որքան լիազորություն կա, դրա շրջանակներում ինքը կկարողանա կատարել»: Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում, մասնավորապես ղարաբաղյան խնդրում ի՞նչ ակնկալիքներ կան, պատգամավորը նշեց. «Ղարաբաղյան խնդրի հետ կապված ոչ միայն Արմեն Սարգսյանից ակնկալիք կա, այլեւ համայն հայությունից. ե՛ւ սփյուռքի մեր հայրենակիցներից, ե՛ւ Հայաստանի Հանրապետության: Սարգսյանը դեսպան էր մինչեւ նախագահ ընտրվելը, եւ ինքը քաջատեղյակ է ոչ միայն բանակցային գործընթացի ներկա փուլին, այլեւ բանակցային գործընթացի ամբողջ պատմությանը»: Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Արցախում մտահոգություն կա Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, Թովմասյանն ասաց. «Չգիտեմ` որ գործիչներն են այդ մտահոգությունը հայտնել, համենայնդեպս, «Ազատ հայրենիք, կուսակցությունում այդպիսի մտահոգություններ չկան: Մենք միշտ էլ ողջունել ենք ՀՀ մեր հայրենակիցների դիրքորոշումը ցանկացած ընտրության վերաբերյալ: Եվ մենք պատրաստ ենք աշխատելու այն մարդկանց հետ, ում դրել է ժողովուրդը խորհրդարանում»: Թովմասյանը ցանկություն հայտնեց նաեւ, որպեսզի համայն հայության ջանքերով արցախյան խնդրի վերջնական լուծումն Արմեն Սարգսյանը գտնի»:
Ինչեւէ, փաստն այն է, որ ղարաբաղյան խնդրի մասով Արմեն Սարգսյանը դեռեւս իր մոտեցումները չի հայտնել:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ