Սերժ Սարգսյանը կրկնեց 1920թ. դաշնակցական կառավարության վրիպումը. «ֆուտբոլային դիվանագիտության» էջը փակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. գարնան առաջին օրը Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց 2009թ. կնքված հայ-թուրքական արձանագրությունները: Հայաստանի արտաքին քաղաքական խոշորագույն այս իրադարձությունը, սակայն, լայն արձագանք այդպես էլ չստացավ: Մինչդեռ խորհրդանշական է, որ Սերժ Սարգսյանը հենց մարտի 1-ին` իր իշխանությունը զենքի ուժով հաստատելու 10-ամյակին, փակեց բացառապես արտաքին լեգիտիմություն ստանալու համար նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» էջը:

Նախ նկատենք, որ Սերժ Սարգսյանը, չեղարկելով արձանագրությունները, փաստորեն, ի կատար ածեց աշնանը իր տված խոստումը, ինչը հաճախ պատահող երեւույթ չէ Սարգսյանի քաղաքական կենսագրության մեջ: Սակայն այդ խոստման իրագործումը կատարվեց այնպիսի մի պահի, որպեսզի հանրության ուշադրությունն անհրաժեշտ չափով չկենտրոնանա դրա վրա: Մարտի 1-ը 2008թ. արյունալի իրադարձությունների 10-րդ տարելիցն էր, որի վրա էր սեւեռված քաղաքացիական հասարակության ուշադրությունը, իսկ հաջորդ օրը խորհրդարանում տեղի ունեցավ Արմեն Սարգսյանին ՀՀ 4-րդ նախագահ կարգելու գործընթացը:

Նման իրավիճակում լիովին բնական էր, որ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը չպետք է դառնար հանրային լայն քննարկման առարկա` առավել եւս հաշվի առնելով դրա արտաքին քաղաքական բնույթը, որը հեռու է հասարակությանը հուզող առօրյա-կենցաղային խնդիրներից: Եվ Սարգսյանի հաշվարկն էլ լիովին պարզ էր, քանզի արձանագրությունների չեղարկումը նշանավորում էր նրա նախագահության հիմնարկեքը համարվող նախաձեռնության տապալումը: Բավական է ասել, որ այդպիսի վիթխարի ձախողումը արեւմտյան ժողովրդավարական երկրներում անխուսափելիորեն կհանգեցներ իշխանության հրաժարականին: Մինչդեռ հայաստանյան համատարած անպատասխանատվության պայմաններում Սարգսյանը որեւէ մեկին հաշվետու չէ եւ ունակ է սոսկ հայտարարելու, որ առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման էլ կարելի է զարգանալ:

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի, ինչպես ՀՀԿ-ականները կասեին` «չերչիլա-դըգոլյան» անհետեւողականությունը սեփական մտքերի ու հայտարարությունների նկատմամբ, հարկ է հիշատակել նրա իրական կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ, որը նա բարձրաձայնել էր դեռեւս 2005թ. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրեյդի առաջ. «Հայաստանի բարգավաճումն ու զարգացումը, վերջիվերջո, կախված է Թուրքիայի հետ սահմանների բացումից, որը մեզ կդարձնի երեք անգամ ավելի ազատ, քան կանք այժմ»:

Ելնելով 2005թ. Սարգսյանի համոզմունքից` Հայաստանը, հեռանալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս ձեւաչափից, այժմ ընտրում է չզարգանալու ու չբարգավաճելու ճանապարհը: Դեռեւս 2015թ. վերջին խոսելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների չկարգավորված դրությունից` Սերժ Սարգսյանը հոխորտում էր, որ Հայաստանը հարմարվել է իրավիճակին ու չպետք է հույս դնի հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա: Ըստ նրա` պետք էր ընդունել, որ Հայաստանն արեւմուտքից ու արեւելքից շրջապատված էր անանցանելի ճահիճներով եւ վերջ: Սակայն այդ ելույթից 5 ամիս անց տեղի ունեցավ Քառօրյա պատերազմը` լիովին սնանկ ճանաչելով զարգացման սարգսյանական այս տեսլականը ու ցույց տալով, որ ճահիճները ոչ միայն անանցանելի չեն, այլեւ կարող են նույնիսկ կրակել:

Եվ ահա հիմա կրկին Սարգսյանը դաս չի քաղում իր նախորդ դառը փորձից եւ առաջարկում է զարգանալ` մոռանալով Թուրքիայի գոյության մասին: Իսկ Սարգսյանն արդյո՞ք իրեն հաշիվ տվել է, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, եթե արեւմուտքից մերժված Թուրքիան 20-րդ դարասկզբի պես կրկին սեւեռվի արեւելքի ուղղությամբ, մասնավորապես 100 տարի անց իր գոյության մասին կրկին մոռանալ ցանկացող Հայաստանի վրա:

Ահա այստեղ է, որ կրկին բախվում ենք իշխանության անպատասխանատվության խնդրին, երբ իշխող վերնախավը գործում է բացառապես իրավիճակային շահերով: Այդպիսին էր Սարգսյանի մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս, երբ դրանով լրացնում էր իր արտաքին լեգիտիմության դեֆիցիտը, եւ այժմ` գործընթացի ավարտին, երբ «հայրենասիրական» քայլով սիրաշահում է սփյուռքին ու նախապատրաստվում վարչապետությանը մաքուր էջից: Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց, թե ինչ շահեց Հայաստանը ֆուտբոլային դիվանագիտությունից, բացառությամբ Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողովին համաձայնություն տալուց։

Եվ եթե այդ արձանագրությունները համապատասխանում էին Հայաստանի շահերին, ապա ինչու է հենց Հայաստանը դրանք չեղարկում: Ի վերջո, Հայաստանին հաջողվել էր փաստաթուղթ ստորագրել Թուրքիայի հետ, որը 1993թ. ապրիլին հրաժարվել էր այդ քայլից: Արձանագրությունների ստորագրումը հաջող ֆունդամենտ էր վավերացման համար, եւ անգամ ինչ-որ պահի լիովին հնարավոր էր, որ Թուրքիան գնար այդ քայլին` կախված աշխարհաքաղաքական հարմար իրավիճակից:

Իսկ հիմա արդեն հարաբերությունների կարգավորման գործնական ձախողումից հետո հայ-թուրքական կնճիռը ավելի է բարդացել` լրջորեն բարդույթավորելով երկու կողմերին: Վերջապես, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չվավերացրեց արձանագրությունները` Թուրքիային փաստի առաջ կանգնեցնելով: Այդժամ Հայաստանը Թուրքիայի հետ կունենար կնքված համաձայնագիր, ինչը անհամեմատ լավ է առանց հարաբերությունների ներկայիս անորոշ վիճակից` հատկապես հաշվի առնելով թուրքական իշխանության ներկայիս ծայրահեղ ազգայնամոլական բնույթը: Մի՞թե կարիք կա բացատրելու, որ Հայաստանի անվտանգության ու ապահովության թերեւս բացառիկ երաշխիքը Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններն են:

Անշուշտ, Թուրքիայի կողմից չվավերացված արձանագրությունները այդ երաշխիքը չէին, սակայն անհրաժեշտ պահին ունակ էին զսպող դեր կատարելու, եթե հանկարծ Թուրքիան սեփական քաղաքական հավակնությունները բավարարել փորձեր Հայաստանի հաշվին: Առայժմ Սերժ Սարգսյանը կրկնեց 1920թ. դաշնակցական կառավարության վրիպումը, ինչը, հուսանք, նույն ճակատագրականությունը չի ունենա։

Ն. Հովսեփյան




Լրահոս