ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողություն սուրճ պատրաստող սարքից. տեսախցիկը ֆիքսել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանում սուրճ պատրաստող սարքից գողություն կատարած անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018թ. լույս մարտի 13-ի գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երեւան քաղաքի կենտրոնում գտնվող ՍՊԸ-ին պատկանող մետաղյա պահարանի, ապա նաեւ դրա մեջ գտնվող սուրճ պատրաստող սարքի դռները եւ հափշտակել մետաղադրամներ ընդունող եւ մանրը վերադարձնող սարքը, դրամատուփը եւ մետաղադրամները:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված գլխարկով երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որեւէ տեղեկություն ունեն դեպքի վերաբերյալ, ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:




Լրահոս