ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԷՐ ՈՒՂԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին ԱԺ-ն կընտրի ՀՀ նոր վարչապետին: Մինչեւ այդ, թեեւ, մի կողմից` ՀՀԿ-ն փորձում է այս հարցի շուրջ առանձնապես մեկնաբանություններ չտալ, բայց մյուս կողմից` ինչպես հայտնի է` ՀՀԿ-ականների շուրթերին միայն Սերժ Սարգսյանի անունն է որպես վարչապետի պաշտոնի ամենաարժանավոր թեկնածու: Բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնը ստանձնելուց առաջ չի փորձելու քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալ եւ տրամադրությունները շոշափել, ինչպես դա արեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանն իր վարչապետության հարցի շուրջ քաղաքական շրջանակներում առկա տրամադրությունները փորձել է պարզել հենց Արմեն Սարգսյանի միջոցով: Ըստ այդմ, մինչեւ մարտի 2-ը, երբ Արմեն Սարգսյանը դեռեւս նախագահի թեկնածու էր, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում Սերժ Սարգսյանի հանձնարարականով շոշափել է նաեւ վերջինիս` վարչապետ դառնալու հեռանկարի վերաբերյալ տրամադրությունները: Նա հանդիպումների ժամանակ խոսակցություն է բացել այդ մասին` «ձեռքի հետ» խոսելով ապագա կառավարության ղեկավարի մասին, հարցրել այդ ուժերի կարծիքը` բնականաբար, ամեն ինչ շեֆին հասցնելու համար:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, պնդում էր. «Վարչապետի թեմայով որեւէ քննարկում «Ծառուկյան» դաշինքում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի եղել ընդհանրապես: Նման հարց չի քննարկվել, որովհետեւ քննարկման օրակարգը բացարձակապես այլ է եղել: Որեւէ տրամաբանություն չկար, որպեսզի նախագահի թեկնածուի` Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը մենք քննարկեինք վարչապետի հարց»: Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ այդ հարցը Սարգսյանը քննարկել է հանդիպումների ժամանակ, Զոհրաբյանն ասաց. «Մեզ հետ հանդիպման ժամանակ նման թեմա չի քննարկվել: Բառ, հնչյուն անգամ չի քննարկվել»: Իսկ ընդհանուր առմամբ ապագա վարչապետի թեկնածուի վերաբերյալ որեւէ հարցի Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ պատասխանել: «Ելք» խմբակցությունում ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են տեղեկությունը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Պարոն Սարգսյանին մեզ մտահոգող տարբեր հարցեր ենք ուղղել` մեզ ի գիտություն իմանալու համար: Բայց դա չենք հրապարակել, թե ինչ ենք խոսել եւ կարծում եմ` հիմա էլ դրա կարիքը չկա»: Ամեն դեպքում ապագա վարչապետի հարց քննարկվե՞լ է, Գորգիսյանը պնդեց, թե կոռեկտ չի համարում այդ մասին խոսել: Արտախորհրդարանական ուժերից Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավատացրեց, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ հարց չի քննարկվել: Միաժամանակ գործիչը հավելեց. «Մենք չենք կարող ազդել այս հարցի լուծման վրա: Մենք մեր տեսակետն ունենք, որ նոր մարդ, նոր մոտեցումներով մեկը լինի, ով կհամապատասխանի մեր ծրագրային դրույթներին: Եվ մեր այդ մոտեցումները ներկայացրել ենք Արմեն Սարգսյանին»: Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ Վազգեն Սաֆարյանը նույնպես նշեց, թե Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը տվյալ հարցը չի քննարկվել: Միաժամանակ Սաֆարյանն ասաց, որ ապագա վարչապետի վերաբերյալ իր կուսակցության կողմից կարծիքի արտահայտումը որեւէ բան փոխել չի կարող. չեն կարող հարցի վրա ազդել: Այդ իսկ պատճառով եթե վարչապետի պաշտոնում առաջադրվի հենց Սերժ Սարգսյանը, իրենք չեն էլ փորձելու որեւէ կերպ ընդդիմանալ այս որոշմանը: ՀԿԿ-ն, Սաֆարյանի խոսքով, կարեւորում է տնտեսական ճիշտ քաղաքականության իրականացումը, եւ իրենք հույս ունեն, որ կառավարությունը կփոխի իր քաղաքականությունն այս հարցում: «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռախոսազանգերին պատասխանող չեղավ: Սակայն, ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում կուսակցությունը ներկայացրել է իր մոտեցումները երկրի զարգացման վերաբերյալ, Արմեն Սարգսյանն էլ խոսել է իր տեսլականի եւ մոտեցումների մասին:
Ինչեւէ: Սերժ Սարգսյանը փորձում է անուղղակիորեն հասկանալ քաղաքական ուժերի տրամադրությունները: Հրապարակավ հիմնականում իր հարազատ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներն են խոսում, իսկ մյուսներն այս հարցում դեռեւս փորձում են լռություն պահպանել: Խնդիրն այն է, որ անկախ այս ուժերի տրամադրություններից, եթե Սարգսյանը որոշի վարչապետ դառնալ, նա ամենեւին ականջալուր չի լինելու որեւէ մեկի կարծիքին կամ հետեւելու նրա խորհրդին: Այս անձը մշտապես միանձնյա է կայացրել բոլոր կարեւոր որոշումները: Եվ այս դեպքում էլ դժվար թե բացառություն անի:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՊՈՆՉԻԿԱՍԵՐ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ
ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, որին «Թութակով Սամվելիկ» են անվանում, անցած տարվա համար դեռ հայտարարագիր չի ներկայացրել: Փոխարենը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում առկա է 2016 թ. ներկայացված հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ պաշտոնը ստանձնելու տարում 33.6 մլն դրամով բնակարան է գնել: Նրա փոխառությունների գումարը անցած տարվա վերջում կազմել է 120 հազար դոլար, իսկ դրամական միջոցները՝ 3 մլն 897 հազար դրամ, 5 հազար դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2015 թվականին նա ունեցել է 115 հազար դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որը ընդհանուր կազմել է 21 մլն 333 հազար դրամ, իսկ ստացված փոխառությունից տոկոսները կազմել են 23.4 մլն դրամ:
Պարզվում է՝ նրա կինը՝ Հրանուշ Աղայանը, ավելի հարուստ է, քան ամուսինը: 2016 թվականին նրա հայտարարագրած փոխառությունները կազմել են 75 հազար դոլար, իսկ դրամական միջոցները՝ 1 մլն 850 հազար դրամ, 190 հազար դոլար, 1250 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմում է 1 մլն 749 հազար դրամ: Նշենք, որ 2015 թվականին փոխնախարարի կինն ունեցել է 270 հազար դոլար: Մինչ այդ, նկատենք, որ չնայած այս ահռելի ունեցվածքին, նախարարությունում Մարգարյանը ուզում էր ցույց տալ, որ համեստ կենցաղ է վարում. սկզբում նա հեծանիվով էր աշխատանքի գալիս՝ թութակն ուսին, նաեւ պարբերաբար նախարարության միջանցքներում ընդմիջման ժամերին ցուցադրաբար պոնչիկ էր ուտում` ձեւացնելով, թե յուրօրինակ է: Իսկ մինչ փոխնախարար նշանակվելը նա զբաղեցնում էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:

 

 

 

ՊԱՏՎԻՑ ՑԱԾՐ
ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանն օրերս հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարողները քաղաքական պոռնիկներ են: Սա նշանակում է, որ նա ուղիղ տեքստով վիրավորել է ՀՀԿ-ականներին, քանի որ հենց իշխող կուսակցության անդամներն են պարբերաբար հայտարարում, թե վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանն ամենաարժանի թեկնածուն է եւ որ անփոխարինելի է: Ինչպե՞ս են արձագանքում ՀՀԿ-ականները:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես է արձագանքել. «Գրիշա Վիրաբյանն ով է, որ մի հատ էլ ես պատասխանեմ: Դուք ինչ-որ մարդու անուն եք տալիս, ասում եք` մեկնաբանի: Նման արտահայտություններն այդ մարդու մակարդակի մասին են խոսում, եւ ես իմ պատվից ցածր եմ համարում իջնել իր մակարդակին ու մեկնաբանել»: Մեր հարցին` արդյո՞ք նա ճանաչում է Վիրաբյանին, Շարմազանովը բացասական պատասխան տվեց: «Իրեն չեմ ճանաչում, արտահայտությունն եմ ճանաչում եւ նման արտահայտություն անողներին անդրադառնալու կարիք չեմ տեսնում»,- ասաց նա:

 

 

ՍՎԻՏԱԼՍԿԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Երեւան ՄՈԼ»-ում կանանց միամսյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես էր կազմակերպել, որտեղ ներկայացված են ֆոտոպատմություններ կին շահառուների մասին, որոնք ԵՄ-ից աջակցություն են ստացել` իրենց բիզնեսը զարգացնելու համար: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը: Նա շնորհավորել է ներկա կին ձեռնարկատերերին, ԵՄ-ից ֆինանսավորվող կամ ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի կին շահառուներին եւ հյուրերին:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Պաշտոնական այցով Ստոկհոլմում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայում առաջատար վերլուծական կենտրոնների ղեկավարության եւ բարձրաստիճան դիվանագետների հետ: Հանդիպմանն Է. Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել հայ-շվեդական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Նալբանդյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրին, դրա շրջանակներում համագործակցության հեռանկարներին: ԱԳ նախարարը ներկաներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Է. Նալբանդյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերվել են կովկասյան եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններին, միջազգային ասպարեզում գործընթացներին:

 

 

 

ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԿԱՆ
Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի փոխանցմամբ` Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում լուրջ խոչընդոտներ չկան: «Չգիտեմ, կվավերացվի արդյո՞ք համաձայնագիրն այս տարի, բայց ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում: Վավերացումը բարդ չեմ համարում, ինչպես Ուկրաինայի պարագայում էր, քանի որ այն ժամանակ Նիդերլանդներում հանրաքվե էր ընթանում»,-նշել է նա: Նա ընդգծել է, որ չգիտի` այս տարի կվավերացվի համաձայնագիրը ԵՄ անդամ երկրների կողմից, թե ոչ, բայց կարծում է, որ սա առանձնապես բարդ գործընթաց չէ: «Ինչ վերաբերում է ձեր կողմին, ապա ձեզ մոտ սահմանադրական փոփոխություններ եղան, դուք նոր վարչապետ եք ունենալու, այդ պատճառով, կարծես թե, ձեր կողմից ամեն ինչ հարթ կընթանա»,-ընդգծել է նա:
 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ
Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը: Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:




Լրահոս