Բյուջեի ընձեռած սուղ պայմաններում մշակույթի նախարարությունն ինչպե՞ս է խնայել և որտե՞ղ է ուղղել խնայողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հայտնել էր, որ 2017-ին 17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել եւ վերադարձվել պետական բյուջե:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ մշակույթի նախարարությանը հարցում է արել՝ պարզելու համար՝ 2017-ին քանի՞ հուշարձանի վերականգնման աշխատանք է ավարտվել, որո՞նք են դրանք, 17 միլիոն դրամ խնայողությունը ի՞նչ միջոցների հաշվին է գոյացել, նախարարությունը որտե՞ղ է նախատեսում այդ 17 միլիոն դրամն ուղղել: Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը պատասխանել է, որ 2017-ին ավարտվել է 3 հուշարձանի վերականգնման աշխատանք, դրանք են՝ Սյունիքի մարզի Վաղատին համայնքի Որոտնավանք վանական համալիրը, ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի Արտավազիկ եկեղեցին, ՀՀ Տավուշի մարզի Գոշի դամբարանը:

Իսկ մեր այն դիտարկմանը, թե մշակույթի նախարարության ներկայացուցիչները տարբեր առիթներով նշել են, որ հուշարձանների վերականգնմանը հատկացվող տարեկան գումարի չափը բավական սուղ է, այս դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ 2017-ին դեռ մի բան էլ հաջողվել է խնայել, նախարարի տեղակալը պատասխանել է. «Խնայողությունը գոյացել է 2017թ. պետբյուջեով նախատեսված գումարի հուշարձանների վերականգնման մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների՝ ավելի ցածր գնային առաջարկի տարբերությունից: Նշյալ գումարը չենք կարող նախատեսել որեւէ հուշարձանի համար, քանի որ կարգի համաձայն` այն վերադարձվել է պետբյուջե»:

Հայտնի է, որ 2006 թվականից իրականացվում են Քոբայրավանքի վերականգնման աշխատանքները: Մենք հետաքրքրվել ենք՝ 2006-2017թթ. ընթացքում մշակույթի նախարարությունը որքան գումար է հատկացրել Քոբայրավանքի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար եւ նույն նպատակով որքան գումար է նախատեսում մշակույթի նախարարությունը տրամադրել 2018-ին: Մենք խնդրել ենք նշել նաեւ մասնավոր ներդրումների չափը, եթե դրանք առկա են: Մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ 2006 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը Քոբայրավանքի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար հատկացրել է 211 միլիոն 722 հազար դրամ, աշխատանքներն իրականացվել են բացառապես պետական միջոցների հաշվին, մինչ օրս մասնավոր ներդրման առաջարկ նախարարությունը չի ստացել:

«Միեւնույն ժամանակ նշենք, որ 2006-2017թթ. իրականացվել են Մայրամաշենի եւ կից սրահի վերականգնման եւ ամրակայման, որմնանկարների ամրակայման եւ դրանց պահպանման նպատակով այդ հատվածների ժամանակավոր ծածկի, զանգակատան վերականգնման աշխատանքները: 2018-ին հատկացվել է 30 միլիոն 200 հազար դրամ՝ սեղանատան ամրակայման, վերականգնման եւ գլխավոր եկեղեցուն կից մատուռի որմնանկարների պահպանության նպատակով ծածկերի նորոգման աշխատանքների համար»,-ասված է պատասխանում:

Հավելենք, որ անդրադառնալով հուշարձանների վերականգնմանն առնչվող բարդություններին՝ Արմեն Աբրոյանը նշել էր՝ այդ առումով առանձնանում են հատկապես վանական համալիրներն ու ամրոցները, որոնք ավելի մեծ ուժ ու ֆինանսներ են պահանջում:

Նշենք նաեւ, որ այս տարի պետբյուջեի միջոցներով 15 հուշարձանի ուսումնասիրման, այդ թվում՝ պեղումների, ինչպես նաեւ նախագծման ու վերականգնման աշխատանքներ կիրականացվեն: Այս տարի հուշարձանների վերականգնման համար հայտարարված մրցույթին բավական ակտիվություն է նկատվել, օրինակ` 6 հուշարձանների դեպքում 13 կազմակերպություն է դիմել: Նախատեսված է կյանքի կոչել Ամբերդի ամրոցի վերականգնման աշխատանքները: Ընթացիկ տարում կշարունակվեն Լոռու բերդի պարսպի ամրակայման, ինչպես նաեւ տեղի միջնադարյան բաղնիքի վերականգնման աշխատանքները: Սա կլինի միջնադարյան բաղնիք վերականգնելու առաջին փորձը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս