ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳՆ՝ ԸՍՏ ԱՎԱԳՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական հիերարխիան՝ ըստ ավագության պետական բարձրաստիճան պաշտոնների, ուշագրավ դասավորվածություն է ունենալու: Չնայած պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացված են ՀՀ վարչապետի ձեռքում, եւ ըստ էության վարչապետն է լինելու պետության իրական ղեկավարը, սակայն «Պետական արարողակարգի մասին» օրենքի նախագծի համաձայն` նա լինելու է երկրի երկրորդ պաշտոնյան: Առաջին պաշտոնյան համարվում է ՀՀ նախագահը, որը չնայած խիստ սահմանափակ, սիմվոլիկ լիազորություններին` նոր Սահմանադրության համաձայն` պետության գլուխն է համարվում:
Չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք մի իրողության, երբ Արմեն Սարգսյանը չմասնակցի տարբեր պաշտոնական միջոցառումների, որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանը լինի «առաջին ջութակը»: Մանավանդ օրինագծում հետաքրքիր նրբություն կա. «Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության Նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին»: Ի դեպ, չնայած նախագահն է ստորագրելու միջազգային պայմանագրերը, սակայն օրինագծով նախատեսված է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու վարչապետի ներկայությամբ. այսինքն՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, վերահսկելու է պետության գլխին:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, որը շուտով զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը, ապա նա երրորդ պլան է մղվելու. «Ժողովուրդ» օրաթերթը նախագծից պարզեց, որ ըստ արարողակարգի` առաջին փոխվարչապետը միայն վեցերորդ պաշտոնյան է լինելու` հաջորդելով ոչ միայն ՍԴ նախագահին, այլեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Ստացվում է՝ պետության համար կարեւորություն ներկայացնող եւ արարողակարգային համարվող առաջին հինգ պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվելուց հետո մտադիր չէ հանդիպումներ ունենալ քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ինչպես դա արեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Փոխարենը, ըստ մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանն իր վարչապետության հարցի շուրջ քաղաքական շրջանակներում առկա տրամադրությունները փորձել է շոշափել հենց Արմեն Սարգսյանի միջոցով, երբ վերջինս հանդիպումներ էր ունենում հասարակության բոլոր շերտերի հետ: Այլ կերպ ասած` խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հանձնարարականով շոշափել է նաեւ վերջինիս` վարչապետ դառնալու հեռանկարի մասով առկա տրամադրությունները: Նա հանդիպումների ժամանակ խոսակցություն է բացել այդ մասին, հարցրել այդ ուժերի կարծիքը` բնականաբար, ամեն ինչ Ս. Սարգսյանին զեկուցելու համար:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունը ծավալելու է մի քանի անգամ աճուրդի հանված, բայց այդպես էլ չվաճառված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքում: «Ժողովուրդ» օրաթերթը դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից փորձեց պարզել տեղեկությունը, ի պատասխան` նա ասաց. «Ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով սահմանված կարգով կանցնի իր գործառույթների իրականացմանը, իսկ մինչ այդ նախապատրաստական աշխատանքներն են ընթանում»: Հիշեցնենք, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից դեռ փետրվարին հայտնել էին, որ նախարարության` աճուրդի հանված շենքը այդպես էլ 6 ամիսների ընթացքում գնորդ չունեցավ, եւ արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել շենքի աճուրդային գործընթացը: Ստացվում է, որ իրականում շենքի աճուրդը կասեցվել է նորաստեղծ ԲԴԽ-ին համապատասխան տարածքով ապահովելու համար:

 

 

 

2018 թվականի փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿՀ-ից Ժիրայր Սէֆիլյանի կոչ-նամակը՝ «վատ այգեպանին վռնդելու» մասին, խառնաշփոթ է ստեղծել իշխանական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգը կրկին անցել է Սէֆիլյանի նկատմամբ վերահսկողության խիստ ռեժիմի: «Արմավիր» ՔԿՀ-ում Ժիրայր Սէֆիլյանին պահում են բացարձակ մեկուսացման մեջ՝ այնպիսի մասնաշենքում, որտեղ այլ կալանավորներ կամ դատապարտյալներ չկան, եւ որեւէ մեկը հնարավորություն չունի որեւէ կերպ հաղորդակցվել նրա հետ: Հետաքրքիրն այն է, որ նույն այդ ՔԿՀ-ում է պահվում հենց բանտից մոտ հարյուր դրվագով խարդախություններ կատարելու եւ քաղաքացիների գույքը հափշտակելու մեջ մեղադրվող Սպարտակ Դանիելյանը: Բայց ի տարբերություն Սէֆիլյանի` նա գտնվում է անհամեմատ ազատ վիճակում` ունենալով նոր հանցագործություններ կատարելու հնարավորություն: «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փորձել է հերքել Սէֆիլյանի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու մասին լուրերը: «Բոլորի նկատմամբ կալանավայրերում խիստ հսկողություն է»,- ասել է բանտապետը:

 

 

 

ՎԱԽԵՑԱ՞Ք
ՀՀ գլխավոր դատախազությունը վերջապես արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումին: Երեկ դատախազությունը (թեեւ խոստացել էր մեր հարցերին պատասխանել) հաղորդագրություն տարածեց, թե Փաշինյանը Մարտի 1-ի դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի: «Վերոգրյալից հետեւում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու եւ համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են»:
Դատախազությունից այլ պատասխան, թերեւս, դժվար էր ակնկալել: Պատճառը պարզ է՝ Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցն այդքան քաջություն չունի օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունները լիարժեք իրականացնելու, ըստ այդմ, Քոչարյանին հարցաքննության կանչելու համար: Ու սա պարզ էր ի սկզբանե. իրավապահ համակարգը, այդ թվում՝ դատախազությունը, օրվա իշխանությունների խամաճիկն են, այնպես որ, չեն գնա Մարտի 1-ի էջը վերաբացելու, ըստ այդմ, Քոչարյանին հարցաքննելու ճանապարհով:
Դա կանեն միայն մեկ դեպքում՝ եթե լինի Սերժ Սարգսյանի համապատասխան հրահանգը: Իսկ Սերժ Սարգսյանը, ինքներդ եք հասկանում, երբեք ու երբեք նման հրահանգ չի տա, քանի որ ինքն ու Քոչարյանն անբաժանելի կապով կապված են ոչ միայն Մարտի 1-ի գործի, այլեւ շատ ուրիշ իրադարձությունների շրջանակներում: Ուստի Քոչարյանին հարցաքննության կանչել, նշանակում է՝ նաեւ ցուցմունքներ կորզել Սերժ Սարգսյանի վերաբերյալ. ի վերջո, այդ օրերին Սարգսյանը վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, եւ ընտրակեղծիքներն ու դրան հաջորդած բռնություններն արվեցին նրա համար դեպի նախագահի պաշտոն ճանապարհ հարթելու նպատակով:
Դատախազությունը, իհարկե, մեր այս տեսակետը կարող է հերքել գործնականում, եթե Մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու ուղղությամբ կոնկրետ քայլեր անի: Քայլերն էլ պարզ են. ըստ նրանց` Փաշինյանը Մարտի 1-ի գործով չունի «քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ»: Փոխարենը այս գործով համապատասխան կարգավիճակ ունեն Մարտի 1-ի զոհերի հարազատները՝ որպես տուժողի իրավահաջորդ: Ուրեմն դատախազությունը կարող է հանձնարարել ՀՔԾ-ին Քոչարյանին հարցաքննել, օրինակ, եթե Մարտի 1-ի զոհերի ծնողները համապատասխան միջնորդություն ներկայացնեն: Եթե համապատասխան միջնորդությունից հետո չանեն այդ քայլը, նշանակում է` հիմնավոր են կասկածները, որ իրավապահ համակարգն անկախ չէ:




Լրահոս